Ադրբեջանում հերթական ջղաձգումն է, այս անգամ՝ «լրտեսամանիայի» տեսքով
Ադրբեջանում լրտեսամանիայի հերթական ջղաձգումն է։ Այս անգամ Ալիեւի վարչակարգը հալածանքներ է սկսել երկրի տարածքում գործող այն հատուկենտ անկախ լրագրողների դեմ, որոնք դեռ համարձակվում են քննադատել Ադրբեջանի ղեկավարին։ Իշխանության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներն էլ ամենայն ակտիվությամբ լծվել են հակաարեւմտյան ուղղվածության հրապարակումներ կատարելու գործին։ Մասնավորապես, թիրախում ԱՄՆ աջակցությամբ գործող հիմնադրամներն են եւ հատկապես՝ USAID-ն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ տեղի ունեցան ադրբեջանական AbzasMedia պարբերականի խմբագրությունում։ Այս պարբերականը մասնագիտացած է կոռուպցիոն հետաքննություններ իրականացնելու մեջ։ Ոստիկանության վարկածի համաձայն, պարբերականի գրասենյակում 40 հազար եվրո է հայտնաբերվել։ Խուզարկությունից հետո ձերբակալվել են AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգըզին ու պարբերականի հետ համագործակցող քաղաքացիական ակտիվիստ Մուհամեդ Կեկալովը։ Երեքին էլ ներկայացվել է մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանք։ Ներկայում երեքն էլ գտնվում են մեկուսարանում։ Դրանից մի քանի օր անց էլ ձերբակալվել է «Kanal 13» ինտերնետ հեռուստատեսության ղեկավար Ազիզ Օրուջեւը՝ առավել քան անհեթեթ՝ անօրինական շինարարություն ծավալելու մեղադրանքով։ Որքան էլ զարմանալի է, նա էլ շարունակում է մնալ կալանքի տակ, թեեւ քրեական հոդվածը, որը մեղսագրվում է վերջինիս, չի ենթադրում կալանք։
Ինքնին հասկանալի է, որ այս բոլոր ձերբակալությունները քաղաքական մոտիվացիա ունեն, եւ պատահական չէ, որ Amnesty International-ը պահանջեց ազատ արձակել ձերբակալվածներին։ Սակայն Ադրբեջանում կարծես թե այլ բանի վրա են կենտրոնացած։ Տեղի իշխանական վերահսկողության ներքո գտնվող պարբերականներից մեկը մի քանի նյութ է հրապարակել, ըստ որի՝ Արեւմուտքը եւ հատկապես Միացյալ Նահանգները Ադրբեջանում լայն գործակալական ցանց են ստեղծել եւ այնպիսի կազմակերպությունների օգնությամբ, ինչպիսին USAID-ն է կամ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, աջակցում են տարատեսակ մարգինալ խմբերի, որոնք հակասում են ադրբեջանական «ազգային գաղափարին» եւ խաթարում են «հասարակության ներդաշնակությունը»։ Այդ գործակալական ցանցի մեջ ներառված կառույցների ցանկում մի շարք լրատվամիջոցներ եւ ՀԿ-ներ էին հիշատակված, ներառյալ նաեւ արդեն հիշատակվածները, որոնք հայտնվել էին ադրբեջանական վարչակարգի թիրախում։
Զարմանալի է, որ նույնիսկ ամերիկյան բուհեր ավարտածների հանդիպումը, որը կայանալու էր նոյեմբերի վերջին, ադրբեջանական իշխանական վերահսկողության ներքո գործող մամուլը ներկայացրել է որպես «Ամերիկայում ուսման ժամանակահատվածում հավաքագրված գործակալների հանդիպում»։ Հանդիպումը հետաձգվում է, սակայն ադրբեջանական ԱԳ նախարարություն են կանչվում ամերիկյան, գերմանական եւ ֆրանսիական դեսպանությունների ներկայացուցիչները, որոնց ասվում է, որ AbzasMedia-ն ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների եւ նույնիսկ վերոնշյալ երկրների՝ Ադրբեջանում ունեցած դեսպանությունների ներկայացուցիչների միջոցով անօրինական ֆինանսական գործառնություններ է իրականացնում։ Ու մինչ գերմանական դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ աջակցում է ակտիվիստ Մուհամեդ Կեկալովին, որպես սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող ակտիվիստի, Ադրբեջանում կարծես թե այս նոր «լրտեսամանիան» շարունակվում է, ու թե ովքեր են լինելու դրա «զոհերը», դեռ պարզ չէ։
Կարծիքներ