Հոբելյանական ինքնաբացահայտումներ

Հոբելյանական ինքնաբացահայտումներ

65 տարեկան եմ։ Ոմանց համար՝ պատկառելի տարիք, ինձ համար՝ փորձություններով լի որոնումների մի արահետ, որ անցավ ակնթարթի պես։

Ծնվելիս ընտրեցի ամենագեղեցիկ զույգը՝ որպես ծնողներ և լույս աշխարհ եկա տարեմուտին՝ 1956-ի ամանորը դիմավորելով ընդամենը 7-օրյա փորձով։ Ատամնահատիկիս գրիչ եմ վերցրել և մինչև օրս էլ այն ձեռքիս է։ 65 տարի փնտրում եմ։ Փնտրտուքիս առարկան հասարակ իր չէ, այն նյութեղեն չէ, այլ հույս է, հավատ, վստահություն, անմնացորդ նիրվածություն։ Ֆաշիզմի զոհ դարձած Վաղինակ պապիս և հորս Արշակ պապին եմ փնտրում։ Արշակ պապն է իմ անունը կարգել, հորս ասելով․ «Որդուդ անունը Վաղարշակ դիր։ Եթե Վաղիկս կգա, Արշակ կասեք, իմ անունը, եթե չի գա՝ Վաղարշակ էլ կմնա, համ ես կհիշվեմ, համ որդիս»։ Ասել է հավատով՝ պատերազմից 10 տարի անց։ Գրում եմ ու աչքերս թրջվում են, հեռուստաէկրանին որդեկորույս ծնողների անօգնական ճիչեր են հնչում։ Հաջողություններս թողած՝ ես միշտ սխալներս եմ փնտրում, կորուստներս․․․

Նոր էի սկսել խոսել, ու ինձ թվում էր, թե փորձում եմ զարգացնել երևակայությունս։ Գյուղի դպրոց հաճախել եմ միշտ նույն բռնչենու մոտով, որի մոտ ամառ, թե ձմեռ տերևներ կային՝ վերացնելով ժամանակ ու տարածություն։ Ավարտել եմ դպրոցը՝ հավատարիմ մնալով հանրակրթությանը։ Առավել սիրած առարկայի նկատմամբ հակումներս տարան Երևանի Խ․ Աբովյանի անան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետ։ Ստացվեց այնպես, որ ԲՈՒՀն ավարտելու հետ կարծես ավարտվեց սերս ֆիզիկայի հանդեպ։ 65 տարիների իմ հետագիծը ավելի շատ վարչակառավարման և հասարակական աշխատանքների տիրույթում էր։ Ես աշխարհից ու շրջապատից խռով չեմ, բայց չգիտեմ՝ աշխարհը գո՞հ է, թե՞ դժգոհ։ Այսօր էլ պատրաստ եմ հայցել բոլորի ներողամտությունը, ում նկատմամբ եղել եմ անտարբեր, և ով չնչին չափով անգամ տուժել է իմ գործունեությունից։ Աշխատել եմ, գնահատվել։ Պարգևների պակաս չունեմ։ Սկզբունքորեն դեմ եմ ծննդյան, հոբելյանական օրվա առթիվ, իչնչպես նաև պարտականությունների պատշաճ ու սովորական կատարողների համար տրվող խրախուսանքին։ Պարգևը պիտի թանկ լինի, պարգևատրվողների ցանկը՝ համեստ, անվանակոչությունները պիտի լինեն հիմնավորված։ Դեպքերի բերումով /առանց գործող կարգի շրջանցման/ բանակում չեմ ծառայել, Հայոց գոյամարտին գործնական մասնակցություն չեմ ունեցել։ Ուշացած ափսոսանք չէ սա, այլ ինքնատիպ սպի խղճիս սպեկտորին, որից ամենևին հարգանքս ու վստահությունս զինվորի ու բանակի հանդեպ երբեք չի պակասել ու չի պակասելու։ Փառք ու պատիվ հայ զինվորին, հոգուս խոնարհումը մեր սուրբ հողի համար բոլոր սրբացածներին։

․․․Վերև քիչ եմ նայում, այնտեղ միայն և ազգիս կորուստներն եմ փնտրում։ Փոխարենը հաճախ կողքս չեմ նկատում, անգամ հանդիմանանքի եմ արժանանում մերձավորներին չբարևելու համար։ Ճանապարհի խաչմերուկներում վախենում եմ ոչ թե դիմակավոր ոստիկաններից, այլ անհաջող վարորդներից։ Հասուն կյանքի հիշողություններ քիչ ունեմ, թեև մանկությունս էլ մի բան չէր։ Միշտ բավարարվել եմ եղածով, «դիմացել եմ» կողքինիս հաջողություններին։ Համոզված եմ, որ բարի նախանձ չի լինում։ Ուժերիս ներածի չափով պատրաստ եմ օգնել բոլորին։ Իմ թշնամիները ազգիս թշնամիներն են, ներքին թշնամի չեմ տեսնում։ Շարունակում եմ լույս փնտրել, ուզում եմ գարունները գան ու չգնան։ Փնտրելիս միշտ հիշում եմ Վ․ Բելինսկուն․ «Մարդիկ առանձնապես չեն վայելում այն, ինչը իրենց տրված է, որքան վշտանում են նրա համար, ինչը տրված չէ»։ Փորձով եմ համոզվել, որ ամեն մեկի համար  ամենասուրբը պարզապես ընտանեկան միջավայրում կիսած հացն է, սրբության սրբոցը ամենքի համար իր օջախն է։ Հավատարիմ եմ ընկերությանը, հարազատ բարեամներին, ի վերջո՝ նաև ազգիս։
 
***
Հացն ու գիրքն ինձ համար հավասար են, ես հացի նման գիքն էլ դարձերեսի վրա չեմ դնում։
 
***
Վիլյամ Սարոյանի օգնությամբ պարբերաբար բարձրաձայնում եմ․ «Իմ սիրտը լեռներում է, Լոռու լեռներում, ամենքիդ հետ, թանկագին հայրենակիցներ»։
 
***
Կյանքի ընթացքը համեմատում եմ գնացքի սլացքի հետ։ Կորուստների հետ կապված միջոցառումները անվանում եմ հիշատակի կանգառներ։ Յուրաքանչյում մարդու ապրածը որակում եմ որպես անավարտ գիրք, որի էջերը մեզնից անկախ շարունակում ենք ապրողներս։
 
***
Միշտ մնացել եմ ականջալուր հայրական խրատին․ «Նամուս ու պատիվը ամենաթանկն է, կաշխատես չկորցնես»․ ու մայրիկիս «Սիգարետ ծխելով տղամարդ չեն դառնում» հանդիմանանքին։ Երանի եմ տալիս դպրոցական տարիների այն ամառային օրվան, երբ դասընկերոջս հետ վառել էի կյանքիս առաջին և վերջին սիգարետը։ Բավարարված եմ մորս տված խոստումը պահողի հպարտությամբ։
 
***
Իմ այգին երբեմնի շքեղ ու հպարտ հմայքը չունի։ Մեկ-մեկ էլ չեմ ուզում մտնել՝ չտեսնելու ծառերի ու ծաղիկների տառապանքը։
 
***
Աշխարհում ամեն բան ծերանում է։ Գիրքը ծերանում է, երբ վրան փոշի է նստում։ Գիրք այրելը մեղք է, մեղքերի մեղքը։
 
***
Բջջային ու տեսակապը հրաշք են, բայց անթերի չեն։ Դրանք եկան ու թաղեցին կարոտը՝ մարդուն զրկելով այդ զգացումը լիարժեք ապրելու հնարավորությունից։
 
***
 Հարազատությունը կամ ընկերությունը եթե սառչում են, նշանն է այն բանի, որ ի սկզբանե դրանք չեն եղել։
 
***
Մարդը չի ներում ուրիշներին, որովհետև նույն բանի համար իրեն ներել չի կարողանում։
***
Ամենագեղեցիկը մոր աչքերն են, ամենա տաք տեղը մայրական գրկում է։
 
***
Ամենամեծ հարստությունը շրջապատի վստահությունն է ու փոխադարձ սերը։
 
 
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ