Նախագահի աշխատակազմի որոշ վարչությունների պետերի թափուր պաշտոններն առայժմ համալրված չեն․ պարզաբանում

Նախագահի աշխատակազմի որոշ վարչությունների պետերի թափուր պաշտոններն առայժմ համալրված չեն․ պարզաբանում

Ի պատասխան «Հրապարակի» թղթակցի հարցմանը, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում են ներկայացրել․

«2018 թվականի մայիսի 17-ին «www.president.am» և «careercenter.am» կայքերում հրապարակվել են հայտարարություններ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության 23 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին: 
Արդյունքում Աշխատակազմն ստացել է շուրջ 7000 դիմում: Թափուր պաշտոնների համալրման գործընթացն իրականացնելու համար ստեղծվել էր անկախ փորձագետներից կազմված մասնագիտական խումբ: Վերջինս իր գործունեությունը ծավալել է Աշխատակազմի ղեկավարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրին և ժամանակացույցին համապատասխան: Դիմորդների ընտրության գործընթացը բաղկացած է եղել երեք փուլից՝ դիմորդների անձնական տվյալների (СV)  մուտքագրում, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության ստուգման հիման վրա թեստավորում և հարցարզույց: Վերը նշված փուլերը հաղթահարելուց հետո՝ յուրաքանչյուր պաշտոնի համար կազմվել  է 5-7 թեկնածուից բաղկացած   կարճ ցուցակ, որից հետո  Հանրապետության նախագահի աշխատակազմում  կազմակերպվել է հարցազրույց նշված թեկնածուների հետ, և կոնկրետ պաշտոնի համալրման վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվել: 
Գործընթացն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին, որի արդյունքում համալրվել է 9 պաշտոն: Ի դեպ, Աշխատակազմում ստեղծվել է ընտրության փուլերին մասնակցած և որևէ պաշտոնում չնշանակված անձանց տվյալների շտեմարան, որը հետագայում կծառայի Աշխատակազմում առկա այլ թափուր պաշտոնների համալրման համար: 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո,  ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ իրավական ուժ է ստացել պետական մարմինների կայքերում թափուր պաշտոնների համալրման  մասին հայտարարությունները հրապարակելու պահանջը: Հանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է բաց ու թափանցիկ իրականացնել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացը՝ պարբերաբար հայտարարություններ տեղադրելով «www.president.am» կայքում:

Տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի արարողակարգի և արտաքին կապերի վարչությունների պետերի թափուր պաշտոններն առայժմ համալրված չեն: Հանրապետության նախագահը դեռևս 2018թ.  հունիսին ՀՀ կառավարությանն առաջարկել է շրջանառել «Դիվանագիտական ծառայության  մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն¬ներ կատարելու մաիսն» ՀՀ օրենքի նախագիծը (ներկայումս այն  գտնվում է շրջանառության մեջ), որով կվերացվի Հանրապետության նախագահի աշխատակազմի  պաշտոնների համալրման հարցում եղած օրենսդրական սահամանափակումը և հնարավորություն կընձեռվի, որպեսզի դիվանագիտական ծառայողները ևս  կարողանան պաշտոններ զբաղեցնել Հանրապետության նախագահի աշխատակազմում: Ի դեպ, օրենսդրական այս սահմանափակումը չի տարածվում պետական այլ մարմինների վրա: 

Ներկայումս Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների ընդհանուր թիվը 108 է: Շենքային պայմանների բարելավումից հետո նախատեսվում է համալրել նաև մնացած թափուր հաստիքները»: