Մտածում եմ մի անգամ էլ պիտի կարդամ, լավ չեմ հասկացել կոնվենցիան

Մտածում եմ մի անգամ էլ պիտի կարդամ, լավ չեմ հասկացել կոնվենցիան
Հովիկ Աղազարյան

Ազգային ժողովի պատգամավորներն արդեն մեկ շաբաթ է՝ զբաղված են հանրության որոշ հատվածներում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի ընթերցանությամբ։ Գործադիրը հանձնարարել է կարդալ, հասկանալ ու մարդկանց բացատրել, որ «սատանան այդքան էլ սարսափելի չէ», որպեսզի աշնանային նստաշրջանում այն քննարկվի, բնականաբար՝ վավերացվի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրեթե վերջացնում է 40 էջից ավելի փաստաթուղթը, ասում է, որ այնտեղ ոչ մի սարսափելի բան չի հայտնվել։ «Գուցե լավ չեմ հասկացել»,- շփոթված ասաց նա, ավելին՝ կոնվենցիայի վավերացմանը դեմ ստորագրահավաք կազմակերպողները նրան որոշ հատվածներ են մեկնաբանել, ու պատգամավորը հասկացել է, որ որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, կան։

- Ես ամբողջական տպավորություն դեռ չունեմ կոնվենցիայի վերաբերյալ, դեռեւս ընթերցում եմ, նախատեսվում է աշնանը քննարկել։

- Ժամկետներ կա՞ն սահմանված։

- Ոչ, չկան։

- Ասում են՝ Դուք կոնվենցիան չվավերացնելու ակտիվ ջատագովներից եք։

- Նման լուրեր տարածողներն ընդամենը ուզում են պառակտում մտցնել մեր ֆրակցիայում, մենք դեռ չենք էլ քննարկել այդ հարցը, ես չեմ էլ ծանոթացել փաստաթղթին։ Ես 42 էջից 33-ն եմ դեռ կարդացել, բայց անկեղծ եմ ասում՝ սարսափելի բան չեմ նկատել։

- Իսկ ի՞նչ եք նկատել։

- Դեռ ոչ մի բան։

- Ձեր խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մի քանի ամիս է՝ պայքարում է կոնվենցիայի վավերացման դեմ, միացել է ստորագրահավաքին։ 

- Կարող է բան կա՝ չեմ հասկանում, պիտի մինչեւ վերջ կարդամ, որ պարզ դառնա։ Այսօր նույնիսկ առավոտյան գնացի ԱԺ-ի դիմաց ստորագրահավաք անող մարդկանց մոտ, որպեսզի համեմատեմ, հասկանամ՝ իմ ձեռքի փաստաթուղթն ու իրենցը նո՞ւյնն են։ Պարզեցի, որ նույնն են, մտածեցի, որ մի անգամ էլ պիտի կարդամ, լավ չեմ հասկացել, երեւի։

- Իրենք Ձեզ չլուսավորեցի՞ն՝ ինչո՞ւ են դեմ։

- Ասացին վտանգավորության մասին, օրինակ՝ ասացին, որ վաղը չէ մյուս օրը սա կարող է հիմք հանդիսանալ համասեռամոլների ամուսնության եւ այլն, եւ այլն։ Որ ասեմ՝ հիմար բաներ են ասում՝ չէ, օրինակ, ասում էին՝ պարոն Աղազարյան, ստեղ գրված է, որ չի կարելի կնոջը ծեծել, այսպես թե այնպես, չի կարելի ծեծել կնոջը, բայց ամրագրման նպատակը ո՞րն է, նպատակն այն է, որ կնոջը դարձնեն գենդերային ձեւակերպումների շարքին եւ հետո դա տարածեն նաեւ մյուսների վրա, այսինքն՝ եթե կնոջը ծեծում ես, պետք է դա համարվի գենդերային հասկացողությունների վրա հանցագործություն եւ պատժվի։ Այսինքն՝ եթե տրանսգենդերին ծեծում ես, չորս տարի է հասնում, կնոջդ ծեծում ես՝ երկու տարի է, ապա դու չորս տարով պիտի նստես։ Բայց մենք չունենք նրանց մասին օրենք, այդ դեպքում անհրաժեշտությունը ո՞րն է նման տարանջատման։ Այնպես որ, խնդիրներ կան, դեռ չեմ կողմնորոշվել։ Բայց կարծում եմ նաեւ՝ կոնվենցիայի վերաբերյալ այսպիսի աղմուկ բարձրացնողները չեն կարդացել փաստաթուղթը։ Մենք քննարկումների արդյունքում կպարզենք՝ զբաղվելո՞ւ ենք դրա քարոզչությամբ, թե՞ ոչ։

- Իսկ իշխանությունը կարո՞ղ է չվավերացնել, թե՞ կա պարտադրանք։

- Տեսականորեն՝ կարող է, պարտադրանք չկա։

- Իսկ գործնականո՞ւմ։

- Չեմ կարող ասել։