Համարձակություն ունենանք մեր ազգայինը վերականգնելու, Զատիկը համաժողովրդական դարձնելու

Համարձակություն ունենանք մեր ազգայինը վերականգնելու, Զատիկը համաժողովրդական դարձնելու

Գյումրու ավագանին արտահերթ նիստով որոշում կայացրեց ապրիլի 17-ին Սուրբ Հարության տոնը վերածելու համաժողովրդական տոնի: Համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքերով՝ դուրս չգալով ժողովրդական չափորոշիչներից, ժողովրդական ոգին բարձրացնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով Սուրբ Զատիկը Գյումրիում ինքնատիպ եւ յուրօրինակ տոնելու մտահղացում է առաջ եկել, որի համար բյուջեից ընդամենը հատկացվելու է 2 300 000 դրամ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ողջունում է նախագիծը, առաջարկն էլ ինչ-որ տեղ իրենն է եղել: Նշենք, որ ավագանու ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին, իսկ մնացած խմբակցությունների բոլոր անդամները կողմ արտահայտվելով՝ որոշում ընդունեցին՝ ապրիլի 17-ին՝ ժամը 11: 00-ին, մեր համերկրացիներին հրավիրել Գյումրի՝ Յոթ Վերք եկեղեցուց մեկնարկելու Սուրբ Զատկի արարողությունը:

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ արտահայտելով իր դիրքորոշումն ասաց․ «Սուրբ Զատիկը Առաքելական եկեղեցու ամենակարևոր տոներից է, եւ որքան ես եմ հիշում, նման միջոցառում Գյումրիում չի կայացել, մեր խնդրանքն ու առաջարկն է, որ, ինչպես ասվեց, ինքնատիպ, յուրահատուկ եւ պատշաճ բառերին համահունչ լինի այդ միջոցառումը : Եթե պետք լինի, կզգաք, որ կա լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կա, ապրիլի 15-ին, քանի որ կա ավագանու նիստ, մենք իրոք պետք է անենք, հայ ազգը, ամբողջ Գյումրին պետք է զգա, որ մենք քրիստոնյա ենք, եւ տոնը պետք է նշել պատշաճ » :

Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավարից hraparak.am-ը հետաքրքրվեց․

- Պարոն, Հակոբյան, Ձեր խմբակցությունը որպես ընդդիմադիր է հանդես գալիս, բայց այս անգամ դուք ոչ միայն կողմ արտահայտվեցիք նախագծին, այլև սատարող կողմ հանդես եկաք, իսկ ահա ՔՊ-ի պահվածքը փոքր-ինչ անհասկանալի էր, թե ինչու համառորեն դեմ եղան Հարության տոնը համաժողովրդականի վերածելուն:

- Երբ խոսքը վերաբերում է Սուրբ Հարության տոնին, այն էլ՝ համաժողովրդական դարձնելուն, մեր ազգի միավորման, ազգային, ժողովրդական գաղափարները վերաիմաստավորելուն, այստեղ այլ կարծիք չի կարող լինել: Նաև տրամաբանությունը կայանում է նրանում, որ մենք ամեն կերպ պետք է ջանանք, որպեսզի կայանա ավագանու ինստիտուտը: Երկու կարևոր հանգամանք կա․ ավագանին վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման վրա, ինչպես նաև համայնքի ղեկավարի իր լիազորությունների կատարման: Սրանով ամեն ինչ ասված է: Այլ հարց է, թե ավագանին որքանով է այդ լիազորությունները իրականացնում: Ընդհանրապես, ավագանու նիստին հակադրվել, դեմ լինելը վատ բան չէ, դա բերում է առողջ մի բանի, բայց նորից եմ ասում, կոնկրետ Սուրբ Հարության տոնի հետ կապված, ընդհակառակը՝ մենք ոչ մի ջանք չպետք է խնայենք այն համաժողովրդական դարձնելու, մեր ազգը քրիստոնյա է եւ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո, Գյումրիում Սուրբ Զատիկը տոնելու, քրիստոնեական մշակույթը ամրապնդելու գաղափարը գովելի է, պետք է համարձակություն ունենաք մեր ազգայինը վերականգնելու համար:

- «Քաղաքացիական պայմանագիր»-ը միջոցառման ծախսերը վերահսկող հանձնաժողով ստեղծելու պահանջով հանդես եկավ: Արդյո՞ք տեղին չէր:

- Հանձնաժողով թող ստեղծվի, բայց մի հետաքրքիր պահ կա, հուշագրով քաղաքային իշխանության կառավարումն ստանձնել են Բալասանյան դաշինքն ու ՔՊ-ն, քաղաքապետի երկու տեղակալները ՔՊ-ական են, համայնքի ֆինանսը կառավարում են իրենք, ինչ է ստացվում, որ իրենք իրենց չեն վստահո՞ւմ: Այս միջոցառման համար կոնկրետ շատ մեծ ծախս նախատեսված չէ՝ 2մլն․ 300հզր․ դրամ: Եթե այս փոքր ծախսերը վերահսկել հնարավոր չէ, ապա մեծ ծախսերի դեպքում ինչպե՞ս է լինելու: