Իրականում ինչու են ձերբակալել Գալեյանին․ փաստաբանը մանրամասներ հայտնեց

Իրականում ինչու են ձերբակալել Գալեյանին․ փաստաբանը մանրամասներ հայտնեց

«Գալեյանը էստ էության ձերբակալվել է երկու արարքի կատարման համար։ Խուլիգանությունը, որը արտահայտվել է նրանում, որ անցած տարի, երբ գլխավոր դատախազության դիմաց ծնողները օրինական գործողություններ էին անում, իրավաչափ ակցիա էին իրականացնում, սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային ու Գարիկ Գալեյանը շշով ջուրը լցրել էր այդ մարդու գլխին։ Սա դիտվել է որպես խմբային խուլիգանություն։ Ի դեպ, ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար շիշն է։ Այո, քաղաքացին բողոք է ներկայացրել»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը։ Գարիկ Գալեյանը, ինչպես հայտնի է, ձերբակալվել է։

«Եթե խուլիգանության այս դեպքը համադրում ենք այն դեպքի հետ, որ Ազգային ժողովի նախագահը թքեց քաղաքացու դեմքին, ապա հասկանում ենք, որ այստեղ խուլիգանության մասին առհասարակ խոսք չկա։ Կամ էլ այստեղ խոսքը ակնհայտ խտրական վերաբերմունքի մասին է։ Հիմա եթե ես այս դեպքը կապեմ քաղաքականության հետ, էլի ասելու են, որ փաստաբանը եկել ու քաղաքական հայտարարություններ է անում։ Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ ծնողները միացան «ՀայաՔվեին», այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ ծնողները տեղեկացրին, որ միանում են «Մայր Հայաստան» դաշինքին։ Երկրորդ մեղադրանքը ներկայացվել է իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար։ Ես անգամ չգիտեմ՝ ինչ անվանում տալ սրան։ Այո, հանդիպել եմ Գալեյանին, իհարկե նա չի ընդունում մեղադրանքները։ Երկու մասով էլ նա չի ընդունում մեղադրանքը»,- հավելեց նա։