Հայաստանի ապագան կախված է Զանգեզուրյան թնջուկի ճիշտ իրավական լուծումից

Հայաստանի ապագան կախված է Զանգեզուրյան թնջուկի ճիշտ իրավական լուծումից

Ցանկանում եմ արձանագրել, որ մի դեպքում Զանգեզուրի ճանապարհի, մյուս տարբերակով Զանգեզուրի միջանցքի հետ կապված քաղաքական որոշում կայացնելիս, այնուհետև Ռուսաստանի, Ադրբեջանի հետ միջպետական պայմանագիր կնքելիս անհրաժեշտ է, որպեսզի այն համապատասխանի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավանորմերին։

Մասնավորապես, Զանգեզուրը միջազգայնորեն ճանաչված է, որպես Հայաստանի տարածք, ուստի զանգեզուրյան միջանցքի առկայության պայմաններում, որպես չեզոք գոտի, չի կարող գործել Հայաստանի օրենքները, մինչդեռ զանգեզուրյան միջպետական ճանապարհի առկայության պայմաններում գործելու են Հայաստանի ներպետական օրենքները։ Այսինքն, ադրբեջանական այն միֆը, որ Զանգեզուրյան միջանցք է գործելու, հակասում է միջազգային իրավանորմերին և իրավակիրառ պրակտիկային։ Բացառապես այն դեպքում այն կարող է գործել, եթե այդ հարցը դրվի և լուծվի հանրաքվեի միջոցով։

Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ բացառապես իրավական նման ձևաչափով ներկայացնի խնդիրը, որը չի կարող բեկման ենթարկվել հենց միջազգային իրավունքի ուժով, որից հետո, իրավամբ, գործելու է ոչ թե Զանգեզուրյան միջանցքը, այլ Զանգեզուրյան միջպետական ճանապարհը, որտեղ գործելու են Հայաստանի օրենքները։ Ավելին, եթե ադրբեջանն առաջարկելու է Լաչինի միջանցքի փոխարեն Զանգեզուրի միջանցքը, ապա օրենքի ուժով հնարավոր չէ այն նույն հարթության վրա քննարկել, քանի դեռ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, ի տարբերություն Նախիջևանի, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Հետևություն, Զանգեզուրում օրենքի, իրավունքի, իրավակիրառ ուժով գործելու է բացառապես միջպետական ճանապարհ, որտեղ գործելու են ՀՀ օրենքներն ու միջազգային պայմանագրերը։

Լևոն Բաղդասարյան, փաստաբան