Առանց բարեփոխումների անհնար է ակնկալել ներդրումների հոսք

Առանց բարեփոխումների անհնար է ակնկալել ներդրումների հոսք
Գագիկ Մակարյան

Նոր կառավարությունից հաճախ ենք լսում հորդորներ՝ Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու: Նման հայտարարությամբ հունվարի 21-ին, Ցյուրիխում հանդես եկավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղղված Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչներին եւ շվեյցարացի գործարարներին: «Մեր ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը:

Կառավարությունն ու ժողովուրդը միասնական են այս տեսլականի մեջ»,- ասաց նա՝ ելույթի վերջում ավելացնելով, որ «եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք եւ հարստացրեք ուրիշներին»: Իր հերթին պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես հիշեցրել է, որ «մենք կողջունենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ էմիրաթական ընկերությունների հետաքրքրությունը եւ կաջակցենք հնարավոր ներդրողներին»: Ներկայիս իշխանավորները ջանք չեն խնայում, որ այստեղ բիզնես դնեն ներդրողները, նույնիսկ սարքավորումներ ներկրողների համար գործում են հատուկ ընթացակարգեր, ռեժիմներ, հարկային այլ համակարգ եւ մաքսատուրքեր: Օրինակ՝ ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն, որ ստեղծվեն նոր աշխատատեղեր, հետո կվճարեն հարկերը: 

Սակայն «սայլը տեղից չի շարժվում»: Չգիտես ինչու, ո՛չ ներդրողներն են շտապում հարստանալ, ո՛չ էլ մեզ են ուզում հարստացնել: Ավելին՝ ներդրումների ծավալը գնալով նվազում է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, արտասահմանյան ուղղակի ներդրումները 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 75 մլն դոլար՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի 133.9 մլն դոլարի դիմաց։ Նվազումը՝ 58.3 մլն դոլար կամ տարվա ընթացքում 43,5 տոկոսով: 

Այս 8 ամիսների ընթացքում էլ դժվար է հիշել խոշոր օտարերկրյա ներդրումների հոսք Հայաստանում, չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռ նախընտրական հանրահավաքին ելույթ ունենալով Գավառում, բոլորին  ուրախացրեց լուրով, որ «այս պահին Հայաստանում 589 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում»: Բայց դե, ինչքան ժամանակ այդ ծրագրերը կքննարկվեն, Աստված գիտի: Ընդհանրապես, ներդրումային կլիմա ստեղծելը շատ նուրբ հարց է, եւ «էստի համեցեք» հորդորներով այն չես լուծի: Նույնիսկ մի անզգույշ հայտարարությունը կարող է ի չիք դարձնել նախորդ բոլոր ջանքերը: 

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովը եւ ԱԳՆ-ն պետք է քաղաքական ելույթներին ուշադրություն դարձնեն, որոնք կարող են վնասել երկրի վարկանիշը կամ առաջացնել անհանգստություն, կասկածներ Հայաստանի կայուն վիճակի վերաբերյալ, ինչի արդյունքում կարող են մարել ներդրողների ցանկությունները:

Դիվանագիտական լեզվով ճիշտ համագործակցել է պետք հարեւան երկրների հետ, տարածաշրջանային կոնֆլիկտների մեջ չներքաշվել: Կարճ ասած՝ Հայաստանը չպետք է հայտնվի գերտերությունների արանքում: Օրինակ՝ Ռուսաստանը կամ Թուրքիան ունեն կոնֆլիկտներ ԱՄՆ-ի հետ, Հայաստանը չպետք է ներքաշվի դրանց մեջ, որ ներդրողները չհայտնվեն սպասողական վիճակում: Բայց արի ու տես, որ նորելուկ երեսփոխանները լրիվ հակառակն են անում: Չեմ կարծում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությունը խորհրդարանում այն մասին, որ Իրանի Իսլամական հանրապետությունն ավտորիտար երկիր է, կարող է ավելացնել ներդրումների հոսքը հարեւան երկրից: 

Այստեղ գործող օտարերկրյա դիվանագիտական կորպուսն աչալուրջ հետեւում է կառավարության գործունեությանը, հեղափոխական արդյունքներին, հետհեղափոխական գործընթացներին, եւ ինչքան էլ մենք գլուխ գովենք եւ ասենք, որ մեր միջավայրը լավն է, ֆորումներ կազմակերպենք, պատվիրակներ ուղարկենք, օտարերկրյա գործարարները, ստանալով իրենց պետության կողմից հրահանգներ, չեն գա այստեղ, եթե տեսնեն, որ կան ռիսկեր:

 Դա չի նշանակում, որ կուսակցությունները պետք է լռեն եւ ընդդիմախոսություն չանեն: Ուղղակի պետք է մշակույթը փոխել, ավելի ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ եւ հիմնավորված հայտարարություններ անել, այլ ոչ թե չափազանցված, թշնամական եւ աղմկահարույց:  
Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ ներկայիս օրենքները գրված են նախկին իրավիճակի համար, եւ, հետեւաբար, կարիք կա բազմաթիվ օրենքների ֆունդամենտալ փոփոխություններ անել: Այսինքն, ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարը դեռ բավարար չէ, որպեսզի ներդրումներ իրականանան:

Պետք է փոխել Հարկային օրենսգիրքը, որը պետք է ունենա ավելի ակնհայտ բիզնես կողմնորոշում, բարելավել Աշխատանքային օրենսգիրքը, «Սնանկության մասին», «ՀԴՄ-ների մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքները, աշխատավարձի քաղաքականությունը երկրում եւ այլ հարակից օրենքներ: 

Շատ կարեւոր է վերանայել «Կրթության մասին» օրենքը եւ հայեցակարգերը, որոնք կադրեր են ապահովում, որովհետեւ ներդրողը որ եկավ, իր հետ բերելու է նոր չափանիշներ: Շուկայում եղած չափանիշներն այն հին խորհրդային «կուստառնի» մեթոդներն են, որ կան: Օրինակ՝ ժամը 9-ին աշխատողը կգա, մի հատ սուրճ կխմի, կգնա աշխատողների հետ կպաչպչվի-կբարեւի, հետո մի կես ժամ շուտ կգնա ընդմիջմանը եւ կես ժամ էլ ուշ կգա աշխատանքի, իսկ ժամը 17։30-ին էլ իրերն արդեն կհավաքի, որ գնա տուն: Եթե Եվրոպայում աշխատուժի արտադրողականությունը կազմում է 110-120 հազար դոլար, իսկ Հայաստանում 10 հազար դոլարից չի անցնում, ինչո՞ւ պիտի ներդրողը թողնի եվրոպաները եւ գա 10 հազար դոլարի արտադրողականության ներդրում կատարի Հայաստանում: 

Հետեւաբար, մեր աշխատուժը պիտի պատրաստ լինի աշխատել նոր պայմաններում, որը կբերի օտարերկրյա ներդրողը: Այսինքն, կրթական համակարգը պետք է շատ արագ վերադասավորվի, վերագիտակցի իր անելիքը: 

«Այսօր կրթական համակարգն ամենավատն է մեր եղած կառույցներից, նա շատ լուրջ կաղում է: Նրա դերն այն չէ, որ մարդկանց ավարտեցնի սուտ գիտելիքներով, կասկածելի դիպլոմներով եւ մտածի՝ ինչ ուզում են, թող հետո անեն: Ո՜չ, կրթական համակարգը պետք է տնտեսությանը սպասարկի: Տնտեսությունը պետք է վստահ լինի, որ այդ կադրերը նա կգտնի երկրում: Եթե ներդրողը դրանում կասկածի, նա չի գա այստեղ:

Այսինքն՝ եթե ներկայիս կառավարությունն ասում է՝ հեղափոխություն տնտեսության մեջ, ես կասեի՝ հեղափոխություն կրթության եւ մտածելակերպի մեջ: Հայկական մետածելակերպը եւ կենցաղային հարաբերություններն ահավոր խանգարում են պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ ձեւավորելու հարցում»,- կարծում է Գագիկ Մակարյանը: 

Իսկ մինչ այդ, նշված բարեփոխումները դեռ չիրականացրած՝ մեր իշխանավորները շարունակում են «Գիքորի» համառությամբ բոլորին հրավիրել այցելելու Հայաստան՝ անպայման ներդրումներով:

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ