Եթե ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, ապա դրան կհետևի Իսրայելը

Եթե ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, ապա դրան կհետևի Իսրայելը

 Եթե ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, ապա դրան կհետևի Իսրայելը։ Սրանում համոզված է Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

«Ցավոք, ամեն անգամ ԱՄՆ նախագահները խոստանում են ճանաչել Հայոց ցեղասանությունը, իսկ հետո վերջին վայրկյանին նորից խոսում են Մեծ ողբերգության մասին, բայց այսօր ԱՄՆ նախագահի համար սա շատ ավելի հեշտ է դա անելը, քանի որ թե՛ ստորին պալատը, թե՛ Սենատը արդեն ընդունել են նման որոշումներ։ Եվ փաստացի, ԱՄՆ նախագահին մնում է միայն ստորագրել այդ՝ Կոնգրեսի 2 պալատների որոշումները»,-«Հրապարակին» ասաց իսրայելցի քաղաքական վերլուծաբանը։

Նա համոզմունք է հայտնում, որ սա, այնուամենայնիվ, շատ մեծ քաղաքական քայլ կլիներ։ «Ավելին՝որպես Իսրայելի քաղաքացի, ես դրանում անձամբ շահագրգռված եմ, քանի որ, հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սերտ կապերը` հատկապես արտաքին քաղաքական, ապա կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից նման քայլից հետո նույն բանը տեղի կունենա Իսրայելում, ինչին մենք փորձում ենք հասնել առնվազն վերջին 20 տարիներին»,-ասում է Ալեքսանդր Ցինկերը։

Հիշեցնենք, որ դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածուի կարգավիճակում, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը, ի պատասխան ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նամակի, մասնավորապես գրել էր․

«ԱՄՆ-ն վերջնականապես պետք է հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել: Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»։