Ուշացած և թաքնված խոստովանություններ՝ Փաշինյանի ու Մանուկյանի կողմից

Ուշացած և թաքնված խոստովանություններ՝ Փաշինյանի ու Մանուկյանի կողմից

Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ժամկետների խախտումով մի կերպ ձևավորված Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը Փաշինյանի և Մանուկյանի փոխադարձ խոսքերում բավականի ուշագրավ խոստովանություններ և ակնարկներ հնչում՝ քողարկված յուրատեսակ ենթատեքստերով։  Նախ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ՀԽ անդամներին, հիշեցնում է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այդ օրը հղած իր ուղերձի խոսքերը, որտեղ նա պետության անունից ներողություն է խնդրում Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար:
Այդունետև, դիմելով Վազգեն Մանուկյանին, Փաշինյանն ասում է․ «Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»։


Ո՞ր ընտրակեղծիքների մասին է խոսքը, որի զոհ է դարձել Վազգեն Մանուկյանը։ Խոսքը, բնականաբար, 1996 թվականի նախագահական ընտրությունների մասին է, որին մանսակցում էր Վազգեն Մանուկյանն՝ իր ԱԺմ-ով, և Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր ՀՀՇ-ով։ Մանուկյանը փաստացի հաղթել էր ընտրություններում, բայց Տեր-Պետրոսյանի թիմի կողմից իրականացված բազմաթիվ ընտրակեղծիքների, վարչական լծակների չարաշահման, փողոցում տանկեր մտցնելու և բացահայտ ուժ կիրառելու արդյունքում արձանագրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի «հաղթանակն» ընդդեմ Վազգեն Մանուկյանի։ Համենայնդեպս, այս մասին է տարիներ շարունակ բարձրաձայնում Մանուկյանը, որ ինքը դարձել է Տեր-Պետրոսյանի թիմի իրագործած ընտրակեղծիքների զոհը, և այդ մասին է գրում մամուլը։ Այդ կեղծիքների մասին ավելի քան 20 տարվա հեռավորությունից այսօր հիշում ու տեղ-տեղ հրճվանքով խոստովանում են նաև երբեմնի ՀՀՇ-ականները, թե ինչպես են ընտրատեղամասերում փչացրել Վազգեն Մանուկյանի քվեները, ինչպես են լցոնել քվեատուփերը Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած ձայներով, ինչպես են կեղծել ընտրության արդյունքները։ Ուրիշ դեպք չենք հիշում, որ Վազգեն Մանկուկյանը դարձած լինի  այնպիսի ընտրակեղծարարության զոհ, որի մասին հետո ինքը հայտարարեր։

Ուստի հարց է առաջանում ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իր այս ուղերձով ընդունո՞ւմ է, որ ՀՀՇ-ն ու դրա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարարություն են թույլ տվել, որ Վազգենը հենց Լևոնի կատարած ընտրակեղծիքների զոհն է դարձել, այն Լևոնի, որի հետ Մարտի 1 է տեսել, որն այսօր իր ողջ թիմով լիարժեք աջակցում է իրեն և իր իշխանությանը։


Հետաքրքիր է նաև Վազգեն Մանուկյանի մասին Փաշինյանի տված ձևակերպումը՝ «որպես երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած քաղաքական գործիչ»։ Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր գործունեության հատկապես ո՞ր երկար տարիները նկատի ունի՝ ՀՀՇ-ի իշխանության մի քանի տարի՞ն, թե՞ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման 20 տարիները, երբ Վազգեն Մանուկյանին մի քիչ դժվար էր պատկերացնել ընդդիմադիր քաղաքական գործչի և ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի դերում։

Տեր-Պետրոսյանի իշխանությունից հետո Վազգեն Մանուկյանի «ընդդիմադիր գործունեությունը» սահմանափակվել է հիմնականում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությանը հաճոյանալով, նրանց թույլ տված ապօրինությունների վերաբերյալ կառուցողական, անատամ, հարմարվողական հայտարարություններ անելով։ Վազգեն Մանուկյանը մինչև օրս էլ մնացել է 1996 թվականին Լևոնի ու ՀՀՇ-ի զոհը դարձած ընդդիմադիր գործչի կերպարում։ Մանուկյանը չի փակել 1996 թվականի խայտառակ էջը, նա անգամ չի էլ թերթել այդ էջը, նա մնացել է նախորդ դարի 90-ականների կեսերին՝ մինչև օրս էլ շարունակելով ընդդիմադիր լինեն Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա երբեմնի իշխանությանը, այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է մինչև հիմա ընդդիմադիր Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Այս երկու գործիչները չեն կարողանում ձերբազատվել անցյալից, չեն կարողանում իրենց վերագտնել ներկայում ու նայել ապագային, նրանք անցյալի հետ կապված կոմպլեքսներ ունեն և շարունակ պայքարում են անցյալի ուրվականների դեմ՝ ասես կռիվ տալով անցյալում մնացած հողմաղացների հետ։ 

Այս կոնտեքստում պակաս ուշագրավ է չէ նաև Վազգեն Մանուկյանի պատասխանն ու հորդորը Նիկոլ Փաշինյանին․ «Ցանկալի կլիներ, որ Մարտի 1-ը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր: Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո Մարտի 1-ը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար: Ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝ թող պատժվի, դա չէ հարցը, բայց Մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր»։

Սրանով Վազգեն Մանուկյանը դարձյալ հիշեցնում է իր «ընդդիմադիր» հավատարմության մասին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդեպ, որոնց իշխանության օրոք էլ տեղի է ունեցել Մարտի 1-ը։ Եվ նա, 1996 թվականի էջն այդպես էլ չփակած, հորդորում է Փաշինյանին՝ Մարտի 1-ի էջը համարել փակված և այն հայտարարել համերաշխության օր։ Համերաշխության Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որին ինքը՝ Մանուկյանը Քոչարյանից ու Սերժից ավելի շատ է մեղադրում Մարտի 1-ի իրադարձությունների համար։

Հ․Գ․ Ուշագրավ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի՝ «Վիկիպեդիայում» զետեղված կենսագրականում որևէ հիշատակում չկա իր ընդդիմադիր գործունեության մասին՝ միակ ակնարկը «Ղարաբազ կոմիտեի» անդամ լինելու մասին հիշատակումն է։ Որևէ նախադասությամբ նշված չէ, որ Մանուկյանը ընդդիմադիր քաղաքական գործունեություն է ծավալել, որ դարձել է 1996 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության իրագործած ընտրակեղծիքների զոհը։ Նրա կենսագրականը շատ համեստ ու համառոտ է՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի կենսագրականի, որտեղ նշված է նրա մասին ամեն ինչ՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերին իր մասնակցության, այոնւհետև իր ըդնհատակյա գործունեության և ձերբակալության, ապա խորհրդարանում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ իր սուր քնննադատությունների ու ապրիլյան օրերի հեղափոխական քայլերի մասին, որի արդյունքում նա այսօր եկավ իշխանության։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ