Քվեն վերցնում են, գյուղացուն մոռանում են. քաղսեցիները ընտրությունների մասին (տեսանյութ)

Քվեն վերցնում են, գյուղացուն մոռանում են. քաղսեցիները ընտրությունների մասին (տեսանյութ)

Փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Քաղսի համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ են:  Համայնք, որտեղ տարիներ շարունակ չի լուծվել  ոռոգման ջրի, գիշերային լուսավորության, խմելու ջրի, մշակույթի տան վերանորոգման, ճանապարհների ասֆալտապատման խնդիրները:  

Ահա նշված խնդիրներ էին բարձրացնում քաղսեցիները մեզ հետ զրույցում, եւ փաստում, որ  ընտրությունից ընտրություն հիշում են իրենց.  «Քաղսին ծովի պես խնդիրներ ունի, ոնց կարելի է էդքանը  ասել: Հողը յոլա անգամ  չի տանում գյուղացուն, եկամուտ չի,  անջրդի հողեր են:  Գյուղացիները հող չեն մշակում,  արտագնա աշխատանքի են գնում, դրանով ապրում են:   Քվեն վերցնում են, գյուղացուն  մոռանում են  բոլորը հերթականությամբ»,-ասում  են  գյուղացիները:

Ըստ գյուղացիների՝  երեխաների համար չկա խաղահրապարակ, երիտասարդության համար զբաղմունքի վայր, միջին տարիքի տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, իսկ տարեցներն էլ՝ գյուղապետարնին կից  մի շինության մեջ իրենց ժամանակն են անցկացնում  թղթախաղով եւ  նարդիով: Խոստումներ լսում եմ բոլոր թեկնածուներից, բայց առաջընթաց գյուղում դանդաղ տեմպերով է ընթանում:  

Քաղսեցիներից ոմանք արդեն  որոշել են, թե ում կտան  իրենց քվեն, ոմանք էլ՝  կանգնել են խնդրի առաջ.  «Չեմ կողմնորոշվում, ում տամ  ձայնս, թեկնածուներից 2-ը ինձ մտերիմ, հարազատ մարդիկ են, մնացել ենք  2 քարի արանքում: Շատ դեպքերում, մեկը՝ մյուսից նեղանում է ընտրությունների ժամանակ»,-ասաց զրուցակիցս: