Եթե ՀՀ բնակչության 0,1%-ը գա, կպահպանենք Աղավնոն եւ Բերձորը

Եթե ՀՀ բնակչության 0,1%-ը գա, կպահպանենք Աղավնոն եւ Բերձորը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Աղավնոյի եւ Բերձորի ինքնապաշտպանությունը կազմակերպելուն ուղղված քայլեր է ձեռնարկել։ Աղավնոյում է հիմա գտնվում կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն՝ իր ընտանիքով։ Նրանք հանդես են եկել կոչով․ 

«Այն մարդիկ, ովքեր իրականում նպատակ ունեն և գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Բերձորի ու Աղավնոյի պահպանման հարցում, կոչ ենք անում օր առաջ միանալ պայքարին»։ 

Պետրոսյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ 100-ից ավելի մարդ պատրաստակամություն է հայտնել միանալ իրենց. 

«Կան հարյուրավոր նամակներ, մի այդքան էլ զանգեր, բայց թե քանի հոգի կգա` չեմ կարող ասել։ Չեմ ուզում փակագծեր բացել, որովհետեւ ամեն ինչ ընթացքի մեջ է, ինքնապաշտպանությունը կազմակերպվելու է բոլոր հնարավոր միջոցներով, միակ պայմանն այն է, որ այստեղ հնարավորինս շատ մարդ լինի»։ 

Հարցին, թե զենքով ինքնապաշտպանության մասի՞ն է խոսքը, կրկնեց, որ փակագծեր չի բացում։ 
«Եթե այստեղ գա ՀՀ-ի բնակչության 0,1%-ը, համոզված եղեք, որ մենք կպահպանենք Աղավնոն եւ Բերձորը։ Եթե վաղը նույն ձևի ժամկետ տրվի եւ սպառնալիք լինի, որ՝ հակառակ պարագայում կգան եւ կգրավեն Սյունիքը, մենք ո՞նց ենք վարվելու։ Ես հենց Աղավնոյում եմ իմ ընտանիքի հետ։ Մարդիկ կան, որ ասում են` մենակ թե պայքարեն, մենք կմնանք, մարդիկ էլ կան, որ ասում են` մենք հո բայրաքթարների դեմ չե՞նք կարող»։