Գողության համար դատված Տիգրան Հակոբյանը խոսում է լրագրողական էթիկայից 

Գողության համար դատված Տիգրան Հակոբյանը խոսում է լրագրողական էթիկայից 

Վերջերս ամբողջ հանրությունը քննարկում էր Տնտեսագիտական ռեկտոր Դիանա Գալոյանի՝ ԱՄՆ-ում դատված լինելու հանգամանքը, պահանջում էին նրան ազատել պաշտոնից։ ԿԳՄՍ նախարարությունն էլ հայտարարեց, որ հարցում է արել ԱՄՆ՝ եթե հաստատվի գողության հանգամանքը, ապա իրենք հետեւություններ կանեն դրանից։ Բայց պարզվում է Հայաստանում այլ անձինք էլ կան գողության համար դատված, ընդ որում՝ իր մեղքը դատարանում ընդունած, որոնք այսօր բարձր պաշտոն են զբաղեցնում քիչ է, դեռ լրագրողներին էլ դասեր են տալիս, խոսում լրագրության սկզբունքներից։ Երեւի այդ սկզբունքների մեջ աստվածաշնչյան ամենակարեւոր պատվիրանը՝ Մի գողացիրը, չի մտնում։

Խոսքը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մասին է, ով ամսական մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում եւ մոտ 5 տարի է զբաղված է հեռուսատեսային դաշտը վերաձեւելով՝ ազատ, անկախ, իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող թիվիներից «ազատելով»։ Միայն վերջին երկու տարում նա 2 հեռուստաընկերության է զրկել լիցենզիայից՝ Հ2 եւ «Երկիր Մեդիա»։ Բայց եթե տարիներ առաջ մենք օր ու արեւ չէինք տալիս «Ա1 +»-ին եթերից զրկած Գրիգոր Ամալյանին, հիմա շատ հանդուրժող ենք հեռուստաեթերը ուզուրպացրած անձի ու նրա ղեկավարած հանձնաժողովի նկատմամբ, որն ավելի ստորաքարշորեն է կատարում ՀՀ վարչապետի հրահանգները, քան ժամանակին Ամալյանն էր կատարում Ռոբերտ Քոչարյանինը:

Բայց վերադառնանք Տիգրան Հակոբյանի անձին, ով այսօր սկզբունքներից է խոսում, եթերի անաղարտությունից, լրագրողական աշխատանքի նրբություններից: Մենք դատալեքսում գտանք նրա դատական գործը եւ ուզում ենք ներկայացնել ձեզ: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ մարդն ամբողջությամբ ընդունել է մեղքը, ապա այդ մեղքի մի մասը բարդել գործընկերոջ` Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի եղբոր վրա, փոխհատուցել է իր պատճառած վնասը եւ Սերժ Սարգսյանի ակտիվ միջամտության շնորհիվ, համաներման միջոցով պատժից ազատվել եւ հետագայում հենց Սերժ Սարգսյանի ժամանակ էլ նշանակվել ՀՌԱՀ անդամ: 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանն է նրան հանձնաժողովի նախագահ դարձրել: 

Եւ այսպես. Դատավճռում, որը կայացվել է 2013 թվականի ապրիլի 15-ին, գրված է, որ Տիգրան Ռաֆիկի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա «աշխատելով Ագրոհոլդինգ ՍՊԸ-ում որպես տնօրեն, իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով, ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին պատճառել է ծանր հետևանքներ առաջացնող՝ առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս»։ 

Մեղադրանքն առաջադրվել է 2012 թ. դեկտեմբերի 24-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատավճռի նկարագրական մասում գրված է. 

«Նա 2009թ. մարտի 2-ից մինչև 2010թ. մայիսի 27-ը աշխատելով «Ագրոհոլդինգ» ՍՊ-ում որպես տնօրեն, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորություններն օգտագործելով այդ կազմակերպության շահերին հակառակ և իր օգտին, ընկերության հիմնադիրներին իր ծանոթ Վահան Մուսինյանին ներկայացրել է որպես անասնապահության, գյուղատնտեսության բնագավառի անփոխարինելի մասնագետ, իր երաշխավորության հիման վրա` ստանալով հիմնադիրների համաձայնությունը, 2009թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում թույլատրել է տնօրինել ընկերության և ընկերության հիմնադիր-սեփականատերերի նյութական միջոցները, սակայն ընթացքում տեսնելով, որ վերջինս տրամադրված գումարների մի մասն աննպատակ և անարդյունավետ է տնօրինում, իր կողմից երաշխավորած` իր ծանոթ Վահան Մուսինյանի գործողությունների պատճառով ընկերության տնօրենի պաշտոնը չկորցնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հիմնադիրներին ներկայացրել է, թե իբր ընկերության գործունեությունն ընթանում է բարեհաջող, ներդրված գումարներով շուտով կհամալրվի ընկերության կապիտալը և շարունակել է Վահան Մուսինյանին պարբերաբար տրամադրել հիմնադիրների գումարները` ընդհանուր առմամբ նրան տրամադրելով 159 մլն 520 հազար 260 ՀՀ դրամ գումար: 

Վերջինս օգտնելով ստեղծված նպաստավոր պայմաններից, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված` «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերության և դրա հիմնադիր-սեփականատերերի առանձնապես խոշոր չափերի` 57 մլն 816 հազար 966 ՀՀ դրամ գումարը, որի արդյունքում, ինչպես նաև Տիգրան Հակոբյանի կողմից իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով, «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը և ընկերության հիմնադիր-սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս»:

Գործը քննվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

«Ամբաստանյալ Տիգրան Հակոբյանը, համաձայնվելով իրեն առաջադրված մեղադրանքի հետ, հայտնեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, միջնորդեց դատական քննությունն արագացված կարգով անցկացնել, նշելով, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո և գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթն ու հետևանքները»: Կողմերը չեն առարկել եւ արագացված դատաքննություն է ծավալվել, ավելին` տուժողը հրաժարվել է քաղաքացիական հայցից, ասելով, որ վնասի մարման գրաֆիկ են կազմել: Հավանաբար այս հարցում էլ է միջամտել իշխանությունը: Ավելին` անգամ դատական ծախսերից են ազատել ամբաստանյալին: 

Դատարանը հաստատված է համարել Տիգրան Հակոբյանի մեղավորությունը` «նախաքննության ընթացքում տված ինչպես ամբաստանյալի խոստովանական, այնպես էլ գործով տուժողներ Գոռ Խեչոյանի և Արմեն Խեչոյանի, վկաներ Տիգրան Բադալյանի, Սահականուշ Ավետիսյանի, Վեներա Պետրոսյանի, Արման Վարդանյանի, Խորեն Ալեքսանյանի, Հակոբ Կարապետյանի ցուցմունքներով, լրացուցիչ դատա-ֆինանսատնտեսագիտական փորձաքննության փորձագետի թիվ Հմ` 12-2567 եզրակացությամբ, որպես ապացույց ճանաչված այլ փաստաթղթերով` ընդհանուր 159.520.260 ՀՀ դրամի թվով 225 հատ դրամարկղի ելքի օրդերներով»: Բայց պատիժը նշանակելիս հաշվի է առել որոշ հանգամանքներ. 

«այն, որ ամբաստանյալը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, 1997թ.-ին տարել է սրտամկանի ինֆարկտ` 1998թ.-ին կատարվել է աորտո-կորոնար շունտավորման վիրահատություն, 2005թ.-ին կրկնակի տարել է սրտամկանի ինֆարկտ, որից հետո կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, լիազոր Ն. Մովսեսովայի կողմից բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված ու արատավորված չի եղել: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը դիտում է այն, որ Տ. Հակոբյանը նախաքննության ընթացքում 10.000.000 /տաս միլիոն/ ՀՀ դրամի չափով վերականգնել է տուժողներին հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, ինչպես նաև այն, որ վերջինիս խնամքին է գտնվում անչափահաս որդին» եւ եզրակացրել է, որ «ամբաստանյալ Տիգրան Հակոբյանն իր կատարած հանցանքի համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով» եւ նրան դատապարտել է ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը եւ բավարարվել են նրա կրած կալանքով` 1/մեկ/ ամիս 20 /քսան/ օր ժամանակով, մնացած 1/մեկ/ տարի 10 /տաս/ ամիս 10 /տաս/ օր ազատազրկումը նա չի կրել ազատազրկման վայրում: 

Այս դատավճիռը չի բողոքարկվել, մտել է ուժի մեջ: Եւ հիմա Տիգրան Հակոբյանը, ով ոչ միայն առանձնապես խոշոր չափերի գումար է յուրացրել, խոստովանել հանցանքը, այլեւ իր գործընկերոջը դավաճանել եւ մեղքի մի մասը բարդել նրա վրա, ոչ միայն համաձայնության է եկել դատական եւ մյուս իշխանությունների հետ, եթերից զրկում է հակաիշխանական թիվիներին, խոսում է իրեն քննադատած լրատվամիջոցի ու լրագրողների մեղքերից, սխալներից եւ դասեր է տալիս, թե ինչպիսին պետք է լինի լրատվությունն ու լրագրողը: