ԿԳՆ-ում չեն ստացել Իսրայելում ձերբակալված 40 բժիշկների տվյալները

ԿԳՆ-ում չեն ստացել Իսրայելում ձերբակալված 40 բժիշկների տվյալները

Արտերկրի ուսանողներին հայկական որոշ բուհերի կողմից կեղծ դիպլոմներ տալու մասին տեղեկությունը մամուլում հայտնվեց շուրջ երկու տարի առաջ, այն սպառնում էր վերածվել միջազգային սկանդալի, ուստիեւ հայտնվեց նաեւ մեր իրավապահների ուշադրության կենտրոնում։

Մի որոշ ժամանակ անց, սակայն, այդ ամենը մոռացվեց։ Տարեսկզբին կրկին իսրայելցիներն անդրադարձան մեր բուհերի կողմից կեղծ դիպլոմներ տալու թեմային՝ մամուլում տարածելով այդ մասին տեղեկատվություն, ինչին, սակայն, մինչ օրս կառավարությունը չի արձագանքել։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն էինք ուղղել հետեւյալ հարցերը։

1․ Մամուլում քանիցս եղել են հրապարակումներ, որ արտասահմանցի ուսանողներին հայկական որոշ բուհերի կողմից տրվել են ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ։ Մասնավորապես գրվել է, որ այդ փաստաթղթերի հիման վրա նրանք ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իսկ տարեսկզբին newsru.co.il կայքը հրապարակել էր տեղեկություն, որ Իսրայելում, Լակիա քաղաքից մինչեւ հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործունեության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների եւ դեղագործների, որոնք կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ ԿԳՆ-ն անցկացրե՞լ է ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով է հավաստի այդ տեղեկությունը։

2․ Կա՞ն բուհեր, որոնք չեն համապատասխանում օրենքով սահմանված չափորոշիչներին, ի՞նչ քայլեր է ձեռնարկել ԿԳՆ-ն այդ ուղղությամբ։

3․ Վերջին մեկ տարվա ընթացքում կա՞ն բուհեր, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը այդ չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով։

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն արձագանքել է մեր հարցմանը, որը համեմված է մի շարք օրենքներից եւ որոշումներից արված հարուստ մեջբերումներով․ «ՀՀ կրթական ծրագրերի, այդ թվում՝ բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացը իրականացվում են «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների, կրթական չափորոշիչների, նորմատիվային պահանջների, ՀՀ կառավարության 2009թ․ հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգերով սահմանված պարտադիր պայմանների եւ պահանջների համապատասխան։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 13․1 հոդվածով սահմանված են օրենսդրության պահանջների խախտման դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը։

ՀՀ-ում կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացն իրականացվում է 2000 թվականի հուլիսի 7-ից, մինչ այդ՝ սկսած 1990 թվականից, կրթական ծրագրերով գործունեություն իրականացվում էր կրթության եւ գիտության նախարարության արտոնագրերով»։ Լուսինե Առաքելյանը մեզ հիշեցրել է, որ, սկսած 2000 թվականից՝ ՀՀ-ում գործել է շուրջ 86 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Նախարարի տեղակալը մեր հիշողությունը «թարմացրել» է՝ նշելով նաեւ, որ տարբեր տարիներին օրենքի խստացմամբ պայմանավորված եւ ՀՀ ԿԳՆ լիցենզավորման գործակալության պլանային ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքերով կասեցվել են, իսկ այնուհետեւ դադարեցվել են մի շարք բուհերի գործունեության լիցենզիաները։ «2017-2018թթ․ Լիցենզավորման գործակալության ուսումնասիրությունների արդյունքում դադարեցվել է 6 ոչ պետական բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի, իսկ 4 բուհի՝ մագիստրոսի կրթական ծրագրի լիցենզիաների գործողությունները։

ՀՀ-ում 2019թ․ դրությամբ գործում են 27 պետական՝ իրենց 13 մասնաճյուղերով եւ 25 ոչ պետական բուհեր։ Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներով եւ բուհերի խոշորացման պետական քաղաքականությամբ պայմանավորված՝ շարունակվում է մի շարք բուհերի միավորման գործընթացը։ Արդյունքում դրանց թիվը եւս կնվազի»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում։

Վերջապես հասանք իսրայելական կողմից կասկածի ենթարկված բազմաչարչար դիպլոմներին, որոնց ԿԳՆ-ն հարկ է համարել անդրադառնալ վերջում։ «Ինչ վերաբերում է իսրայելական ոստիկանության կողմից բերման ենթարկված 40 բուժաշխատողի մասին «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկությանը՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԿԳՆ-ն 2018թ․ դեկտեմբերի 3-ին թիվ 01/05․1/18517-18 գրությամբ դիմել է ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով միջնորդություն նշված 40 անձանց վերաբերյալ (անուն, ազգանուն, ՀՀ բուհերի կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը) պաշտոնական տեղեկատվություն իսրայելական կողմից ստանալու հարցում, որի պատասխանը դեռեւս չի ստացել»,- արձագանքել են ԿԳՆ-ից։