Հրապարակային թամաշա` «դուխաթափությունից» առաջ

Հրապարակային թամաշա` «դուխաթափությունից» առաջ

«Եվ շատ ձեռնարկներ, մեծ ու կարեւոր, շեղվում են այսպես իրենց հոսանքից եւ գործ կոչվելու անարժան դառնում…»։ Շեքսպիր, «Համլետ»

Հասարակության ուշադրությունը կարեւոր ու առանցքային հարցից շեղելու համար արհեստական խնդիրներ առաջացնելու արատավոր երեւույթն ունի հին արմատներ եւ բնորոշ է բոլոր տոտալիտար հասարակություններին եւ ոչ միայն: Հասարակության մեծ մասի ուշադրությունը շեղելը եւ նրան մանիպուլացնելը իշխող ղեկավարության համար բարդ գործ չէ, մանավանդ, երբ խոսքը փոքր հասարակությունների մասին է: Հայաստանում թե՛ նախկինում եւ թե՛ այժմ առկա է այս երեւույթը:

Ապրիլյան իրադարձություններից հետո շատ են շրջանառվում «իրավագիտակից քաղաքացի», «հպարտ ու պահանջատեր քաղաքացի» եզրույթները, որոնք ենթադրում են հասարակության կողմից իրենց խնդիրների հանդեպ հետեւողական պահանջատիրություն: Խնդիրները շատ են, սակայն «նոր» Հայաստանի պահանջատեր քաղաքացին դեռեւս հապաղում է իր պահանջատիրության մեջ: Խնդիրը մեծ մասի անմնացորդ նվիրո՞ւմն է հեղափոխական իշխանությանը, կուտակված ատելությո՞ւնն է նախորդ իշխանությունների նկատմամբ, դեռեւս անհրաժեշտ իրավագիտակցության բացակայությո՞ւնն է, թե՞ բոլորը միասին` այլ հարց է:

Ունենք մի իրավիճակ, երբ առաջացած խնդիրները դեռեւս լուծում չստացած` մղվում են ետին պլան, որովհետեւ մոտեցող ամեն մի օր իր հետ բերում է նոր խնդիրներ, եւ հինն այլեւս դադարում է «ակտուալ» լինելուց: Տպավորություն է, որ հրապարակի վրա են մնում միայն այն թեմաները, որոնք ոմանց կողմից հետեւողականորեն կառավարվում ու ուղղորդվում են, իսկ ամեն նոր օրվա հետ առաջացած խնդիրները, ամեն հաջորդ օրվանն ընդառաջ, դառնում են պատմություն եւ դադարում են իրենց վրա պահել հասարակության մեծ մասի ուշադրությունը: Օրինակ, վերջերս հասարակության ուշադրությունը սեւեռվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատի փլուզման վրա, քննարկումները, մեղադրանքները, արդարացումները եւ այլեւայլ մեկնաբանությունները չուշացան:

Անցավ մի քանի օր, եւ հասարակությունը, թողնելով այս խնդիրը, անցավ մեկ ուրիշի քննարկմանը: Նույնը կարելի է ասել կառավարությունում սպասվող կրճատումների մասին, գազի թանկացման, մարզպետարաններում շռայլվող պարգեւավճարների մասին եւ այլն․ օրինակները շատ են: 
Ստեղծված անհեթեթ իրավիճակը նոր կառավարության համար` իր սխալները, բացթողումներն ու առաջացրած խնդիրները կոծկելու ու լղոզելու առումով, լավագույն միջավայրն է ստեղծում:

Որովհետեւ այս իրավիճակում, երբ քաղաքացիներն այս կամ այն հարցի շուրջ հետեւողական պահանջատիրություն չեն դրսեւորում, իշխանությունը պարտավորված չի լինում սեփական բացթողումների պատճառով առաջացած խնդիրների համար պատասխանատվության ենթարկել սեփական ներկայացուցչին, եւ գործը փակվում է լղոզվելու ճանապարհով: Իշխանության ներկայացուցիչների կողմից շահարկվում է «իշխանությունը պատկանում է ժողովրդին» այլեւս հնացած թեզը, եւ, ըստ այդ տրամաբանության, եթե ժողովրդի «օրակարգում» այս կամ այն հարցը չկա, ուրեմն դրա լուծմանն անդրադառնալու առաջնահերթություն էլ չկա: Իսկ ժողովրդի օրակարգում չկա այդ խնդիրը, որովհետեւ ամեն նոր օրվա հետ այն փոխվում է:

Խորհրդարան գործուղված նոր սերնդի «ազնվականներն» էլ կամ, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան կարծես թե չի շտապում բարձրաձայնել առաջացած խնդիրների մասին եւ հավակնում է դառնալ նախորդ գումարման Ազգային ժողովի առավել գունազարդ տարբերակը: Ընդամենը: Եվ եթե լրագրողները շարունակեն հետեւողականորեն հարցախեղդ անել նորերին, ապա ակնհայտ կդառնա, որ նոր պատգամավորներն ինտելեկտուալ առումով եւ պատրաստվածությամբ գրեթե ոչնչով չեն զիջում նախորդներին (արդարության համար նշեմ, որ, ի տարբերություն նախորդ գումարման ԱԺ-ի, այս գումարման ԱԺ-ում պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների թիվն անհամեմատ քիչ է): 

Օրինակ, եթե Առաքել Մովսիսյանը չէր խոսում, որովհետեւ չգիտեր ինչ խոսեր, ինտելեկտուալ երիտասարդի համբավ ձեռք բերած Հայկ Կոնջորյանը խոսում է, բայց պարզվում է, որովհետեւ ոչ թե գիտի ինչ խոսել, այլ որովհետեւ նրա հավակնություններն են մեծ: Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի կամ մյուս լռակյաց պատգամավորների առաքելությունն ԱԺ-ում ոչ թե խոսելն էր, այլ` ձայներ ապահովելը, որը եւ նրանք կատարում էին գերազանց:

Երեկվա ակտիվիստ, իսկ այսօրվա պատգամավոր «ազնվական» երիտասարդներն էլ ոչ միայն ցանկալի ձայներ չեն կարողանա ապահովել առանց Նիկոլ Փաշինյանի, այլեւ պատրաստ չեն իրենց վրա կրել քաղաքական պատասխանատվություն, փոխարենը պատրաստ են անհարկի գոռոզանալ: Ինչպես նշում են Ստրուգացկի եղբայրները` ազնվականներն իրենց հիմարության ու գոռոզության պատճառով բան չեն հասկանում քաղաքականությունից, բայց երկար սրեր ունեն ու չեն սիրում գորշերին:  

Նմանվում ենք այն հումորի հերոսին, ով գողության նպատակով դռան կողպեքը սղոցող մարդուն միամտաբար հարցնում է, թե ինչ է անում, վերջինս էլ պատասխանում է` նվագում եմ, իսկ ձայնն առավոտյան կլսես: ԱԺ-ն նվագում է, իսկ սպասվելիք ձայնի առաջացրած խնդիրները մնալու են քաղաքացիների վրա` մտահոգ, անտարբեր, թե հպարտ` այլեւս էական չէ: 
Ստեղծված իրավիճակը` ծավալվող իրադարձությունների ֆոնին, հրապարակային թամաշա է «դուխաթափությունից առաջ»: Իսկ «դուխաթափությունից» հետո ժողովրդի` փոփոխվող օրակարգի բոլոր հարցերը դրվելու են հրապարակի վրա: