Սա լուրջ ահազանգ է․․․

 Սա լուրջ ահազանգ է․․․

 

Ամենաբարդ հարցն անգամ, երբ պարզագույն էլեմենտների ես բաժանում, պատասխանը գտնում ես։ Պետք է սովորել բարդ հարցը պարզեցնելու արվեստը։ Դա նման է այն հնարքին, երբ ծանր բեռը հնարքով հանգիստ տեղափոխում ես։ Վերցնենք թեկուզ նախկինների կողմից պետությանը գումար ու գույք տալու, նվիրաբերելու գործընթացը։ Պարզեցնենք։ 

Եթե մեկը, ում դուք  գող եք հայտարարում, խոշոր գումար նվիրի ձեզ, ի՞նչ կմտածեք։ Ամենամեղմը՝ ինձ ու՞մ տեղն եք դրել։ Սովորական մարդը այդպես կմտածի ու վախ կզգա, որ եթե գումարն ընդունի, ինքը ևս հանցակից կհամարվի։ Մեղսավոր հանցակցություն։ Այստեղ ուրիշ բացատրություն չկա։ Մեղադրանք ես հարուցել, որ նա գող է ու փող ես ընդունում նրանից՝ նվիրատվության տեսքով։ Ի՞նչ է սա կոչվում։   

Եթե փորձենք բարձրանալ ու հարցը քննարկել պետության մակարդակով, ուղղակի խայտառակություն կթվա։ Նիկոլ Փաշինյանը ու ոչ մի իշխանավոր մեր պետությունը չեն։ Դա նույնն է, եթե ասենք, որ Գարեգին Բ-ն մեր եկեղեցին է։ Ընդամենը ներկայացուցիչ են մի կարճ հատվածի համար, ովքեր պետք է առաջնորդվեն եղած չափանիշներով։

Նախկին պաշտոնյաներից պետությունը կարող է նվիրատվություն ընդունել, եթե նոր իշխանությունն այդքան մեծ աղմուկ բարձրացրած չլիներ, որ կարողությունները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով։ Կասկածելի կարողություններից ինչ որ բաժին վերցնելով, նոր իշխանությունը մասնակի՞ցը չի դառնում այն համազգային թալանի, որի մասին «կոկորդ պատռելով» եկավ իշխանության։ Ընդունելով այդ նվերը, ընկալվում է այն  որպես բարեգործություն։ Դա նշանակում է, որ  իշխանությունն օրինականացնում կամ փորձում է օրինականացնել նրանց վաստակածը։ Եթե նվեր չէ, այլ երկրին պատճառի վնասի փոխհատուցում է, ու՞ր է դրա « իրավաբանական դավթարը», որ իմանանք՝ ինչքան է վնասը ու ինչքան փոխհատուցումը։

․․․ Կամ հասկանանք՝  ի՞նչ մեխանիզմներով  է ընծան ընդունվում, կա՞ն ընդունման մեխանիզմներ։ Հայտարարված նվերի չափի տակ չկա՞ «քյաշ նվեր»։ Վաղը դա  կարող է բնութագրվել պաշտոնական լծակների ճնշմամբ որոշ մարդկանց ունեզրկելու քայլ և  դրանք ուղղվելու են նոր իշխանության  դեմ։ Իշխանությունը ամենաերերուն բանն է, որ վայրկյանների ընթացքում սահող հողի պես կարող է փախչել  ոտքերի տակից։ Այդ գումարների հետ կապված չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր։

Երեկ կառավարության շենքի դիմաց ցուցարարներից մեկն ասում էր՝ ինձ ի՞նչ, թե Սաշիկի փողերը ում ձեռքին են, մեկ է՝ ես հացի փող չունեմ։ Սա լուրջ ահազանգ է, որը շատերի կողմից է արդեն բարձրաձայնվում։  

Եթե  հայտարարվում է, որ այսինչ, այսինչ․․․ այսինչ բաները Սաշիկինը չեն․․․ Այսինքն մինչ այդ սխալ են ասվել, որ այս, այս, այս բաները նրանն են, ուրեմն ինչ է ստացվում։ Սաշիկ Սարգսյանը բարեգործ է։

Իրական կյանքից հայտնվում ենք աբսուրդային իրավիճակում՝ անհեթեթ, անիմաստ, իմաստազուրկ, անմիտ, անբովանդակ, բովանդակազուրկ․․․ Ու՞ր ենք գնում, ի՞նչ ենք ուզում, փակ շղթա է։  Շղթան արդեն խեղդում է։