Թուրք-ադրբեջանական ունիսոն

Թուրք-ադրբեջանական ունիսոն

Ադրբեջանի նախագահին տարեվերջյան ելույթի հարթակ է տրամադրել Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունը: Իլհամ Ալիեւը խոսել է երկկողմ առեւտրա-տնտեսական, կոմունիկացիոն, հումանիտար եւ ռազմատեխնիկական խոշոր ծրագրերից, որ իրականացվել են կամ ընթացքի մեջ են, կամ բանակցման փուլում են:

Նա հատուկ անդրադարձել է ազգային արժույթով առեւտրի անցնելու մասին պայմանավորվածությանը, որպեսզի «դոլարից կախում չլինի»: Ալիեւը լուրջ ազդակ է հղել Մոսկվային՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հեռանում է Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագրից, ԵՄ հետ ասոցացման նպատակ չունի: Նա անուղղակի ակնարկել է, որ ԵՄ հետ երկկողմ համագործակցության համաձայնագիր չի ստորագրվի, քանի որ «դրանից կոնկրետ ակնկալիքներ չկան»:

Նույն օրը, գրեթե ունիսոն՝ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ փաստել ռուս-թուրքական մերձեցումը՝ որպես հետեւանք Արեւմուտքի կողմից «Թուրքիային Սիրիայում, միջերկրածովյան եւ այլ տարածաշրջաններում մեկուսացման, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքների»: Քալընը կանխատեսել է, որ 2020 թվականը ՆԱՏՕ-ի համար «կլինի անորոշության տարի»: Քաղաքականության մեջ պատահական զուգադիպություններ չեն լինում: Եւ նույն օրը Բաքվից եւ Անկարայից Մոսկվային հղած ազդակները մեծ հավանականությամբ համաձայնեցված կարելի է համարել: Առաջիկա ապրիլին լրանում է քեմալա-բոլշեւիկյան առաջին համաձայնության հարյուր տարին, երբ Աթաթուրքի վճռական հորդորով Ադրբեջանի մուսավաթական կառավարությունն առանց մեկ կրակոցի իշխանությունը Բաքվում հանձնեց բոլշեւիկներին: Հունվարի առաջին տասնօրյակում անոնսավորված է Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա: