Աֆրիկայի յուրաքանչյուր հինգերորդ բնակչին սպառնում է սովահարությունը 

Աֆրիկայի յուրաքանչյուր հինգերորդ բնակչին սպառնում է սովահարությունը 

ՄԱԿ Եգիպտոսի մշտական ներկայացուցիչ Ուսամա Մահմուդը հայտարարել է, որ Աֆրիկան մոտակա ժամանակներս կբախվի սովահարության երեւույթի հետ։ Այս մասին նա ասել է պարենային անվտանգության հարցերով ԱՄՆ-ում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ։ Եգիպտացի դիվանագետը մասնավորապես ասել է․ «Աֆրիկայի յուրաքանչյուր հինգերորդ բնակչին կարող է սպառնալ սովահարությունը։ Ընդ որում, այս մռայլ պատկերն այժմ չէ, որ ձեւավորվել է։

Այն սկսվել է դեռ պանդեմիայի ժամանակներում, եւ իրավիճակի այսօրինակ մռայլացմանը նպաստել են կլիմայական պայմանները, մասնավորապես՝ երաշտը, հեղեղումները, ցանքսերի ոչնչացումը։ Ուկրաինական ճգնաժամն էլ իր հերթին է խորացրել խնդիրը եւ շարունակում է դա մինչ այսօր, քանի որ խաթարվել են մատակարարումների համակարգերը, զգալիորեն բարձրացել են էներգառեսուրսների եւ հացահատիկեղենի գները»։

Ուսամա Մահմուդը շեշտել է, որ սովահարության վտանգի առաջ է կանգնած 300 միլիոն աֆրիկացի։ Ու հատկապես լուրջ է Եգիպտոսի եւ Սահարայում գտնվող երկրների բնակիչների վիճակը, որոնք չունեն բավարար ջրային պաշարներ։