«Ծաղիկներս մնացին հեռվում»

«Ծաղիկներս մնացին հեռվում»

Բոգդան Վերդյանի այս հիանալի գրքի վերնագիրը շատ համահունչ է իմ պատմությանը: Այսպես, ուրեմն` 2011թ․ մահացավ ամուսինս եւ հուղարկավորվեց Երեւանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը: Գերեզմանատան ադմինիստրացիայի ներկայացուցիչ Անդրեաս Միքայելյանը տեղ հատկացնելու համար գումար պահանջելուց հետո հավաստիացրեց, որ պետք է վերանորոգվեն եւ ասֆալտապատվեն գերեզմանատան  ճանապարհները, բայց մինչ օրս ոչինչ չի արվել: Դիմել եմ բազմաթիվ թեժ գծերի, նկարահանել են ճանապարհները,  իհարկե՝ հեռվից, որովհետեւ գերեզմանին ո՛չ մեքենայով, ո՛չ ոտքով մոտենալ չի լինում մեծ-մեծ քարերի, ցեխաջրերի եւ գարշահոտության պատճառով, հիմա էլ քիչ-քիչ վերածվում է աղբավայրի:

Դիմել եմ քաղաքապետարան: Պատասխանեցին, որ այդ հարցերով զբաղվում է գերեզմանատան ադմինիստրացիան: Էլ չգիտեմ ում դիմեմ։ Օգնեք ինձ: Նկարահանվելուց հետո հեռուստացույցով ցուցադրեցին, թե ես ինչքան հեռվից եմ նայում ամուսնուս շիրիմին եւ մոտենալ չեմ կարողանում: Այդպես էլ ծաղիկներս մնում են հեռվում...

Աղավնի ՄՈՒՐԱԴՅԱՆ