Ինչպես էր փոխվում թավիշը. ապրիլի 11

Ինչպես էր փոխվում թավիշը. ապրիլի 11

Մեր այսօրվա ողբերգական, օրհասական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների: Օր տասներկուերորդ՝ ապրիլի 11:

2018թ․ ապրիլի 11 - Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Հայաստանի վիճակը վատ է, եւ առաջիկա տարիներին նույնիսկ եթե գրանցվի տասը տոկոս տնտեսական աճ, այն որեւէ կերպ չի անդրադառնա հասարակության բարեկեցության վրա: Մի քանի ամիս անց Առաքելյանը դարձավ ՀՀ վարչապետի խորհրդական, նրա գլխավորած «Առաքելություն» կուսակցությունը դաշինք կազմեց «Քաղպայմանագրի» հետ եւ «Իմ քայլը» անվան տակ մասնակցեց ընտրություններին` որոշ անդամներ դարձան ԱԺ պատգամավորներ, որոշները` Երեւանի ավագանու անդամ: Իսկ 2 տարի անց Մեսրոպ Առաքելյանը դարձավ այն կառավարության անդամ, որը հայտարարում էր, որ Հայաստանում քաղաքացիները սկսել են լավ ապրել, կյանքը լավացել է եւ առաջիկայում էլ ավելի է լավանալու:

2019թ․ ապրիլի 11 - Եվրոպայի խորհրդում թուրք պատվիրակ Կամիլ Այդինի` հակամարտության վերաբերյալ հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր ԼՂ-ում ապրում են մարդիկ, որոնք ծնվել, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը, իր երեխան է ծնվել, եւ հուղարկավորված են իր նախնիները: Ամեն իրավիճակի պետք է նայել իր էության մեջ: Եթե ուզում ենք ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, ապա Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, պետք է բանակցությունների նստել հակամարտության բոլոր կողմերով: Մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, ինչպես հարիր է ԵԽ անդամ պետություններին»: 1,5 տարի անց Նիկոլ Փաշինյանը, առանց որեւէ մեկին հարցնելու, ղարաբաղցիների, նրանց երեխաների ու պապերի հողը` Արցախը տվեց Ադրբեջանին, մնացած մասի վերաբերյալ էլ հայտարարեց, որ մենք պետք է քննարկենք Ադրբեջանի կազմում Արցախի մնալու, նրա կարգավիճակի նշաձողն իջեցնելու հարցը:

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ներկայացրեց «Հայկական թավշյա օղի» անունով ալկոհոլային խմիչք, որի պիտակի վրա պատկերված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի պետական դրոշը: Փոստանջյանն ասաց, որ դիմել է իրավապահներին, որ պետական խորհրդանիշ է անարգվում, սակայն գործ չի հարուցվել: Սրանից էլ նա ենթադրություն էր արել, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է ու այսկերպ փող է վաստակում:

Ստրասբուրգում սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր քաղաքական բառապաշարը պետք է ճշգրիտ լինի: Ռեպրեսիաների ճանապարհով չենք գնալու»: Բայց արդեն սկիզբ էր դրվել «շնաբարո դուրսպրծուկներին», «վնգստացող դատավորներին» ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու քաղաքականությանը:
Նույն հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պատկերացնում էի»: Դրանից երեք օր առաջ ԱՄՆ-ում, նրա կին Աննա Հակոբյանն ասել էր. մեր երկրում իրադարձությունները զարգանում են ավելի լավ, քան կարելի էր պատկերացնել եւ սպասել: 

2020թ․ ապրիլի 11 - Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել մեր զինված ուժերի համար գերձայնային ինքնաթիռներ գնելու մասին: Հետո պիտի պարզվեր, որ դրանք մեծ խաղալիքներ են՝ սպառազինություն եւ հրթիռներ չունեն:

2021թ․ ապրիլի 11 - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ փոքր ուժերը, որոնք գիտեն՝ չեն հաղթահարելու շեմը, բայց մասնակցում են ընտրություններին, հօգուտ իշխանության են աշխատելու: Փոքր ուժերը մարդկանց ձայնը փոշիացնելու են. «Փաշինյանն ընտրվում է, եթե 20-30 ուժ մասնակցի, դա ձայների փոշիացման լավագույն միջոցն է: Դրա համար պետք է ժողովրդի լեզվով մարդկանց բացատրենք, որ՝ ժողովուրդ ջան, ձեր ձայները մի փոշիացրեք, քվեարկեք ԼՀԿ-ի օգտին, որն ակնհայտ է, որ խորհրդարանական բարիերը հաղթահարելու խնդիր չունի»: Միավորում չեղավ, քվեարկությանը մասնակցեց ընտրողների կեսից էլ քիչ մասը, ու սա ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին: Փաշինյանը նորից դարձավ վարչապետ: ԼՀԿ-ն չանցավ խորհրդարան, իսկ 2022-ին դարձավ Նիկոլ Փաշինյանի հենարաններից մեկը․ Էդմոն Մարուքյանն էլ Փաշինյանի` հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակ ստացավ, 2022-ի ապրիլի 20-ին էլ եթերից հայտարարեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Նիկոլ Փաշինյանն էլ ոչ մի հանցանք չի կատարել` ԱԺ ամբիոնից խոսելով պատերազմի լինել-չլինելու, զոհերի լինել-չլինելու մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր. «Պատերազմը կարող էինք կանխել, բայց նույն արդյունքը կլիներ, իհարկե` առանց զոհերի»:

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ