Նախկին տնօրենը պնդում է՝ ինքը ևս ժառանգություն է ստացել 626 կորած մշակութային գործ

Նախկին տնօրենը պնդում է՝ ինքը ևս ժառանգություն է ստացել 626 կորած մշակութային գործ

Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների գույքագրում երբեւէ չի իրականացվել։

Ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պահանջով իրականացված 2018-2019թթ. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում ակնհայտ է դարձել, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ եւ այլն՝ շուրջ 120 մլն դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաեւ կարեւոր գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող, 60 մլն դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» եւ Հ. Զարդարյանի վրձնին պատկանող, 2 մլն դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարները: Նկատի ունենալով արձանագրված խախտումները՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ։     

Դրանից անմիջապես հետո արձագանքեց նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահը՝ պաշտոնապես տեղեկացնելով, որ «Մամուլում եւ հեռուստաընկերություններում տեղ գտած եւ մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրեւ թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը: Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը 2016 թվականին լուծարվել եւ միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման եւ հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր եւ իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ»։

Սույն հաղորդագրությունն ավարտվում է լրագրողներին ուղղված հորդորով՝ զերծ մնալ Հայաստանի մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի անունն անհարկի շահարկելուց ու չփորձել մոլորեցնել մեր հասարակությանը: Մի բան, որն արել էր հենց դատախազությունը՝ իր հաղորդագրությունը տարածելով «ՀՀ դատախազության ուսումնասիրություններով, Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն ՀՀ դրամ արժեքով մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ» վերնագրով։ 

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Խաչատուր Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն աշխատել է 2012-16 թթ․, եւ այդ ընթացքում՝ իր տնօրինության օրոք, որեւէ բան չի կորել․ «Ու չէր էլ կարող կորել։ Իսկ այդ ժառանգությունը ես ստացել եմ նախորդներից, եւ այդ կորած աշխատանքները եղել են Սովետական Միության ժամանակ, որոնց մասին համարյա բոլորն էլ տեղյակ են եղել»։

Ընդգծում է՝ 2012-ին, նախարարի հրամանի հիման վրա, հանձնաժողով են ձեւավորել եւ ամբողջը գույքագրել։ «Առկան ֆիքսել ենք եւ դրանով սկսել ենք աշխատել»,- ասում է Աբրահամյանն ու հավելում, որ դատախազության հաղորդագրության մեջ հիշատակված կորուստների մասին իրենք բարձրաձայնել են մի քանի անգամ․ «Նաեւ այդ ժառանգության մասին, որ ստացել ենք, ամեն տարի մի քանի անգամ ես բարձրաձայնել եմ այդ խնդիրների մասին»։ Այդ դեպքում ինչո՞վ է բացատրում դատախազության նման մեկնաբանությունը։ «Ես չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված»,- ասում է ու շտապում ճշտում մտցնել՝ քրեական գործը հարուցվել է ոչ թե կոնկրետ անձի, այլ՝ ՊՈԱԿ-ի վրա։ Մնացած ինֆորմացիան նախաքննությունից հետո պարզ կլինի, իսկ իրեն դեռ չեն կանչել հարցաքննության։  

«2016թ․ քանի որ կառավարության որոշման հիման վրա մենք վերամիավորվեցինք պատկերասրահի հետ, ես ամբողջ գույքը, բանալիներով հանդերձ, հանձնել եմ պատկերասրահին եւ աշխատանքից դուրս եմ եկել, թե դրանից հետո ինչ է կատարվել ու կատարվում, ես անտեղյակ եմ»,- նկատում է նախկին տնօրենն ու հավելում, որ կորած 626 մշակութային արժեքների մասին մշակույթի նախարարությունը տեղյակ է եղել, այդ փաստերը վերադասին ներկայացրել են հանձնաժողովի արձանագրության հիման վրա։  

Ավելին՝ իր աշխատած տարիներին իր իսկ նախաձեռնությամբ փորձել է այդ կորած աշխատանքների հետքերով գնալ ու գտնել դրանք եւ որոշ բաներ գտել է․ «Որոշ բաներ էլ սովետական ժամանակաշրջանում տրված են եղել ինչ-որ գործարանի, որոնք՝ որպես այդպիսին, նույնիսկ գոյություն էլ չեն ունեցել եւ հիմա էլ չկան։ Բացի դրանից, որոշ բաներ Լենինականի դպրոցներից մեկին է տրված եղել, որը քանդվել է, իսկ նկարները՝ կորել։ Եթե ֆիզիկապես կարողացել ենք ինչ-որ ճանապարհ գտնել ու նաեւ՝ պատասխան, թե այդ նկարները որտեղ են, ինչ են, դա մեր կողմից արվել է, ու նույնիսկ որոշ բաներ գտել՝ հետ ենք բերել»։ Հնարավո՞ր է, որ չափազանցված է 626 անուն կորած մշակութային արժեքների թիվը, Աբրահամյանը չի կարծում․ «Ամեն դեպքում, փորձաքննությունը վերջում կասի»։