Վենետիկի հանձնաժողովի հետ պատշաճ մակարդակի աշխատանք չի տարվել

Վենետիկի հանձնաժողովի հետ պատշաճ մակարդակի աշխատանք չի տարվել

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ կապված՝ զրուցեցինք վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ։

- Վենետիկի հանձնաժողովը հունիսի 20-21-ի նիստի արձանագրությունը ներկայացնում է որպես հանձնաժողովի նեգատիվ դիրքորոշում ՀՀ իշխանությունների քայլերի վերաբերյալ: Իսկ ինչպե՞ս պետք է մենք՝ որպես պետություն, վերաբերվենք այդ փաստաթղթին: 

- Նախ, պետք է միշտ հիշել. որեւէ ներքաղաքական հարցի շուրջ որոշման իրավունքը պետությանն է, եւ սուվերենն է վերջնական կամքի դրսեւորողը։ Այս առումով նաեւ տեղին է հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի կարգավիճակի մասին՝ որպես Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի։ Այս հանձնաժողովը, որը կազմված է գերազանցապես սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից, իրավասու է ընդունել միայն խորհրդատվական բնույթի փաստաթղթեր: Այսինքն, պետությունը սահմանադրական բարեփոխումների կամ ներպետական օրենսդրության կատարելագործման ընթացքում կարող է օգտվել այս մարմնի երաշխավորություններից։ Միաժամանակ տեղին է հիշել, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների ուժը եվրոպական կառույցներում բավականին բարձր է, եւ այդ իսկ պատճառով մեր որոշումները պետք է լինեն մաքսիմալ պատճառաբանված, Սահմանադրության տառին եւ ոգուն, ինչպես նաեւ Եվրոպական կոնվենցիային համապատասխանող։ Հատկապես այն դեպքերում, երբ այդ որոշումներն այս հանձնաժողովի, այսպես ասած, «դաբրոն» չունեն։

- Կարելի՞ է համարել, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, որ սահմանադրական մարմինները «շեղվել են սահմանադրականության ուղեծրից», ինչպես ասում է Վահե Գրիգորյանը: 

- Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի այսօրվա կազմով գործունեության սահմանադրականությանը, ապա առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի էլ պարզ էր, որ հայտնի իրավական դիրքորոշումը ֆորմալիստական է եւ փակուղի տանող եւ հիմնականում քաղաքականապես մոտիվացված։ Հանճարեղ իրավաբան լինելու անհրաժեշտությունը չկա՝ հասկանալու համար պարզ մի իմաստություն, որ չի կարելի ունքը սարքելու փոխարեն աչքը վնասել։

- Վենետիկի հանձնաժողովը, կարծես, դեմ է դատավորների համընդհանուր վեթթինգին, օգտագործում է այլ տերմիններ՝ ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցել գույքի հայտարարագրման համակարգին: Ինչպե՞ս սա հասկանալ: 

- Դատական համակարգի բարեփոխումների եւ մասնավորապես վեթթինգի մասով, անկեղծ ասած, հանձնաժողովի դիրքորոշումն առնվազն մեկնաբանման կարիք ունի, քանզի այս գործընթացի անունը վեթթինգ կդրվի, թե այլ ավելի անբարեհունչ տերմինով կանվանվի, սակայն պետության սուվերեն իրավունքն է՝ որոշել սահմանադրական կարգին եւ տվյալ դեպքում իշխանության ճյուղերից մեկի գործունեությանն առնչվող ցանկացած ոլորտի բարեփոխման ծավալներն ու դինամիկան։ Ընդհանրապես, տպավորություն է ձեւավորվում, որ Վենետիկի հանձնաժողովի հետ պատշաճ մակարդակի աշխատանք չի տարվել կամ տարվել է, բայց հստակ ուղղորդվածությամբ։ Սա պետք է դաս լինի հետագայի համար։ Իսկ արդյունավետ դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու կարեւորագույն պայմանի վերաբերյալ գրեթե չի խոսվում։ 

- Ի՞նչը նկատի ունեք: 

- Խնդիրը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության ընկալումն է։ Համենայնդեպս, դատական իշխանության գործունեության այսօրվա սահմանադրաիրավական կարգավորումներով դժվար թե շատ առաջ գնանք։ Սա ասում եմ այն բանի համար, որ ընթացիկ, հաջորդ, հերթական դատական բարեփոխումների անարդյունավետության պատասխանատվության բեռը հետո չփորձենք կրկին դնել դատավորների վրա։ Քավության նոխազ գտնելն այս հարցում, ժողովրդական լեզվով ասած՝ համապատասխան սրտին համապատասխան մխիթարանք կարող է լինել միայն։