«Քայլում ենք, քայլում․․․» «Նիկոլի գործը վառ պահենք չէ», բայց քաղաքական ենթատեքստ ունի․փորձագետներ

«Քայլում ենք, քայլում․․․» «Նիկոլի գործը վառ պահենք չէ», բայց քաղաքական ենթատեքստ ունի․փորձագետներ

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը չի կարծում, որ «Քայլում ենք, քայլում ենք, քայլում ենք․․․» թեմայով շարադրությունները ՝ «Նիկոլի գործը վառ պահենք» է։ Այսինքն, դասական սովետական –լենինյան ոգով՝ նոմենկլատուրային հանձնարական։

Այլ բան է, որ, ասաց, երեխաներին հանձնարարված շարադրությունը քաղաքական ենթատեքստ ունի։

«Եթե հեղափոխական գաղափարների ներհոսքը սկսվի դեպի կրթական ոլորտ, այլ բան է, բայց միակ բանը, որ այս առումով կցանկանայի ասել, այն է, որ ի սկզբանե, հեղափոխությունից հետո նույն կրթության նախարարը հայտարարեց, որ դպրոցը պետք է զերծ լինի քաղաքականությունից և այն չպետք է ազդի կրթական պրոցեսների վրա։ Եվ փաստորեն, նման բաները այս պահին մի փոքր ասոցացվում են նոր վարչակազմի հետ» ,-ասաց իրավապաշտպանը։

Ամեն դեպքում՝ Զարուհին ասաց՝ նոր է եղել հեղափոխությունը, երևի թե ուզում են թեման թեժ պահել։ Հիշեցնենք, որ վերջերս «Հայոց լեզու» առարկայից քաղաքային օլիպմիադային հանձնարարվել էր գրել շարադրություն՝ «Քայլում ենք, քայլում ենք, քայլում ենք » թեմայով։

Ինչպես Hraparak.am –ին հայտնել էր դպրոցի տնօրենը, որտեղ անցկացվել էր օլիմպիադան, շարադրության թեման իրենց փակ ծրարով փոխանցել էր կամ քաղաքապետարանի,կամ ԿԳ նախարարության պաշտոնյան։

Ի դեպ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը հերքեց, թե իրենց մոտից է ծրարով նման թեմա փոխանցվել օլիմպիադայի պատրաստվող երեխաներին, իսկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ ծրարի մասին է խոսքը։ Ինչևէ, զրուցեցինք նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, ով գրեթե նույն գնահատականը տվեց, ինչ Զարուհին, ասելով, թե չի կարծում, թե եղածը մի մեծ խնդիր է։ «Բայց, կարծում եմ, որ ժամանակակից կրթության հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի այն, որ որքան հնարավոր է՝ երեխեքը քիչ մտածեն այն մասին, թե ինչքան հզոր են մեր ղեկավարները։ Անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ նախագահը, դպրոցը որևէ մեծարում չանի, որովհետև, այ, այդ տեսակի քայլերն են, որ խանգարում են, որ մեր երեխեքը ինքնուրույն դառնան, քննադատական մոտեցում ունենան, քաղաքացի՛ դառնան»։

Մեզ հետ զրույցում Սուսաննա Գալստյանը՝ թիվ 56 դպրոցի տնօրենը (այն դպրոցի, որտեղ անցել էր օլիմպիադան) ասաց, որ «թեման առնչվում է մեր օրերին» ու ոչ մի վատ բան չկա, որ երեխաներն այդ թեմայով շարադրություն են գրում, քանի որ իրենք էլ մասնակիցն են եղել ապրիլյան հեղափոխական իրադարձությունների։

Սերոբ Խաչատրյանն, ի պատասխան, նկատեց․ «Թող էրեխեն գրի դրա մասին, մենք բոլորս էլ գիտենք, որ էդ երգը էրեխու երգը չէր, դա կուսակցության երգն էր, որը հեղափոխության ժամանակ օգտագործվել է»։