Գյումրու քաղաքապետի մեկ թեկնածու առաջադրվեց. կուսակցությունները պատրաստվում են քվեարկել

Գյումրու քաղաքապետի մեկ թեկնածու առաջադրվեց. կուսակցությունները պատրաստվում են քվեարկել

Մեկնարկել է Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը: 5 քաղաքական ուժի 33 ավագանու անդամներ ընտրեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որին հաջորդեց քաղաքապետի թեկնածուների առաջադրումը: «Բալասանյան դաշինքն» առաջադրեց Վարդգես Սամսոնյանին, «Քաղաքացիական պայմանագիրը» հրաժարվեց թեկնածու առաջադրելուց՝ նշելով, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել. իրենք միաձայն քվեարկելու են Վարդգես Սամսոնյանի օգտին, քանի որ ցանկանում են քաղաքի կառավարումն անցնցում լինի:

«Զարթոնք», «Հանրապետական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները ևս հրաժարվեցին թեկնածու առաջադրելուց, միաժամանակ չբացահայտելով՝ քվեարկելու են «Բալասանյան դաշինքի» թեկնածուի օգտին, թե ոչ: Քաղաքապետի միակ թեկնածուն էլ իր խոսքում կարևորեց, թե իր երազած քաղաքը շատ չի տարբերվում մյուս գյումրեցիների երազանքից, անելու է հնարավորը քաղաքը ծաղկեցնելու համար:

Ի դեպ, չմոռացավ նշել, որ իր աշխատանքային կարիերայի սկիզբը դրվել է Բալասանյանների ընտանիքին պատկանող գարեջրի գործարանից, որտեղ սկզբնական շրջանում աշխատել է որպես բանվոր: Այս պահին կես ժամով ընդմիջում է հայտարարված, որից հետո կուսակցությունները կընտրեն Գյումրու քաղաքապետին:

Նշենք, որ «Բալասանյան դաշինքի» 14  և «Քաղաքացիական պայմանագրի» 11 անդամների ձայները միասին լիովին բավարար են Վարդգես Սամսոնյանին քաղաքապետ կարգելու համար:Նշենք, որ  բավարար էր նաև Զարթոնքի հետ միավորվելու դեպքում, սակայն Բալասանյան դաշինքը գերադասեց հուշագիր ստորագրել Քաղաքացիական պայմանագրի հետ: