Ովքեր են դատապարտել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ընդդեմ Հայաստանի

Ովքեր են դատապարտել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ընդդեմ Հայաստանի

Ինչպես հայտնի է, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Չնայած ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ այլ երկրների ու միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարություններին, ու նաեւ այն բանին, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ ստեղծված իրավիճակը քննարկվելու է ՄԱԿ ԱԽ-ում, իրավիճակը դեռեւս հեռու է մնում կայունացած լինելուց։ Այնուհանդերձ, աշխարհի տարբեր անկյուններից տարբեր քաղաքական գործիչներ, պետական գործիչներ հանդես են եկել Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի ձեռնարկված ագրեսիան դատապարտող հայտարարություններով, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորեւ

•    ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հետեւյալ գրառումն է կատարել իր թվիթերյան էջում․ «Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի վրա չսադրված հարձակումը։ Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»։

•    Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն գրել է իր թվիթերյան էջում․ «2020 թվականի սցենարը կրկնվում է. Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծություններից խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա պահանջվում է միասնական և անհապաղ միջազգային արձագանք»:

•    ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ «Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Սա հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ անհապաղ և ընդմիշտ»,- գրել է կոնգրեսականն իր թվիթերյան էջում։ 

•    Վրդովված եմ հայկական խաղաղ քաղաքների վրա ադրբեջանական հրետանու լայնածավալ և համակարգված հարվածների մասին հաղորդագրություններից։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է կոնգրեսական Ջեքի Սփիրը։ «Հստակ լինելու համար, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ՈՉ վիճելի տարածք: Անամոթություն է, որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ալիևին»,- գրել է նա։

•    Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։ «Շատ մտահոգիչ զարգացում. Ադրբեջանը (կրկին) կրակ է բացել Հայաստանի ուղղությամբ: Ես խնդրում եմ արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրային դատապարտել բռնությունը և անհապաղ կոչ անել գործողությունների դիմել Ադրբեջանի դեմ եվրոպական համատեքստում»,- գրել է նա իր թվիթերյան էջում։

•    ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան իր թվիթերյան էջում գրել է․«Ես դատապարտում եմ Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ եւ ես վճռականորեն աջակցում եմ նրանց։ Ադրբեջանը չի ցանկանում հետեւել խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»

•    Ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը եւս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին, իր թվիթերյան էջում կատարելով հետեւյալ գրառումը․ «Այս գիշեր իմ մտքերը Հայաստանի և հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամ երկրի տարածքային ամբողջականությունը. Վաղը ես անմիջապես կդիմեմ ԱԳ նախարար Քեթրին Քոլոնեին, որպեսզի Ֆրանսիան աջակցի Հայաստանին»։

•    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը գրել է թվիթերյան իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիային․ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Ալիեւը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետդեպը եւ պետքարտուղարը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովման համար»։

•    Խորապես մտահոգված եմ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդագրություններով. Այդ մասին թվիթերում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը։ «Հայկական քաղաքների և խաղաղ բնակչության գնդակոծությունն անօրինական է և անընդունելի։ Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում ամբողջ աջակցությունն Ադրբեջանին»։

•    Այժմ Ադրբեջանը շանս է համարում Ռուսաստանի թուլացումը՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Ռուբեն Բրեքելմանսը։ «Այժմ Ադրբեջանը շանս է համարում Ռուսաստանի թուլացումը։ Տարբեր հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ։ Սա կարող է սրել տարածաշրջանի իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ»,-գրել է նա։

•    ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերն իր թվիթերյան էջում գրել է․ «Մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին եւ տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին հարվածների մասին անթույլատրելի են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծման ճանապարհ չլա, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- ասել է դիվանագետը։

•    Ռուսաստանը դիվանագիտության միջոցով փորձում է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության, իսկ այսօր դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի հետեւում Թուրքիան է կանգնած։ Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ «Հրետակոծությունը ցավալի է։ Այն ուղեկցում է հայ-ադրբեջանական հարաբերություններն արդեն երկար տարիներ եւ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։ Վերջին պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է որքան հնարավոր է շատ օգուտ քաղել Ղարաբաղում Հայաստանի պարտությունից։ Ադրբեջանին շրջաններ հանձնվեցին, սակայն վերջինս, ըստ երեւույթին, չի բավարարվում, ուզում է ավելին եւ օգտվում է նրանից, որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական խնդրով։ Պետք է պարզել Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կողմ է Ադրբեջանի բոլոր գործողություններին»,-նշել է Զատուլինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հեռու կմնա ռազմական գործողություններին միջամտելուց, սակայն պետք է «հանդարտեցնի» Ադրբեջանին։ «Խաղաղապահ ուժեր արդեն կան Ղարաբաղում։ Կարծում եմ, որ Ռուսաստանը զերծ կմնա ռազմական գործողություններին միջամտելուց։ Ռուսաստանը պետք է հասնի Ադրբեջանից հանգիստ պահվածքի։ Սակայն այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետեւում Թուրքիան է կանգնած, դրան դժվար է հասնել։ Ռուսաստանը դիվանագիտության միջոցով փորձում է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության»,-եզրափակել է Զատուլինը։  
Սերոբ Մարության