Դատ և մեքենաներով հետապնդում 3000 դրամի 10 կգ դեղձի համար

Դատ և մեքենաներով հետապնդում  3000 դրամի 10 կգ դեղձի համար

Արմավիր մարզի դատարանում այսօր նշանակված է Հենրիկ Գուրգենի Վարդանյանի դատաքննությունը։ Նա մեղադրվում է 2018թ. Օգոստոսի 12-ին 3000 դրամի 10 կգ դեղձ գողանալու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ժամը 13:00-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին` նկատելով Հայկ Հակոբյանի կողմից իր այգու դիմաց տեղադրված վաճառքի ենթակա դեղձով լի արկղերն ու օգտվելով սեփականատերերի բացակայության հանգամանքից, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ վերցրել է 10կգ տարողության 3000 ՀՀ դրամ արժողության դեղձով լի փայտե արկղն ու այն դրել է իր ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն այդ պահին Հայկ Հակոբյանի կինը` Աննա Խաչատրյանը նկատելով Հենրիկ Վարդանյանի գործողությունները մոտեցել է նրան, ու երբ Հենրիկ Վարդանյանը ցանկացել է նստել մեքենան Աննա Խաչատրյանը մոտ 14 մետր հեռավորությունից ձայն է տվել ու հարցրել, թե ինչ է անում, սակայն Վարդանյանը վարելով մեքենան հեռացել է:

Աննա Խաչատրյանն իր որդու՝ Տիգրան Հայկի Հակոբյանի հետ միասին, վերջինիս կողմից վարվող «ՎԱԶ 21-06» մակնիշի 28 SO 762հ/հ ավտոմեքենայով հետապնդել են Հենրիկ Վարդանյանին, փորձելով բռնել նրան, սակայն Վարդանյանը դեռևս չունենալով հափշտակված գույքը տնօրինելու հնարավորություն շարունակել է, ինչպես ձևակերպված է մեղադրական եզրակացության մեջ՝ նշված դեղձը արդեն բացահայտ հափշտակելուն ուղղված իր գործողություններն ու իր կողմից վարվող ավտոմեքենայով Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվելով իրենից վազանց կատարած Տիգրան Հակոբյանի «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենային, դիմել է փախուստի: