Չկա պատասխանատվություն` չկա ապագա
Սկսեմ մի ճակատային հարցադրումից` կա՞ այսօր Հայաստանում իշխող ուժ, իշխող կուսակցություն, իշխող կոալիցիա, իշխող քաղաքական մեծամասնություն: Իմ կարծիքով` ոչ: Իմ կարծիքով` պետության համար կենսական նշանակություն ունեցող այդ ինստիտուտների բացակայությունն է պատճառը, որ երկրում այսօր տիրում է քաղաքական անարխիա, առկա է հասարակական եւ ազգային դեգրադացիա, տնտեսությունը գնում է դեպի անկում, թանկանում է կյանքը, արտաքին ճակատում ունենք նահանջներ, մոռացության են տրվում երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման տարրական կանոնները, միս ու արյուն է ստանում քաղաքական եւ իրավական հետապնդումների նոր մեքենան: 2018թ. դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններով ձեւավորվեց մի իշխանություն, որտեղ վստահության քվե ունի ընդամենը մեկ մարդ:
Եթե մեկ նախադասությամբ փորձենք գնահատել ստեղծված իրավիճակը, ապա կարելի է ասել` ամեն ինչ շատ վատ է, եւ պետք է ամեն ինչ փոխել: Կկարողանա՞ այդ հարցում երկրին օգտակար լինել այն մարդը, որ ընդամենը երկու ամիս առաջ վստահության քվե ստացավ ընտրություններում, շատ լավ, չի՞ կարողանա, ուրեմն առաջին հերթին ինքը պետք է փոխվի` իր հետ տանելով ոչ վաղ անցյալի հեղափոխության ուրվականը: Շանտաժի եւ հաթաթայի ուղին ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որն ընդհատվում է մի տեղ, բայց արդեն բունտերով, բախումներով ու արյամբ:
Հայաստանի նոր անկախության տարիներին գրեթե միշտ որեւէ քաղաքական ուժ ստանձնել է երկրի կառավարման պատասխանատվությունը: Այլ հարց է` լավ են կառավարել, թե ոչ, բայց հստակ է, որ մեր առաջին պետական ինստիտուտների կառուցվածքի, խայտառակ սահմանադրության, ցրտի, մթի, թալանի, սովի, 90-ականների զանգվածային արտագաղթի պատասխանատուն օրվա իշխող քաղաքական ուժն էր՝ ՀՀՇ-ն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության շրջանում ձեւավորեց քաղաքական թիմ, որ մեծավ մասամբ բաղկացած էր «Միասնություն» դաշինքի հանրապետական թեւից եւ նորաստեղծ ԲՀԿ-ից: Դա խորհրդարանական դասական քաղաքական մեծամասնություն էր, որի հետ համագործակցեցին եւ գործադիր իշխանությանը մաս կազմեցին նաեւ այլ ուժեր, այդ թվում` խորհրդարան անցած ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն: 2007-ի խորհրդարանական ընտրություններում, սակայն, պառլամենտում բացարձակ մեծամասնություն կազմեց ՀՀԿ-ն, ինչից հետո իշխանական կոալիցիայի տրամաբանությունը որոշակիորեն խամրեց, եւ այն այլեւս ավելի շատ ձեւական բնույթ ուներ, թեեւ խորհրդարանում եւ կառավարությունում զգալի դերակատարություն ունեին նաեւ կոալիցիոն գործընկերները, որոնք ՀՀԿ-ի հետ կիսում էին քաղաքական պատասխանատվությունը: Կարծում եմ՝ հասարակությունն այդ տարիներին հստակ գիտակցել է պետության գոյությունը, եղել է վստահ, որ կա այդ պետության եւ իր անվտանգության համար պատասխանատու քաղաքական ուժ (եր), որին կարող է ներկայացնել իր պահանջները:
Այսօր չկա այդ քաղաքական ուժը:
Հարցրեք քաղաքացիներին` ինչպե՞ս է կոչվում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը: Նրանց 90 տոկոսը կասի` «Իմ քայլը»: Հարցրեք` ո՞վ է «Իմ քայլի» ղեկավարը: 90 տոկոսը կասի` Նիկոլը: Հարցրեք` ո՞վ է երկրի գլուխը: 90 տոկոսը կասի` Նիկոլը: Եվ բնական է, որ մարդիկ իրենց խնդիրներով դիմում են միայն Նիկոլ Փաշինյանին: Աղքա՞տ են, դիմում են Նիկոլին, աշխատանք չունե՞ն` դիմում են Նիկոլին, փողոցային առեւտուրն արգելվո՞ւմ է` դիմում են Նիկոլին, աղբը չե՞ն տանում` Նիկոլն է մեղավոր, սնունդը թանկանո՞ւմ է` Նիկոլն է մեղավոր, պաշտոնյաները ինքնապարգեւատրվո՞ւմ են` Նիկոլն է մեղավոր: Հունվարի կոմունալ վճարների օրերն են, ՀՀ հպարտ քաղաքացիները չռված աչքերով են դուրս գալիս բանկերից: Ո՞վ է մեղավոր… Նիկոլը: Եվ դարձյալ բնական է, որ երբ արտաքին ճակատում ինչ-որ բան այն չի լինում, դարձյալ բոլորի հայացքն ուղղվում է Նիկոլ Փաշինյանին` այդ նա քանդեց ՀԱՊԿ-ն, այդ նա է «հող տալիս» եւ այլն:
Եթե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական անցյալով ապացուցած լիներ, որ խիստ պատասխանատու մարդ է, գուցե հնարավոր լիներ այս ամենը ժամանակավոր դժվարություն համարել եւ սպասել դրական տեղաշարժերի: Ով հիշողություն ունի, կարծում եմ, Փաշինյանին ճանաչում է որպես սուր լրագրողի եւ համարձակ ընդդիմադիր գործչի: Կարող եք չհամաձայնել եւ պնդել, որ նա հիմա այլ մարդ է, ժողովրդական հեղափոխությամբ թրծված, պաշտոնով վարչապետ, պատասխանատվության մեծ զգացում ունեցող քաղաքական այր եւ այլն: Բայց անցած մեկ տարում Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, ոչ մի անգամ չի խոստովանել իր որեւէ սխալը, ներողություն չի խնդրել: Երբեք չի ասել, որ երկրի ու ժողովրդի առաջ պատասխանատու է իր քաղաքական թիմի արածների համար: Նա ժխտում է, որ ինքն է ուղղորդում իրավապահ համակարգն ու ուժայիններին: Սա շատ վտանգավոր է եւ, ի թիվս այլ բաների, խոսում է նաեւ այն մասին, որ պատասխանատվությունից խուսափելու համար Փաշինյանը վաղը կարող է ժխտել ամեն ինչ:
Կառավարության ծրագրի քննարկումներից մենք համոզվեցինք, որ Փաշինյանի եւ նրա կառավարության գործողությունները վերահսկելու ունակ խորհրդարան մենք այսօր չունենք: Իսկ ո՞ւմ, եւ ե՞րբ պետք է իր քայլերի համար հաշիվ տա Նիկոլ Փաշինյանը: Մի՞թե ժողովրդին: Բայց նա առայժմ զբաղված է հոգսն իր ուսերից գցելով՝ ժողովրդին հորդորում է աղքատության դեմ պայքարել մտքով եւ ինքնահամոզվել, որ աղքատ չէ: Խորհրդարանի թավշյա ընդդիմությունը մի սփոփանք ունի` դեմ քվեարկել Փաշինյանի կառավարության ծրագրին: Բայց դա չի թեթեւացնում վիճակը: Վաղը Փաշինյանը նույն ճարտարությամբ զեկուցելու է, որ կառավարությունը կատարել է ծրագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, տնտեսական հեղափոխությունն էլ իրողություն է: Իսկ աղքատության վերացման խոստո՞ւմը․ քաղաքացին մնացել է աղքատ, որովհետեւ չի կարողացել իր գլխից հանել աղքատության սինդրոմը. սա՞ է լինելու պատասխանը:
Մենք վարչապետներ ենք ունեցել, որոնք վայելել են ոչ միայն երկրի նախագահի, այլեւ իրենց քաղաքական թիմի լիարժեք վստահությունը: Այդ մարդիկ, սակայն, հաշվետու են եղել առնվազն երկրի նախագահի եւ քաղաքական մեծամասնության առաջ: Ո՞ւմ է հաշվետու գերվարչապետ Նիկոլ Փաշինյանը` անհայտ է: Նա ամայացրել է քաղաքական դաշտը, ոչնչացրել իր կուսակցությունը եւ խորհրդարանում ծլեցրել մի «դաշինք», որ ավելի շուտ հեղափոխության ուրվական է, քան քաղաքական ուժ: Վիճակն ավելի վատթար է կառավարությունում: Այստեղ Փաշինյանն իր երբեմնի մերձավորներին նշանակում է պատասխանատու պաշտոնների, որոնցից նրանք գլուխ չեն հանում: Եթե նույնիսկ ընդունենք, որ այսօր ֆորմալ կառավարություն կա, ապա միանշանակ կարելի է ասել նաեւ, որ այդ կառավարությունում մի ուրվական է շրջում հիմա` Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ուրվականը:
Չկա քաղաքական թիմ` չկա քաղաքական պատասխանատվություն, չկա պատասխանատվություն` չկա ապագա: Սա դոգմա է բոլոր ժողովրդավարական երկրների համար:
Կարծիքներ