Լինչի դատաստան կամ սիրո ու համերաշխության հակառակ կողմը

Լինչի դատաստան կամ սիրո ու համերաշխության հակառակ կողմը

Ասում են` լավագույն նորը լավ մոռացված հինն է: Պատմությունը տարբեր ժամանակներում, բազում զուգահեռների մեջ հաստատել է այս խոսքի ճշմարտացիությունը:

Սակայն հաստատել է եւս մեկ բան` պատմությունը յուրահատկություն ունի կրկնվելու` իր վատթարագույն դրվագներով, եւ այդ կրկնության մեջ դեռեւս չմոռացված ու չմարսված հինը կարող է ներկայանալ ու հրամցվել որպես «լավագույն նոր»: 

Երբ հեղափոխության ոգեշնչող ռոմանտիզմը վերածվում է պարզունակ շահախնդրության, կարիք է լինում վերադառնալու ճնշումների ավանդական «հին ու բարի» մեթոդներին, որոնց միջոցով հնարավոր է դառնում հասարակության մեծ մասին մանիպուլացնել ու ուղղորդել ցանկալի ճանապարհով: Եվ քանի որ Հայաստանն այլեւս ժողովրդավար երկիր է (դեռ)` լեգիտիմ վարչապետով ու լեգիտիմ օրենսդիր մարմնով, հետեւաբար, ուղղակի ճնշումները՝ գոնե այժմ եւ գոնե մեծ մասով, բացառվում են, եւ փոխարինելու են գալիս անուղղակի ճնշումները: 
Ստեղծվել է մի անհեթեթ մթնոլորտ, երբ տիրող իրավիճակի ու մտայնությունների մասին հասկանալի է դառնում համացանցային գրառումների, «լայվերի» եւ դրանց «լայքերի» ու հայհոյախառն «քոմենթների» միջոցով: Ինչքան շատ են իշխանամետ գրառումների հավանումները, այնքան բարձր է իշխանության վարկանիշը:

Գրառումների տակ ինչքան շատ են քննադատողներին ուղղված սպառնալիքներն ու հայհոյանքները, այնքան բարձր է իշխանության լեգիտիմությունը: Որովհետեւ, ըստ այդ տրամաբանության, օրվա իշխանություններին քննադատողներն ուղղորդված են եւ կեղծ, իսկ նրանց սպառնացողներն ու հայհոյողները ՀՀ հպարտ քաղաքացիներն են` ժողովուրդը. ահա նոր իրավիճակի տրամաբանությունը` իր ողջ պերճանքով ու թշվառությամբ:  Եվ քանի որ իրավիճակն այսպիսին է, եւ ժամանակն է այդպես պարտադրվում` այս կամ այն ուժերի կողմից ստեղծվում եւ ուղղորդվում են կեղծ օգտատերերի բազմաթիվ խմբեր:

 Տպավորություն է, որ արտախորհրդարանական պաշտոնաթող մտահոգ ընդդիմադիրները՝ մի կողմից, մյուս կողմից՝ թավշյա իշխանավորները՝ իրենց հարակից արբանյակներով, Ֆեյսբուքում  ձեւավորել են կեղծ օգտատերերի մի հսկա բանակ ու պատերազմում են թե՛ միմյանց եւ թե՛ սեփական ժողովրդի դեմ: Եվ ստեղծված իրավիճակում չկաշկանդվող քննադատություններն ու քննադատողները թիրախավորվում են, իսկ սիրո եւ համերաշխության ֆոնի տակ սարդոստայնի պես տարածվել ու տարածվում է ատելությունը:

Վարքագծի հիմքը շարունակում է լինել ոչ թե բարոյական նորմը, այլ` սեփական կամքը, այս պարագայում` վարչապետի կամքը:
Տեղի ունեցած փոփոխություններից հետո իշխանությունից հեռացած ուժերը եւ գործող իշխանության հետ տարաձայնություններ ունեցող անհատները հանդես են գալիս կոշտ քննադատության դիրքերից եւ փորձում են սեւացնել օրվա իշխանություններին` հաճախ արդարացիորեն:  Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր հանդես են գալիս առողջ քննադատության դիրքերից: Քննադատությունը պետք է յուրաքանչյուր կառավարությանը` իր հետագա գործունեության մեջ հնարավորինս սթափ լինելու ու հնարավորինս քիչ սխալվելու համար: Իսկ ի՞նչ են անում մեր իշխանավորները: Նրանք հասարակության մեջ նախորդ իշխանությունների նկատմամբ տարիների ընթացքում կուտակված չարությունն ու ատելությունը հմտորեն օգտագործում են` թիրախավորելու համար իշխանությանը ոչ ականջահաճո լրատվամիջոցներին ու անհատներին: Անհարկի քննադատությունից խուսափելու համար կասեմ` եթե չեն օգտագործում, գոնե չեն կանխում:

Համացանցում օրվա իշխանությանն ուղղված յուրաքանչյուր քննադատող խոսք արժանանում է սուր հայհոյանքների ու սպառնալիքների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների տակ հարյուրավոր օգտատերեր թիրախավորված սպառնալիքներով ու հայհոյանքներով փորձում են լռեցնել յուրաքանչյուր քննադատություն` ստեղծելով թյուր տպավորություն, թե գործող իշխանությանն ուղղված բոլոր քննադատություններն ուղղորդված են եւ կեղծ: Եվ հանգում ենք անհեթեթության` տպավորություն է, որ ինչքան շատ են հայհոյողներն ու սպառնալիքներ հնչեցնողները, այնքան բարձր է վարչապետի վարկանիշը: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը կատարվում է Փաշինյանի լուռ թողտվությամբ:

Թողտվությամբ, որովհետեւ վստահորեն կարելի է ասել, որ «քոմենթչիների» ու հայհոյողների մեծաքանակ ու կառավարելի եւ հաճախ` կառավորվող այս խմբերն ինչպիսի թեթեւությամբ որ հայհոյում են, նույնպիսի հնազանդությամբ կդադարեն հայհոյել սեփական հայրենակիցներին վարչապետի թեթեւ հրահանգ-հորդորից հետո: Հորդորն ուշանում է, հետեւաբար, «քոմենթչիներն» աշխուժանում են: Սա ոչ այլ ինչ է, քան Լինչի դատաստան` իշխանությանն արդարացիորեն քննադատողների նկատմամբ, իսկ վարչապետ Փաշինյանի` այս համատեքստում արված  յուրաքանչյուր ակնարկ ավելի է խորացնում ատելությունն ու անջրպետը հայի ու հայի միջեւ: Սա երկրում նոր ու լավ իրավիճակի ցուցիչ չէ, եւ չի կարելի ուղղորդվող «ֆեյքերի» ու նվիրյալ «հեղափոխականների» միջոցով դրական առաջընթացի եւ «նոր» Հայաստանի միֆ ստեղծել:  

Սա կանխել է պետք օր առաջ, որովհետեւ ժողովրդի շրջանում ատելություն չի կարելի տարածել նույնիսկ թշնամու նկատմամբ. ատելությունը կուրացնող հատկություն ունի, իսկ մեզ սթափություն է պետք եւ ոչ թե կույր ատելություն: Եվ հետո` կուտակված ատելությունն ամիսներ անց անվերահսկելիորեն հետ է վերադառնալու գործող իշխանությանը (սաղմերն արդեն երեւում են):
Ինչքան որ քաղաքացիները պատրաստ չգտնվեցին տեր կանգնելու սեփական ուժերով ձեռք բերված ազատությանը, այնքան էլ Հրապարակից կառավարություն ուղեւորված մեր պաշտոնյաները չկարողացան հրաժարվել նախորդ իշխանությունների արատավոր սովորույթներից: Եվ, ցավոք, պատմության անիվը մեզ մոտեցնում է այն կետին, որտեղ կհայտնվի մեկը (հետո հարյուրը,  հազարը եւ հարյուր հազարները), ով կկրկնի հանրահայտ խոսքը` պրն Փաշինյան, Դուք իրավիճակին չեք տիրապետում: Ուրեմն, թողնենք կուրացնող ատելությունը եւ սթափորեն նայենք իրականության աչքերին: