Փաշինյանը կրկին օրենք է խախտում 

Փաշինյանը կրկին օրենք է խախտում 

Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ ոճով, հայ- ռուսական, իսկ ավելի կոնկրետ Հայաստան- ՀԱՊԿ հարաբերությունների վիճակը բնորոշող նոր տերմին հորինեց ու օգտագործեց։ Խոսքը «անդամությունը սառեցնել» տերմինի մասին է, որն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի։ ՀԱՊԿ կանոնադրության 19-րդ հոդվածը նախատեսում է անդամակցող պետության՝ անդամությունը դադարեցնելու կարգը, ըստ որի՝ պետությունը առնվազն 6 ամիս առաջ պետք է ներկայացնի կազմակերպությունը լքելու մասին դիմում, որը պետք է քննարկվի ՀԱՊԿ խորհրդի կողմից։ Օրինակ՝ Ադրբեջանը, Ուզբեկստանն ու Վրաստանը 1993 թվականին լքել են ՀԱՊԿ-ն, այսինքն՝ դա ոչ միայն կանոնադրության մեջ ամրագրված դրույթ է, այլ իրականում նաև տեղի ունեցած նախադեպ։ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանին հարցրինք՝ հնարավո՞ր է «անդամությունը սառեցնել» և ինչո՞ւ է Փաշինյանը հենց այդ տերմինը օգտագործել․

«Գոյություն ունեն միջազգային կազմակերպություններին անդամակցելու եւ դրանցից դուրս գալու կանոններ եւ ընթացակարգեր, որոնք պահպանելը վկայում է պետության միջազգային հեղինակության մասին։ Մյուս կողմից՝ իշխանության միակ աղբյուրը հանդիսացող ժողովուրդը գործադիրի ղեկավարին չի օժտել ՀՀ միջազգային պայմանագրերը «սառեցնելու» լիազորությամբ։ Շարունակ ժողովրդի անունից հանդես եկողը անվայել վերաբերմունք է դրսեւորում ժողովրդի սուվերեն իրավունքի հանդեպ՝ փորձելով յուրացնել Սահմանադրությամբ նախատեսված մյուս պետական մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները: Ուստի։ Նախագահը պետք է հանդես գա իր անհամաձայնության մասին համապատասխան գնահատականով՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետեւելու գործառույթ իրականացնող եւ պետության գլխի կարգավիճակ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա։ Ազգային ժողովը, որը Հայաստանի ժողովրդի ներկայացուցչական մարմինն է եւ իրականացնում է օրենսդիր իշխանությունը, պետք է իրականացնի գործադիր իշխանության նկատմամբ գործուն վերահսկողություն եւ նույնպես անհամաձայնություն հայտնի ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցությունը «սառեցնելու» մասին գործադիրի ղեկավարի հակասահմանադրական քայլերի կապակցությամբ, քանի որ կառավարությունից չի ստացել ՀԱՊԿ պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու առաջարկ, հետեւաբար եւ չի բավարարել այն»։ 

Ըստ Արա Սահակյանի, հակառակ դեպքում՝ Վահագն Խաչատրյանը եւ Ազգային ժողովը դառնում են դեռեւս վարչապետի աթոռը զբաղեցնողի հանցակիցները։ «Տեղի է ունենում իշխանության սողացող ուզուրպացիա, եւ այն կանխելու պարտավորություն ունեն ՀՀ նախագահն ու Ազգային ժողովը։ 
 
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը 1992 թ. մայիսի 15-ին ստորագրել է «Հավաքական անվտանգության մասին» պայմանագիրը, որը հետագայում վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2021 թվականի օգոստոսի 18-ին ընդունված կառավարության հնգամյա ծրագրով ուղղակի ամրագրված է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների զարգացումը. «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին եւ աշխատել պայմանագրային եւ փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի ու կսպասարկի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները»,- ասված է կառավարության գործունեության հնգամյա ծրագրում։