Արփա-Սևան թունելով Սևան է մտել մոտ 6 միլիարդ խորանարդ մետր ջուր

Արփա-Սևան թունելով Սևան է մտել մոտ 6 միլիարդ խորանարդ մետր ջուր

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ պատասխանել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցադրմանը՝ Սեւանի մակարդակի իջեցման եւ թունելներով Սեւան ջուր բաց թողնելու հետ կապված։ Մարզպետը հայտարարել էր, որ Որոտան-Արփա ջրատար թունելով տարեկան 175 մլն մ³ ջուր պետք է Սեւան տեղափոխվեր, բայց ոչ մի կաթիլ ջուր Որոտանից չի հասել Սեւան։

«Հրապարակը» զրուցեց ԱԺ նախկին Հանրապետական խմբակցության պատգամավոր, Արփա-Սեւան թունելի նախկին տնօրեն Հակոբ Հակոբյանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ 1981 թվականից այս կողմ, այսինքն՝ այն ժամանակից, երբ թունելի շինարարությունը շահագործման է հանձնվել, թունելով 6 միլիարդ խորանարդ մետր ջուր է հոսել դեպի Սեւան։ Հիշեցնենք, որ ամեն տարի Սեւանից ոռոգման համար վերցվում է 170 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը մի շարք բնապահպաններ համարում են նոնսենս՝ նշելով, որ ի սկզբանե օրենսդրական մակարդակով ապօրինություն է արվել՝ ֆիքսելով 170 միլիոնը։ Մինչդեռ 55 միլիոն խորանարդից ավելի չէր կարելի։ Ինչեւէ, ըստ Հակոբ Հակոբյանի՝ թունելից ջրի բացթողումները կազմում են միջին տարեկանով 170-200 միլիոն խորանարդ։ Միայն վերջին տարիներին թիվն իջել է՝ հասնելով 140 միլիոն խմ-ի։