Կան տարիքով գրողներ, որոնց միակ քննարկման հարթակն է, դո՞ւրս թողնել էդ մարդկանց կյանքից
Նոյեմբերի 25-ին Հայաստանի գրողների միությունը միաձայն, արդեն երրորդ անգամ նախագահ վերընտրեց բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին, ով այս պաշտոնին է 2013 թվականից սկսած: Գրողների միության անդամների համագումարը եւ այս մեկ թեկնածուով ընտրությունը շատերի քննադատությանն արժանացավ: Գրողները, որոնք սովորաբար ամենաակտիվ եւ քննադատորեն տրամադրված զանգվածն են եղել` մտավորականի սիմվոլ, երբեք այսքան համարվողական կեցվածք չեն ցուցաբերել: Առաջ նրանք ակտիվ էին թե հասարակական քաղաքական կյանքում և թե միության նախագահ ընտրելիս:
Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ինքը չի մասնակցել գրողների համագումարին և նախագահ չի ընտրել, որովհետև մեկ ամսով մեկնել է Գյումրի (նա Թումոյում է աշխատում), սակայն կարծում է, որ մեծ ողբերգություն չէ այս օրհասական շրջանում Միլիտոնյանի վերընտրվելու հանգամանքը: Մենք մի քանի հարց ենք ուղղել բանաստեղծին:
- Վիոլետ, իսկ ինչո՞ւ անձամբ համագումարին ներկա չէիք, չէ որ Դուք ՀԳՄ անդամ եք:
- Դե ես Գյումրիում էի, ո՞նց մասնակցեի: Թումոյի աշխատանքով եմ զբաղված, գործուղման եմ եկել: Այդ ընտրությանը չեմ մասնակցել, չեմ էլ կարծում, թե դա առանձնապես մի թեմա է:
- Թեման այն է, որ գրողները մի ժամանակ ըմբոստ էին, հիմա ապատիայի մեջ կարծես լինեն:
- Դե, Գրողների միությունը երբեք էլ առանձնապես միասնական բան չի արտահայտել: Գրողներից յուրաքանչյուրն առանձին` ամեն մեկն իր կարծիքն է ասում: Ո՞նց կարող է 500 հոգի մի տեղ նույն կարծիքն ունենալ ու մի բան ասել:
- Բայց գոնե նախագահ ընտրելիս հնարավոր է, չէ՞, այլընտրանքային թեկնածու առաջադրել, պայքարի նշույլներ ցույց տալ:
- Տեղյակ չեմ ոչ մի բանից: Աշխարհիկ կյանքով սկսել եմ չապրել: Մարինե Պետրոսյանն է գնացել:
- Այսինքն` եթե Գրողների միությունն ունի մի քանի հարյուր անդամ, ուրեմն չի՞ կարող միասնական դիրքորոշմամբ հանդես գալ որեւէ հարցում:
- Պիտի երկար մտածեմ, որ էս հարցին պատասխանեմ:
- Իսկ եթե Երևանում լինեիք, կմասնակցեի՞ք այդ ընտրությանը:
- Երկար տարիներ ա չեմ գնում, չգիտեմ հիմա ոնց կլիներ: Արդեն քանի տարի, վաղուց, ես Գրողների միություն ոտք չեմ դրել:
- Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը: Միությունն է ձանձրա՞լի, թե՞ ուրիշ պատճառ կա:
- Ես ինքս իմ գրական միջավայրն ունեմ, հիմա էլ քաղաքական էնպիսի վիճակ է, որ…. Ես ինքս գրական միջավայր ու խոսք եմ ստեղծում: Գրողների միությունն ահագին անդամ ունի, բայց ահագին գրական կազմակերպություններ էլ կան, էնպես չի, որ դա միակն է:
- Փաստորեն քիչ թե շատ ճանաչված գրողները, գրականագետները անտարբեր են միության հանդեպ: Ո՞ւմ է այդ դեպքում պետք Հայաստանի գրողների միությունը:
- Դե գուցե Ձեզ պետք չի, բայց այնտեղ կան գրողներ, որոնց պետք է:
- Բայց եթե հասարակությունն այս վիճակում է, իսկ գրողը ձայն չի հանում….
- Ոմանց համար Գրողների միությունն աշխատավայր է, գիրք են տպում, միջոցառումներ են անում, պետք չէ միանգամից ասել` պետք չէ, կամ պետք է: Գրողն առանձին անձ է:
- Դուք էլ փաստացի միության հետ ոչ մի հույս չեք կապում:
- Ոմանք կապում են, ոմանք` ոչ, ազատ աշխարհ ա: Ամեն մարդ մի ակնկալիք ունի, ոմանց համար Գրողների միությունը շատ կարևոր ա: Կան տարիքով գրողներ, որոնց միակ քննարկման հարթակն ա, միանգամից դո՞ւրս թողնել էդ մարդկանց կյանքից:
- Բայց որ երկրի այս վիճակից չեն էլ խոսում, ո՞ւմ է պետք, թե որտեղ ինչ կարծիք կասեն:
- Տեղյակ էլ չեմ, ճիշտն ասած: Բայց ինչքան գիտեմ ահագին մարդիկ արտահայտվում են, իմ շրջապատում շատ են արտահայտվողները, դրան էլ գումարած, Գրողների միությունը շատ վաղուց հայտարարությամբ հանդես եկել է:
- Մի քանի գրողներ են խոսում և վերջ:
- Վայ, շատ են: Մարինեին հարցնեք` կասի ովքեր են: Խաչիկ Մանուկյանն իր որդուն պատերազմի ժամանակ կորցրեց…. Խաչիկը ոնց որ մասնակցում էր: Շատ են գրողներից նրանք, ովքեր անընդհատ խոսում են, ֆեյսբուքով էլ տեսնում եմ:
- Դե, գոնե Խաչիկ Մանուկյանի նման գրողի թեկնածությունն առաջադրեին:
- Դե չգիտեմ, իրեն հարցրեք….
Կարծիքներ