Այդ բանաձևերն առայժմ ունեցել են մեկ հետևանք` Ադրբեջանը կասկածի տակ է դրել Ֆրանսիայի անաչառությունը

Այդ բանաձևերն առայժմ ունեցել են մեկ հետևանք` Ադրբեջանը կասկածի տակ է դրել Ֆրանսիայի անաչառությունը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

- Երեկ Ֆրանսիայի պառլամենտը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Չնայած այս ամենին Ֆրանսիայի ԱԳ ներկայացուցիչը հայտնել է, որ երկու պալատների բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։ Ի վերջո` Ֆրանսիայի այսօրինակ հակասական դիրքորոշումը և թվացյալ պրոհայկական գործողություններն ի՞նչ են նշանակում:

- Արդեն իսկ նշեցիք, որ պաշտոնական Փարիզի արձագանքն ակնհայտ է դարձնում, որ վերոնշյալ բանաձևերում նկարագրված գործիքակազմերի մեծ մասը չի կիրառվելու, առնվազն մոտ ապագայում: Ընդհանրապես պետք է մի բան հասկանալ, որ Ֆրանսիայի նման խոշոր երկրներն իրենց համար քաղաքական գործիքներ են ստեղծում, որն իրենք օգտագործում են միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի իրենց: Ֆրանսիան այդ բանաձևը չի ընդունել հանուն Հայաստանի, կամ հայ ժողովրդի սիրուն աչքերի համար: Դա կարելի է դիտարկել որպես իրենց քաղաքական ազդեցության գործիք: Տարիներ շարունակ տարբեր երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և դա կրկին չի արվել հանուն Հայաստանի, կամ հայ ժողովրդի, դա վերաբերվել է երրորդ երկրներին` Թուրքիային: Իհարկե, այդ բանաձևում հայանպաստ ձևակերպումներ կան, որոնցից պետք է օգտվի Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը: Ամեն դեպքում պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, ոգևորվել, մանավանդ, որ այդ բանաձևերի ընդունումն առայժմ ունեցել է մեկ հետևանք` Ադրբեջանը կասկածի տակ է դրել Ֆրանսիայի անաչառ միջնորդությունը, հրաժարվելով մասնակցել բանակցություններին: Պետք է այս հարցերին նայել մի քանի տեսանկյունից:

- Այսպիսով` Ադրբեջանը Ֆրանսիային համարում է իր թշնամին: Սա մեզանում շատերին, հատկապես` իշխանական շրջանակներին խիստ ոգևորել է, սակայն իրականում հասկանալի է, որ սա հենց Հայաստանի Հանրապետության համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Եկեք խոսենք այդ հնարավոր վտանգների մասին:

- Բրյուսելյան բանակցությունների հարթակն արդեն իսկ ակնհայտորեն հայտնվել է ճգնաժամի մեջ: Տեսանելի է, որ բրյուսելյան հարթակում առաջիկայում չենք տեսնելու բանակցային պրոցես: Չգիտեմ, թե Ֆրանսիայի իշխանությունները նման վարքագիծ որդեգրելուց առաջ այս հանգամանքը հաշվի առել էին, թե ոչ: Եթե կանխատեսել էին, արդյո՞ք դրանից հետո Ֆրանսիան կիրառելու է պահեստային քայլեր, թե ոչ: Սրանք հարցեր են, որոնք տեղեկության սակավության պատճառով չունեն հստակ պատասխաններ: Առհասարակ, մենք կարիք ունենք այսօր ոչ թե ականջ շոյող հայտարարությունների, այլ` երկրների, որոնք կերաշխավորեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և կտան ինստիտուցիոնալ խաղաղության երաշխիքներ:

- ՀՀ իշխանությունները չե՞ն գիտակցում, որ ականջ շոյող հայտարարություններով հրապուրվելը որևէ տեղ չի տանում մեզ: Հարկավոր են գործնական քայլեր: Սա քաղաքական մտքի տկարության արդյո՞ւնք է, թե՞ դիտավորյալ բանակցությունները հերթական անգամ փակուղի մտցնելու նպատակ ունի:

- Ես չէի ասի, որ իշխանությունները խանդավառության մեջ են: Սենատի բանաձևի ընդունումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպեցին Թունիսում, նույնիսկ պաշտոնական հաղորդագրության մեջ չկար անդրադարձ Սենատի բանաձևին: Հայաստանի իշխանությունները հասկանում են սա: Իրենց խնդիրն այն է, որ օրակարգ չունեն: Սրա հետևանքով էլ շատ հաճախ մեր շահերը ստորադասվում են երրորդ երկրների շահերին և նրանց հարաբերություններին, այստեղ խնդիրը Ֆրանսիայի պառլամենտի ընդունած բանաձևը չէ, ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները զուրկ են քաղաքական օրակարգից:

- Նշում եք, որ մեծ երկրները հիմնականում առաջնորդվում են սեփական շահերով: Ո՞րն է Ֆրանսիայի շահն այս հարցում: Ինչո՞ւ է թվացյալ հայամետ հայտարարություններով, բանաձևերով հանդես գալիս` Ադրբեջանի դեմ փորձում պատժամիջոցներ կիրառել։

- Մի քանի պատճառներ կարող ենք առանձնացնել: Առաջին հերթին տարածաշրջանային հարաբերությունների համար ստեղծում է նպաստավոր քաղաքական գործիքներ: Ֆրանսիայի հաշվարկներով Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելն իր համար մեծ գործիք է: Ֆրանսիան, ըստ ամենայնի, փորձում է տարանջատվել Եվրամիության էներգետիկ քաղաքականությունից, սա իր համար շատ կարևոր հարց է: Չեմ բացառում նաև, որ գուցե ֆրանսիացիները բրյուսելյան հարթակը փակուղի մտցնելով փորձում են համագործակցության քողարկված առաջարկ անել Ռուսաստանի Դաշնությանը, մեր տարածաշրջանում համագործակցելու առումով:

- Գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են լինում: Թշնամի պետությունը անթաքույց ամեն օր մի նոր ագրեսիվ քայլի է գնում: Տեսակետներ կան, որ մոտ ժամանակներս կարող են սահմանին նորից գործողություններ սկսվել: Սրա հավանականությունն այսօր մե՞ծ է` Ձեր կարծիքով:

- Քանի դեռ միջազգային երաշխիքներով խաղաղության պայմանագիր չի կնքվել, էսկալացիայի վտանգը մեծ է: Ես, իհարկե, առաջիկայում լայնածավալ բախումների հավանականությունը համարում եմ շատ քիչ, սակայն նորից եմ ասում` քանի դեռ միջազգային երաշխիքներով ամրագրված խաղաղության պայմանագիր չկա, ամեն րոպե կա բախման վտանգ, ընդ որում` տարբեր առիթներով: Բանակցային գործընթացներն էլ որևէ ազդեցություն չեն ունեցել: