Օսիպյանի եղբորորդին մանրամասներ է պատմում դանակահարության դեպքից

Օսիպյանի եղբորորդին մանրամասներ է պատմում դանակահարության դեպքից


Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, հերքում է, որ ինքը դանակահարել է Վանուշ Ալեքսանյանին։ Հիշեցնենք․ 2014 թվականի հունիսի 1-ին՝ այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ, այժմ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ դանակահարության դեպք էր գրանցվել։ Հանցագործության մեջ կասկածվող Սեդրակ Օսիպյանը շուրջ մեկ տարի հետախուզվում էր, ապա 2015-ի մարտի 21-ին ներկայացել էր Քննչական կոմիտե եւ ցուցմունք տվել, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Գործի քննության ընթացքում նույնիսկ Վալերի Օսիպյանի նկատմամբ էր քրգործ հարուցվել ու կարճվել։ Քրեական գործը կրկին վերաբացվել է, մինչ այս վկայի կարգավիճակ ունեցող Սարգիս Հովհաննիսյանին Մոսկվայում կալանավորել են, նրան մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով, նույն հոդվածով մեղադրվում են նաեւ Վիգեն եւ Վանուշ Ալեքսանյանները։ Դանակահարության մեջ մեղադրվում է Սեդրակ Օսիպյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ եղբորը մեղադրանք առաջադրելը մի նպատակ ունի, որպեսզի հետագայում դանակահարությունը «կարեն» իր եղբոր վրա, եւ Օսիպյանի եղբորորդուն ջրից չոր դուրս բերեն, այդպես նաեւ մաքրեն Վալերի Օսիպյանի անունը։ Ինքը՝ Սեդրակ Օսիպյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իր անմեղությունը պատրաստ է ապացուցել, եթե առերեսում տեղի ունենա․ «Դանակահարությանը՝ իմ մասնակցության հետ կապված, ես հերքում եմ, դա սուտ է, հետաքննությունն ընթացքի մեջ է, ես ընթացքում կապացուցեմ իմ անմեղությունը, ու հերթով բոլորի անուններն ի հայտ կգան, թե ով է արել, ով է եղել մասնակից, ու որ ես արդար եմ։ Իր եղբայրը պնդել է, որ Սարգիս Հովհաննիսյանի՝ բարձրագույն կրթության բացակայության պատճառով կարող են իրեն շփոթեցնել եւ իր խոսքերն իր դեմ օգտագործել, ես էլ պնդում եմ, որ իրենք ընդամենը վախենում են իմ ու իր եղբոր առերեսումից, որովհետեւ ինձ թվում է, որ մեր նախաքննական մարմիններն այդքան տգետ չեն եւ երկու մարդկանց առերեսման ժամանակ կհասկանան, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սուտ»։
Սեդրակ Օսիպյանին խնդրեցինք վերհիշել եւ ներկայացնել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, Սամվել Հովհաննիսյանը ներկայացրել էր իր տարբերակը։
«Տան մուտքից դուրս եմ եկել, Վանուշ Ալեքսանյանի փոքր եղբոր հետ բանավեճի մեջ ենք մտել՝ այդ նույն թքելու հետ կապված, ինքը ոնց որ ասաց, որ գնանք մեծ եղբոր հետ խոսենք, բայց ոնց որ գնացին, եկան, էդ ամեն ինչը միանգամից ծեծկռտուքի վերածվեց, այսինքն՝ ոչ մի խոսակցական չի եղել, իրենք տրամադրված եկել էին կռվի նպատակով։ Եկան, կռվեցին, այդ խառնաշփոթ իրավիճակում Սմբուլ Հովհաննիսյանը (Սարգիս եւ Սամվել Հովհաննիսյանների մայրն է՝ Կ․ Ս․) քաշում է, որ ես դուրս գամ այդ կռվի միջից, շրջվելով հասկացա, որ ինքն արդեն մոտավորապես ինձնից մի 10 մետր հեռու գնում է դեպի իրենց տան մուտքը, հետեւեցի իրեն եւ հասկացա, որ տանը շորերն է սկսում փոխել, ասաց՝ ի՞նչ է եղել, ու այդտեղից սկսվեց ամեն ինչը։ Հետաքննությունն ամեն ինչ ցույց կտա։ Ես իմ ցուցմունքում նշել եմ, որ ես չեմ եղել, եւ կարող եմ ասել, թե ով է եղել։ Հետաքննությունը թող առերեսում էլ կազմակերպի, ես չեմ խուսափում, ես այս ողջ ընթացքում՝ 2014 թվականից առայսօր, Հայաստանը մի վայրկյան անգամ չեմ լքել, 10 օրով արձակուրդ եմ գնացել, աշխատել եմ ՊԲ զորքերում, միշտ այստեղ եմ եղել, ես ոչ մի բանից չեմ խուսափել, ո՛չ առերեսումներից, ո՛չ Քննչական կոմիտե գնալուց, պատմելուց, շփվելուց, համագործակցելուց։ Ես Ղարաբաղում եմ ծառայել՝ պայմանագրային հիմունքներով, կարող եք հարցում անել եւ համոզվել, որ ես այդ ընթացքում ոչ մի տեղ չեմ գնացել»։

Հարցրինք նաեւ, թե ինչպես է ստացվել, որ տուժող կողմն իր նախնական ցուցմունքներում նշել է հենց Սեդրակ Օսիպյանի անունը, նկարագրել նրան, սակայն հետո տրամագծորեն հակառակ ցուցմունքներն է տվել։ «Մի ժողովրդական խոսակցություն կա դրա մասին, որ ականջից ականջ, բերանից բերան փոխանցված խոսակցություն է եղել․ իր մորը շոկային իրավիճակում Սմբուլ Հովհաննիսյանը տրամադրել է, որ ես եմ եղել, հետո ընթացքում, երբ որ իր տղան ապաքինվել է, ինքը հասկացավ, որ չի հիշում, որ ես եմ եղել, դրա համար իրենք չկարողացան իրենց այդ ասածը պնդեն։ Ուղղակի ինքը երբ որ բժշկական հետազոտությունների ընթացքում հիվանդանոցում է եղել, չեն կարողացել իրեն նորմալ քննել։ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքերից, որ պատմել է Վանուշ Ալեքսանյանի մորը, այդ խոսակցություններից է նա ենթադրել, որ ես եմ արել, մանավանդ, որ կոնֆլիկտի հրաբուխն ինձնից է եղել»,- ասաց Սեդրակ Օսիպյանը։