Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, «ծաղկավոր բաբըչկան» կապել և ծաղիկներով ճանապարհել քաղաքակրրթ կյանք․ վարչապետ

Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, «ծաղկավոր բաբըչկան» կապել և ծաղիկներով ճանապարհել քաղաքակրրթ կյանք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նկստում նորից հիշեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և կրկին անդրադարձավ նախորդ իշխանության կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին։

«Նրանք փորձեցին իրենց համար Հայաստանում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար։ Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջանականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ, ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցույթուն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ»,-ասաց Փաշինյանը՝ թերևս ակնարկելով ՀՅԴ-ին։

Շարունակելով միտք՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նույնիսկ տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ իրենք պատրաստվում են Հայաստանում քաղաքական հարցեր լուծել։ 

Ապա մի ուշագրավ հայտարարություն արեց․ «Մենք նույնիսկ օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այսպես շարունակ։ Այս ամենի համատեքստում ես ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, որտեղ տեղի են ունենում բռնության կոչերը, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տալ բոլոր նման երևույթներին։ Սկսած այն երևույթից, որ, օրինակ, Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, մեքենան վարել մայթերով, և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում, թե երկրում իբր հաստատված է անիշխանություն կամ չկա իրավակարգ»։

Նորից վերադառնալով սևազգեստ խմբերին, Փաշինյանն ասաց, որ այս սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, «ծաղկավոր բաբըչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքին։ Այնուհետև դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, թե խնդիրը պա՞րզ է դրված։ Վերջիններս էլ ասացին՝ պարզ է, կկատարեն։