Սուտ է, որ դպրոցական արձակուրդները կտևեն մինչև հունվարի 25-ը

Սուտ է, որ դպրոցական արձակուրդները կտևեն մինչև հունվարի 25-ը

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հերքում է իր լուսանկարով հրապարակված տեղեկատվությունը, թե ձմեռային դպրոցական արձակուրդները կտևեն մինչև հունվարի 25-ը։ Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ։

«Ձեր տոները երկու րոպեով ընդհատեմ տեղեկատվական այս աղբի վերաբերյալ հրապարակմամբ։ Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին։

 ‼️ Ստորև ներկայացվածը սուտ է, դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում։

‼️ Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ դրա իսկությունն անմիջապես ստուգել Կրթության և գիտության նախարարության կայքում՝ Edu.am, նախարարության կամ իմ ֆեյսբուքյան էջերում։ Եթե այն ճիշտ լիներ, ապա անմիջապես տեղ կգտներ տեղեկատվական մեր հարթակներում։ Տիրապետե՛ք այս պարզ հմտությանը ։) Ձմեռային արձակուրդների մասին տեղեկությունը՝ ստորև բերված հղմամբ, որը հրապարակվել է դեկտեմբերի 18-ին։ Ըստ այդմ՝ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ.հունվարի 20-ը ներառյալ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019թ. հունվարի 8-ից։