Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 29

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 29

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։  Օր երեսուներորդ՝ ապրիլի 29:

2018թ․ ապրիլի 29

Հանրապետությունում դարձյալ փողոցներ են փակում, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը հայտարարում է, որ բուհերը լինելու են ամբողջովին ապաքաղաքական կառույցներ․ «Բուհերի ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցական անձինք։ Բուհում կուսակցական մարդու ներկայությունը բացասական ազդեցություն է ունենալու բուհի ինքնակառավարման վրա»։ Իրականում իշխանական ուժի ներկայացուցիչներ կան գրեթե բոլոր բուհերի ղեկավար օղակներում:

Նիկոլ Փաշինյանը ողջունում է Թաթա Սիմոնյանի նոր տեսահոլովակը. «Ջան, Թաթա ջան։ Շատ լավն է երգդ մեր շարժման մասին»: Գառնիկ Իսագուլյանը հերթական ահազանգն է հրապարակում. «Հասկանում եք, թե ոչ՝ չգիտեմ, բայց սա ձեր խաղը չէ, ու դուք պատկերացում էլ չունեք հետեւանքների մասին»: Ռուսաստանի քաղաքացի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը նկատում է. «Ես գիտեմ, թե ինչպես է տեղի ունեցել Մայդանը, ինչպես է տեղի ունեցել Վրաստանում եւ այն բոլոր տեղերում, որտեղ, ինչպես այդ խրտվիլակն է ասում՝ այդ, այսպես ասած, թավշային հեղափոխությունը: Չեն հայտարարում թավշյա հեղափոխություն, երբ սկսվում է պատերազմ կամ հեղափոխություն, ոչ ոք չգիտի, թե ինչպես է այն վերջանալու, ապա հետո արդյունքից միայն պարզ է դառնում դա թավշային էր, թե հիմար ու դեբիլ հեղափոխություն, որը կործանել է ու կկործանի այն, ինչ հնարավոր էր կործանել»:

Հեղափոխական Արարատ Միրզոյանը հայտարարում է. «Նոր մասնագետների ենք ներգրավելու, արտասահման մեկնածները հետ են գալու… Ստեղծելու ենք խումբ, որը լսելու է բոլոր հնարամիտ առաջարկները: Մենք էլ ապահովելու ենք այդ գործընթացի քաղաքական առաջնորդությունը՝ քաղաքական կամքը, որը բացակայել է նախորդ տասնամյակում: Դա քաղաքական կամք է, որը կերտելու է մեր երազանքների Հայաստանը»: Սակայն չեն լսում ո՛չ Իսագուլյանին, ո՛չ Միհրանյանին, հնարամիտ առաջարկներ լսող խումբ չի ստեղծվում:

2019թ․ ապրիլի 29

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած զեկույցի համաձայն, 2018 թվականին 2017-ի համեմատ երկու անգամ եւ 2016 թվականի համեմատ 3 անգամ ավելի շատ պետական մարմինները չեն պատասխանում լրագրողների եւ քաղաքացիների դիմումներին եւ հարցումներին: 

2020թ․ ապրիլի 29

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, անդրադառնալով «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանը, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը, ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով, Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը»: Նա կոռումպացված է որակում նաեւ երրորդ նախագահին եւ շրջապատին: Փորձագետներն արձանագրում են, որ սա նշանակում է, որ վարչապետի մամուլի խոսնակն իր վրա է վերցրել դատարանի գործառույթները, ու սա ուղղակի ճնշում է դատարանների վրա։ Ոչ ոք նախատինքի խոսք չի ասում ու լսում:

2021թ․ ապրիլի 29

Փաշինյանի թիմը հայտարարում է, թե Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը ТАСС գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, եւ նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Լրատվամիջոցները պարզում են, որ Ստանիսլավ Պրիտչինը չի աշխատում ՌԴ Արեւելագիտության ինստիտուտում։ Իսկ ТАСС-ն ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո է:

2022թ․ ապրիլի 29

Հայաստանը դարձել է տեղակալապետություն: Վարչապետն ունի երկու տեղակալ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը՝ հինգ, էկոնոմիկայի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարները՝ վեցական: Տպավորություն է, որ մեկ նախարարության մեջ այնքան ոլորտներ են խցկել, որ կարողանան ինչքան հնարավոր է շատ փոխնախարարներ նշանակել: Հայաստանում կա 12 նախարարություն՝ նախարար եւ 47 փոխնախարար: Իսկ ամենաարտառոցն ու անհեթեթը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ղեկավարած կառույցի վիճակն է: Վարչապետի աշխատակազմում կա 26 կառուցվածքային ստորաբաժանում՝ իրենց աշխատակիցներով, չորս օգնական եւ աշխատակազմի ղեկավարի հինգ տեղակալ: Մի քիչ մեծ աշխատակազմ չէ՞ բյուջեի վրա նստած: Հաստատ մեծ է, անգամ եթե տեղակալներից մեկը զբաղված է բացառապես ազատ լրատվամիջոցների դեմ պայքարով եւ ֆեյք «քշելով»:

Արեգ Մարգարյան