Պետք չէ խանդի տեսարաններ սարքել, թե ով ինչքան է պայքարում

Պետք չէ խանդի տեսարաններ սարքել, թե ով ինչքան է պայքարում

«Ազատագրական շարժում»-ը փետրվարի 24-ից ստորագրահավաք է սկսել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Hraparak.am-ը զրուցել է շարժման հիմնադիրներից մեկի` Նաիրի Հոխիկյանի հետ՝ պարզելու համար, թե որ փուլում են գտնվում իրենց նախաձեռնությունները։
    
 -«Ազատագրական շարժումը» ստորագրահավաք էր անում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Անցել է ուղիղ երկու ամիս, ինչքա՞ն մարդ է ստորագրել այս  ընթացքում։

- Այո, ստորագրահավաքը շարունակվում է։ Մոտենում ենք 20.000-ի արդեն։ Մարդիկ կան՝ գործընկերներ, որոնք իրենց միջոցներով անում են ստորագրահավաք։ Սեղանիկը դրված է Հյուսիսային պողոտայում, մարդիկ մոտենում են` ստորագրում։ Նախատեսում ենք այսպես կոչված հենակետեր դնենք նաև մարզերում և Արցախում։

- Ազատության հրապարակում մոտ մեկ շաբաթից ավելի է տարբեր ուժեր բողոքի ակցիաներ, իրազեկման երթեր և հանրահավաքներ են կազմակերպում։ Միացե՞լ է արդյոք «Ազատագրական շարժումն» այդ պայքարին։

- Մեր համահիմնադիրներից Արա Զոհրաբյանը, Վահագն Չախալյանը առաջին իսկ օրվանից գնացել են Ազատության հրապարակ, մոտեցել են Սերոբ Գասպարյանին և իրենց աջակցությունը հայտնել, կանգնել կողքները երկար ժամանակ։ Նրանք մոտեցել են նաև Արթուր Վանեցյանին, «5165»-ին։ Մենք էլ պարբերաբար ամեն օր լինում ենք այնտեղ։ Ինչ Արցախից վերադարձել եմ` այնտեղ եմ լինում։ Ուղղակի, քանի որ մենք ամսից ավել է, ինչ Հյուսիսային պողոտայում ստորագրահավաքի վայրում ենք լինում, որտեղ մարդիկ մոտենում ստորագրում են, նպատակահարմար չենք համարում տեղափոխել այդ սեղանիկը Ազատության հրապարակ։

Մեր կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն ուժերին, բոլոր այն նախաձեռնություններին, կանգնում ենք նրանց կողքին, ովքեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար  են պայքարում։ Երեկ էլ եմ եղել Ազատության հրապարակում, և իմ ստորագրությունն եմ դրել երկու հացադուլավոր մեր տղաների հայտարարությունից հետո։ Ի վերջո, մենք այսպես ենք պատկերացնում` յուրաքանչյուր նախաձեռնություն, որը մեր պետականության փրկության, Արցախի փրկության համար է, մենք իրենց կողքին կանգնած ենք։ Այստեղ չպետք է խանդի տեսարաններ սարքել, թե ով է իր ուժերով պայքարում և ինչքան։ Մենք բոլոր այն ընդդիմադիր ուժերի կողքին ենք, ովքեր իրենց ազգային են հռչակում և հանուն ազգային նպատակների պայքարի են դուրս եկել։

- «Ազատագրական շարժումն» ինչ նախաձեռնություններ և ինչ հստակ ծրագրեր ունի՝ իր առջև դրված խնդիրների լուծման համար։

- Այո, «Ազատագրական շարժումը» առաջիկայում որոշակի նախաձեռնություններով հանդես կգա, կհայտարարի իր պայքարի հաջորդ փուլերի մասին։ Այս պահին նպատակահարմար չեմ համարում շատ մանրամասներ բացել, բայց ստորագրահավաքը շարունակվում է։ Այցելելու ենք մարզեր։ Նախատեսում ենք հանդիպումներ մեր հայրենակիցների հետ, խոսելու ենք և ներկայացնելու ենք մեր ծրագրերը։  Ներկայացնելու ենք նաև՝ թե ինչու պիտի Նիկոլ Փաշինյանը գնա, ինչու պիտի փոխվի իշխանությունը, ներկայացնելու ենք, թե մեր տեսլականն ինպես ենք պատկերացնում ազգային համերաշխության մեջ։ Ի վերջո հենց նիկոլական երկրում իշխանություն, կառավարություն պիտի կազմեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ՝ բացառապես մասնագետները, տեխնոկրատները։ Սա է, սա պիտի ներկայացնենք հանրությանը: Իհարկե, քաղաքական ուժերի երաշխավորությամբ, որպեսզի քաղաքական ուժերը քաղաքականություն իրականացնեն, իսկ մասնագետներից յուրաքանչյուրն իր ոլորտում կարողանա աշխատանք կատարել։

- Փետրվար ամսին մեզ տված հարցազրույցում ասել էիք, որ տաքերն ընկնելուն պես` մարդկանց կկարողանաք հանել փողոց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախատեսում էին, որ այդ ակցիաներին զուգահեռ արտերկրում ապրող հայությունն էլ պետք է դուրս գա փողոց։ Այսօր արդեն եղանակը տաքացել է...

-Նախ եղանակները տաքանում են, աշխատանքներն էլ` դուք տեսնում եք, որ տարբեր ապակենտրոնացված ուժեր աշխատանքներ են կատարվում, այդ թվում նաև մենք ունենք մեր պլանները։ Եղանակները տաքանալ չի նշանակում, որ մարտի 1-ից պետք էր միանգամից սկսել։ Ի դեպ, իմ ասածը հաստատվեց, որ ես ասում էի տաք եղանակին մարդիկ ավելի ակտիվ են լինում, քան սառը եղանակին։ Եվ սա փաստում է։ Բոլոր քաղաքական ուժերն են այդ ճանապարհով գնում։ Ինչ վերաբերում  է Արևմուտքին, Ռուսաստանի մեր գործընկերներին, այնտեղ էլ կազմակերպչական աշխատանքները կատարվում են։ Հաշվի առնելով, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի թիկունքում կանգնած՝ Թուրքիա, Ադրբեջան, արևմտյան մի շարք ուժեր, վերազգային կորպորացիաներ և այլն, այդքան էլ հեշտ չի կազմակերպել միանգամից, բայց ընթացքի մեջ է և ես հաստատում եմ իմ խոսքերը։ Այնպես չի, որ դա միանգամից մեկ օրում է  լինում։