«Սեռավարակ» հումորն ու դրա «ուրախ» հետևանքները

«Սեռավարակ» հումորն ու դրա «ուրախ» հետևանքները

Ռուսական հաղորդումների նմանակումն այնքան է տարածված հայկական եթերում, որ շատերը սա ընկալում են որպես նորմ։ Նոր նախագծեր քննարկելիս, պրոդյուսերները հաճախ «իրենց» գաղափարները կարող են այսպես բացատրել․ «Типа, Модный приговор» կամ ««Окна»-ի նման բան եմ ուզում»։ Հեռուստադիտողը, հանդուրժելով կապկումը, չի էլ նկատում, թե ինչպես է գլորվում հանդուրժողականության անդունդը։ «Շանթ» հեռուստաընկերության դեպքում այդ անդունդը հստակ անուն ունի՝ «Վումնս քլաբ» կամ՝ ինչպես գրում են օրիգինալին մոտ լինելու համար՝ Women's Club։ Ի դեպ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում հստակ ամրագրված է․ «Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը»:

Բայց իրականությունից չկտրվենք։ Օրենքներից մեջբերումներ անելով՝ չձանձրացնենք։ Ո՞վ է մտածում այս օրենքի մասին, երբ «Շանթի» սեռական, վարակիչ, կարելի է ասել՝ սեռավարակ «քլաբի» վրա հռհռացող հազարավոր հեռուստադիտողներ կան Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում։ «Հեռուստատեսության մասին օրենքն» ո՞ւմ «բանին» է, ինչպես կասեր Women's Club-ի «մարմնական» հումորի «աս» Գոռը։ Նրան, իր իսկ պատմելով, փողոցում հանդիպելիս հարցնում են․ «Դու բանի մեջի բանը չե՞ս», ու ուզում են նրա հետ նկարվել։ Խորը տեղ մտցրեք ձեր ճաշակն ու կրթությունը, որովհետեւ Գոռը պատասխանում է․ «Նկարվես, ի՞նչ ես անելու։ Տանելու ես դնես բանիդ մե՞ջ»։ Կադրից դուրս՝ քրքիջ։ Այս քրքիջը լսվում է երեք վայրկյանը մեկ, կարեւոր չէ, թե ինչից են խոսում «վումընները» ու նրանց տղամարդիկ։ «Մարմնական» թեման Women's Club-ում անսպառ է։ «Մարդիկ հոգնել են Նոր տարվա բդերից, փակի՛ բդերդ»,- ասում է «ալա Լուիզ Ներսիսյան» շպարված-սարքված «վումըններից» մեկը։

«Բդից» հետո անցում «ձեռ քցելուն», դե, դրանից էլ՝ «շինելուն»։ Այդ թողարկումը՝ «բդերի ու շինելու» մասին, իրականում նվիրված էր ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Նա՝ որպես հյուր, նստած էր դահլիճում այլ մարզիկների հետ, չափի մեջ ծիծաղում էր, հարցերի էր պատասխանում։ Նրա հետ հարցազրույցից հետո երկար կոմիքս ցուցադրեցին այն մասին, թե ինչպես են ծանրորդուհիները, հետույքները տնկած, մարզադահլիճում պարապում, իսկ մարզիչը նրանց հարմար դիրքերում է կանգնեցնում ու պարբերաբար «ճտտացնում» է նրանց փափուկ տեղերին։ Ընդ որում, ծանրորդուհիներին դա դուր է գալիս, ու նրանք խնդրում են մարզիչին դա անել։ Սրան, բնականաբար, հետեւում է բազմահազար քրքիջ։ Հատկապես բարձր էին ծիծաղում «քլաբում» հավաքված սպորտսմենները։ Նրանց խրախճանքը Նազիկը չէր կիսում։ Նա քաղաքավարի ժպտում էր։

«Շանթի» Women's Club-ը նման է գյուղական «ժեշտե բուդկի», որի վրա գրված է․ «Էդեմ», «Ատլետիկո Զովունի» կամ, ասենք՝ «Արտաշատ Պլազա»։ Վերջին թողարկումներից մեկում չքնաղ կանայք, բեմում շարված, մեկը «կարտոշկա» է կլպում, մյուսները «հումորներ են վառում»։ Օրինակ՝ այսպիսի․ «Քեզ թվում ա կարտոշկան կլպած ա՞ աճում։ Չէ, ինձ թվում էր, թե մենակ տղամարդկանց են կլպում»։ Ասողները ճաշակ ու ոճ, վարքի նորմեր, բարոյականություն, արժեքներ են թելադրում երիտասարդ աղջիկներին, որոնք մտքում երազում են Լիլիին ու Լուիզին նմանվել, հեռախոսներում նրանց նկարներն են պահում։ Կարող ես ծիծաղել-անցնել, փոխել հեռուստացույցի ալիքը։ Իսկ եթե 16, 17 տարեկան աղջիկ ե՞ս։ Ուր նայում ես՝ «չքնաղներին» ես տեսնում ու չունես այլընտրանք։ Կամ ունես, բայց այլընտրանքը տխուր, ձանձրալի դասախոսությունն է՝ բարոյականության ու հայեցի արժեքների մասին։ Ի դեպ, Women's Club-ի այդ թողարկումն աչքի տակով անցկացնելիս (զուտ հոդված գրելու նպատակով, այլ բան չմտածեք) անհամբեր սպասում էի «բուն թեմային»՝ «Շանթի» սեռավարակ հումորին։ Երկար չսպասեցի։ Բեմում սկսվեց մի չաղ տղամարդու թութքի ստուգում։

Իհարկե՝ ձեռնոցով։ Հետո տղան ու աղջիկը սեքսից ստացած տպավորությունները սկսեցին պատմել՝ «էսի վերջն էր», «էսի էշություն էր», «Եզություն էր» (հեռուստատեսության մասին օրենքի՝ գրական լեզվին վերաբերող դրույթը չեմ ցիտում, որ չձանձրացնեմ)։ Հետո մտավ արտաթորման թեման, որով զբաղվելուց հետո երիտասարդը կանչում է մորը․ «Մամ, վերջացրեցի, արի սրբի»։ Հաջորդ հերոսուհին խանութի վաճառող է, երբ ասում են՝ կաթ տուր, իր կուրծքն է դեմ տալիս։ Մյուս կատակը՝ հղի կնոջ աչքի առաջ մի տղամարդ միզում է։ Հետո գալիս է սրամիտ տղա Գոռը։ Նրա «բոցն» էլ մեքենա ունեցող աղջկա մասին է՝ մեկը նրան «էռնեկ» է տալիս, որ մեքենա ունի եւ՝ ուշադրություն, մեխը՝ «ինքը «էռնեկը» չի տվել, որ մեքենա ունի»։
 

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մի քանի տարին մեկ փորձում է կարգուկանոն մտցնել այս հարցերում, արգելել կամ սանկցիաներ կիրառել գողական ենթամշակույթ, ագրեսիա քարոզող, փողոցային բառապաշար տարածող, բարբառախոս, հայհոյասփյուռ հեռուստաընկերությունների դեմ, ֆիլտրել սերիալների ու հաղորդումների լեզուն։ Արդյունքը ժամանակավոր է։ Պարբերաբար նոր ֆիլտրերի անհրաժեշտություն է առաջանում։ Մեզ ապավեն մնում են առողջ տրամաբանությունն ու հեռուստավահանակը՝ ալիքները փոխելու համար։
ՀԳ․ Խնդրում եմ «Շանթին»՝ սույն հրապարակումն ընդունել ընդամենը որպես կարծիք։ Ինչպես ասում են՝ «ничего личного»։