Սոդոմական կրքերի ու Սևանի մասին

Սոդոմական կրքերի ու Սևանի մասին

Հանրային խորհրդի նիստը, դեռ դատելով օրակարգից, խոստանում էր թեժ լինել, իսկ օրակարգի թեմաներից երկուսը «Ստամբուլյան կոնվենցիայի վտանգներն» ու Սեւանն էին։ Երբ ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացնում էր զեկույցը, դեռ անդորրն էր` փոթորիկից առաջ։ Նախ ասաց, որ անկախացումից ի վեր Հայաստանը տարբեր միջազգային համաձայնագրեր ու փաստաթղթեր է ստորագրել, որոնք միտված են կանանց վիճակի բարելավմանն ու ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումներին։

Նախակարապետը ՄԱԿ-ի Պեկինյան փաստաթուղթն էր։ Ըստ Հովհաննիսյանի՝ 12 գլուխ, 81 հոդված ունեցող կոնվենցիայի նպատակը կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի կանխարգելումն է, հատկապես՝ ընտանիքում։ Ինչպես նաեւ տղամարդկանց ու կանանց միջեւ իրավահավասարության ապահովումը։ Փաստաթուղթը ստորագրել է 44 երկիր, վավերացրել են ԵՄ երկրները, մեր հարեւաններից չեն վավերացրել Ռուսաստանը, Ադրբեջանը, մերձբալթյան երկրները։ Բուլղարիան էլ այն հայտարարել է հակասահմանադրական։ Իսկ Հայաստանն այն ստորագրել է 2017-ի դեկտեմբերին։ Կոնվենցիան կառուցված է 4 p-երի վրա՝ pervention՝ կանխարգելում, protection՝ պաշտպանություն, preocecution՝ հետապնդում, եւ policies՝ ինտեգրված քաղաքականություն։

Զեկուցողը ներկայացրեց այն մի քանի կետը, որոնց վերաբերյալ կան լուրջ առարկություններ։ Մեկը հոդված 3-ն է, որն ընտանեկան բռնության ձեւերն է սահմանում։ Ըստ այդմ՝ ընտանեկան բռնություն նշանակում են այն ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի ներսում, ընտանիքի անդամների՝ նախկին կամ ներկա ամուսինների եւ կամ զուգընկերների միջեւ, անկախ նրանից՝ կատարողը բնակվել է տուժողի հետ, թե ոչ։ Բանավեճն էլ «զուգընկեր» բառի շուրջ է․ մեկնաբանում են, թե նշված չէ, որ զուգընկերը պետք է տարասեռ լինի։ Հետեւաբար, կարող են լինել ինցեստը եւ համասեռական դրսեւորումները խրախուսող երեւույթներ։ Զեկուցողը մի տեսակ վախվորած նկատեց, որ ուղղակի նման բան ինքը չի տեսնում ու չի կարող մեկնաբանել ենթատեքստային մեկնաբանությունները։

Նաեւ հիշատակեց, որ որոշ իրավաբաններ պնդում են, որ այս հասկացությունը հակասում է Սահմանադրության 35-րդ հոդվածին, որն ասում է, որ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ է։ Մյուս վիճահարույց հարցը 12-րդ հոդվածն է, որն ասում է․ «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր երեւույթները, որոնք հիմնված են կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։ Կոնվենցիայի այս դրույթը մեկնաբանվում է, որ կնոջ եւ տղամարդու կարծրատիպերում փոփոխությունների համար հող է նախապատաստվում։ Այստեղ զեկուցողը ներկայացրեց արդարադատության նախարարության տեսակետը, որում նշված է, որ կոնվենցիայում «երրորդ» սեռ հասկացություն չկա։

Նման բան չի տեսել նաեւ զեկուցողը։
Հետո արդեն սկսվեց փոթորիկը։ ՀԽ անդամ Աիդա Թոփուզյանը նկատեց, որ այն վավերացնելու դեպքում պետք է փոխենք մեր բոլոր օրենքները։ Նա նկատեց, որ այս օրենքն իրավունք է տալիս, որ մարդն ազատորեն կարողանա իր սեռը որոշել, ամուսնանա իր սեռի մարդու հետ եւ պրոպագանդի իր սեռական կողմնորոշումը։ Այստեղ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ ինքն էլ կողմ չէ փաստաթղթին, բայց կոնվենցիայում նման բան չկա, կա դրա վերաբերյալ մեկնաբանություններում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ շարունակեց միտքը՝ պետք է փոխվի նաեւ Սահմանադրությունը, քանի որ, ըստ կոնվենցիայի պահանջների, եթե որեւէ երկրում կոնվենցիան վավերացնելուց հետո առաջանա հակասություն Սահմանադրության ու կոնվենցիայի միջեւ, առաջնությունը տրվում է կոնվենցիային։ Նրա ձեւակերպմամբ՝ այս կոնվենցիան մի լավ կտոր պանիր է, պարզապես՝ թակարդում։

Նա նկատեց, որ կոնվենցիայի համաձայն՝ եթե ինքը մի օր, որպես եկեղեցական, խոսի Սոդոմ-Գոմորի մասին, իրեն կա՛մ պետք է վարչական տույժի ենթարկեն, կա՛մ քրեական հետապնդման, քանի որ աստվածաբանական քարոզը կմեկնաբանվի, որ խտրականություն է քարոզում։ «Եթե մի օր ես խոսեմ Խորենացու կամ Բուզանդի մասին, գնամ 4-րդ դար՝ Պապ թագավորի մասին խոսեմ եւ բերեմ այն տվյալները, որոնք դուրս էին մնացել պատմական մատերիալիզմի պատճառով, ինձ կրկին կարող են մեղադրել»,- ասաց հոգեւորականը։ Նա նշեց, որ նման հարցերի շուրջ կան աստվածաբանական, վարդապետական մոտեցումներ, որոնք կարծրատիպեր չեն։ Եվ հայ ազգն էլ ունի քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնություն։ Նրա խոսքով՝ մենք Կոնգո, Սոմալի չենք եւ չունենք այնպիսի կարծրատիպեր, որոնց համար կարող ենք ամաչել։ Օրինակ բերեց կնոջ ամուսնությունից առաջ հանրային դեֆլորացիան։ Նրա խոսքով՝ հայ կինն իր տեղն ունի մեր հասարակությունում, եւ տղամարդու հետ միասին հավասարակշռել են երկու բեւեռներում, բայց այն, ինչ արվում է, կարող է բերել կարճ միացման։ Մայր Աթոռի ներկայացուցիչը նաեւ հարց էր տալիս․ եթե մենք ունենք «սեռ» բառը, ուրեմն ինչո՞ւ ենք մտցնում «գենդերը», ուրեմն մի այլ բան կա այդ ամենի տակ։ Նաթան արքեպիսկոպոսը նկատեց, որ սա ոչ միայն իր կարծիքն է, այլեւ ընդհանրապես՝ եկեղեցու։

Հարություն Մեսրոբյանը նկատեց, որ հասարակության մեջ կա լարում, եւ պետք է հետ կանչել կոնվենցիան՝ հասարակությանը տալով գոնե մեկ պոզիտիվ ազդակ։ Կոնվենցիան փորձեց պաշտպանել Ստեփան Սաֆարյանը՝ ասելով, որ կմիանար հետ կանչելուն, եթե խոսեն կոնվենցիայից։ Նա ծայրից ծայր կարդացել է ու մտածել՝ կա՛մ ինքը չի կարողանում կարդալ, հասկանալ, կա՛մ ուրիշ տեղ խնդիր կա։ «Կոնվենցիան ասում է՝ չի կարելի բռնաբարել, կոնվենցիան ասում է՝ չի կարելի ծեծել կնոջը, երեխային»,- հատ-հատ ասում էր Ստյոպա Սաֆարյանը։ Նա զեկուցողին առաջարկեց կանգնել ասել, որ կոնվենցիան երրորդ սեռ չի նախատեսում։ Քանի որ ով ինչ ուզում՝ մեկնաբանում է։ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ Հայաստանում միտում կա՝ Հայաստանի իշխանությունները մշտապես ձգտել են ինչ-որ բաներ ստորագրել՝ ի սկզբանե տեսնելով, որ ծուղակն ենք ընկնում։ «Իրենց թվում է, որ ինչքան շատ բան ստորագրեն միջազգային, էնքան ավելի դեմոկրատական պետություն կլինենք։ Ես ձեզ ասեմ՝ եվրոպացիներն ապուշ չեն, իրենք նայում են՝ ըստ էության, քո երկրում ինչ է կատարվում»,- ասաց նա։

Նրա կարծիքով, կոնվենցիան պարունակում է կասկածելի դեպքեր, բայց չի պարունակում այնպիսի կետեր, որոնք չկան կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում։ Հարցը դրվեց քվեարկության, որով ՀԽ անդամներն իշխանություններին կոչ են անում կոնվենցիան չվավերացնել։