Ընդհանրապես ցուցմունք չի եղել, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի դեմ

Ընդհանրապես ցուցմունք չի եղել, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի դեմ

Ըստ մամուլի հրապարակումների՝  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ցուցմունք է տվել: 

Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանն ասաց, որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, այն էլ Դավիթ Տոնոյանի դեմ․ «Ի սկզբանե ասել ենք, որ որեւէ առնչություն չունենք, մեղադրանքը անհիմն է։ Այդքան բան»։

Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է հարցաքննվել, նշեց, որ չի կարող ասել, ապա ավելացրեց, որ ի սկզբանե ինչ ասվել է, դա է, նա այլեւս չի հարցաքննվել․ «Ընդհանրապես ցուցմունք չի եղել, այդ թվում՝  Տոնոյանի դեմ»։

Մեր զրուցակիցը նշեց՝ չի կարող ասել  իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ կան, թե ոչ, ապա նշեց, որ նրա դեմ որեւէ ապացույց չկա․ «Պետք է այդ հրթիռները փորձարկեն, որը չեն անում։ Փորձարկեն կիմանան՝ պիտանի է, թե պիտանի չէ։ Մտավախություն ունեն, դրա համար չեն փորձարկում, փորձարկեն կպարզվի, որ իր դերը կատարում է եւ գործից բան չի մնա»։

Բացի դրանից, ըստ փաստաբանի, Գալստյանն առողջական խնդիրներ ունի, դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի վիրահատության ենթարկվի, սակայն մինչ այս պահը որեւէ նորություն չկա․ «Քրեական ծառայությունների հետ կապված առողջապահական ՊՈԱԿ կա, իրենք պետք է տեղյակ լինեն, հաստատեն, որ Ստեփան Գալստյանը տեղափոխվի, վիրահատվի։ Հիմնարկին դիմել ենք, տեղեկացրել ենք, գիտեն՝ ինչ խնդիրներ ունի, բայց մինչ օրս քննարկում են՝ տանե՞ն վիրահատեն, թե՞ չտանեն։ Սրտի հետ կապված խնդիր ունի, այսքան ժամանակ չենք բարձրաձայնել , դրոշակ չենք սարքել, ինքը չի ցանկացել, որ բարձրաձայնվի, բայց քանի որ այդ մարդուն  չեն տանում բուժօգնությունը ստանալու, արդեն մտահոգիչ է էլի»։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը, որոնք կալանավորված են։