Ամենաբարդը կալանավորվածների հարցն է

Ամենաբարդը կալանավորվածների հարցն է

Գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանը մոտ 100 քրեական գործ ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ զրոյից նոր քննություն սկսելու համար։ Պարզվում է, այս փոփոխությունները պայմանավորված են Քրեադատավարական օրենսգրքում կատարված փոփոխություններով: Հակակոռուպցիոն դատարանի այս որոշումն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել արդարադատության իրականացման եւ դատարանների գործունեության համար։ Զրուցել ենք իրավապաշտպան Էմին Խաչատրյանի հետ։

- Ի՞նչ խնդիրներ է ենթադրում այս որոշումը։

- Այդ որոշմամբ կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ, բայց մենք պետք է օբյեկտիվ լինենք` սա օրենսդրական փոփոխությունների արդյունքն է: Այսինքն՝ դատարանները ոչինչ չեն կարող անել, ըստ ինձ: Հիմա փոփոխություններն ուղարկվել են առաջին ատյանի դատավորներին, եւ դատավորներն էլ դիմել են Վճռաբեկ դատարանի նախագահին՝ վարույթների ենթակայության հարցը լուծելու համար։ Մենք հիմա սպասում ենք Վճռաբեկ դատարանի պատասխանին, թե ինչ ընթացք կտան։

- Այս փոփոխությունները, որոնցով ենթադրվում է, որ միայն բարձր պաշտոնատար անձանց գործերն են քննելու Հակակոռուպցիոն դատարանում, արդյո՞ք սրանից չի նվազի Հակակոռուպցիոն դատարանի դերը։

- Չեմ կարծում, որովհետեւ ամեն դատարան կոչված է օրենքով՝ իր լիազորությունների շրջանակներում կատարելու իր գործառույթները, եւ եթե օրենսդիրը նման օրենք է ընդունել, հետեւաբար, պետք է առաջնորդվենք օրենքով։ Այստեղ խնդիրներ կարող են լինել ժամկետների ողջամտության, արդյունավետության հետ կապված։ Հիմա պետք է սպասել տեսնել, թե Վճռաբեկ դատարանն այդ ենթակայության վեճն ինչպես է լուծելու։

- Այն գործերը, որոնք քննվել են Հակակոռուպցիոն դատարանում եւ օրենքի այս պահանջի արդյունքում անցնում են առաջին ատյանի դատարանի քննությանը, դա նշանակում է, որ բոլո՞ր գործերը պետք է զրոյից քննեն։

- Բնականաբար՝ այո, որովհետեւ դատավորը գործը վարույթ ընդունելիս չի կարող դատողություններ անել նախկին քննված գործերի հիման վրա։ Եվ ես գտնում եմ, որ այստեղ եւս արդյունավետության խնդիր կլինի, եթե առաջին ատյանի դատավորը գործի քննությունը սկսի ինչ-որ հատվածից, այստեղ էլ արդարադատության պակաս կզգացվի։

- Այսինքն՝ ենթադրենք, գործը 3 տարի քննվել է՝ մինչ դատավճիռը կայացնելը, հիմա եթե շարունակեն, վաղեմության ժամկետով պայմանավորված՝ կկարճվեն:

- Չի բացառվում, որ նման խնդիրներ էլ առաջ գան։ Մենք էլ քննվող գործ ունեինք, որը հասել էր վերջնական փուլին, եւ այս փոփոխության արդյունքում առաջացել են խնդիրներ։ Ամենակարեւոր հարցը կալանքի տակ գտնվող անձանց գործերով է, որն առաջացնում է մարդու իրավունքների, ազատության խնդիր։ Մարդիկ նորից պետք է մնան կալանքի տակ կամ ազատվեն` այս պահին դեռ պարզ չէ, պետք է քննարկվի։