Օսիպյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը․նոր մանրամասներ վերաբացված քրգործից

Օսիպյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը․նոր մանրամասներ վերաբացված քրգործից

Դեռեւս դեկտեմբերին գրել էինք, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հարուցված եւ կարճված քրեական գործը վերաբացվել է։ Քննչական կոմիտեից մեզ ասել էին, որ գործը կարճված չի եղել, իսկ Սեդրակ Օսիպյանի նախկին պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասել էր, որ գործը կարճված է։ Այնուհետև  մեզ հայտնի դարձավ, որ գործը վերաբացվել է, ավելին՝ գործով վկա Սարգիս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, ապրիլի 23-ին նա Մոսկվայում կալանավորվել է, ապա ազատ արձակվել։ Հիշեցնենք՝ 2014-ի հունիսի 1-ին այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ, այժմ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ դանակահարության դեպք էր գրանցվել։ Հանցագործության մեջ կասկածվող Սեդրակ Օսիպյանը շուրջ մեկ տարի հետախուզվում էր, ապա 2015-ի մարտի 21-ին ներկայացել էր Քննչական կոմիտե եւ ցուցմունք տվել, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Դեպքից հետո, Սարգսի Հովհաննիսյանի մայրը՝ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու ուսերին բարդել դանակահարությունը։

Վալերի Օսիպյանը առ այսօր հերքում է այս պնդումները:
2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով:Օսիպյանի ենթադրյալ միջամտությունը գործի քննությանը Սամվել Հովհաննիսյանը ներկայացնում է այն դրվագով, որ Վալերի Օսիպյանը  դեպքից հետո  իրեն կանչել է իր աշխատասենյակ, այնուհետև առաջարկել է գործարքի մեջ մտնել։ Հովհաննիսյանը իր տված ցուցմունքում գրել է․
«2014 թվականի հունիսի 2-ին իմ բջջային հեռախոսին զանգ եկավ, զանգահարողը ինձ հետ առերես քննվող Վալերի Օսիպյանն էր։ Ներկայացավ և ասաց, որ խոսելու բան կա։ Ես հարցրի՝ ի՞նչ կա խոսելու, նա ասաց՝ «կարա՞ս գաս վարչություն, տղավարի խոսելու բան կա»։ Այնտեղ ինձ մի տղա դիմավորեց, առանց անցագրի ու անձնագրի բարձրացրեց Օսիպյանի աշխատասենյակ։ Սենյակում կար ևս մեկ հոգի, որի անունը Հարութ էր։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է ինձ կանչել, պատասխանեց՝ «Սեդրակը ինձ ասել է՝ եթե ուզում ես ճիշտը իմանաս, Սամվելին հարցաքննի, ինքը ճիշտը կասի»։ Ես իրեն հարցրի, թե «հիմա տղավա՞րի ենք խոսում», դրական պատասխան տվեց։ Ես պատմեցի, ինչ որ տեսել էի, և այն պահը, որ տուժածի մայրը գոռում է, թե երկար մազերով ու կապույտ աչքերով տղան է դանակահարողը։ Ինձ հետ առերեսվող Վ․ Օսիպյանը ինձ ընդհատեց ու ասաց՝ «Ես Սեդրակին չեմ կարող օգնել, քանի որ նա իմ եղբոր տղան է, բայց Սարգսին կարող եմ օգնել, եթե իր վրա վերցնի»։ Ես պատասխանեցի՝ «ըտենց ճիշտ չկա, ինչի՞ համար պետք է եղբայրս իր վրա վերցնի, եթե հանդիսացել է որպես բաժանող, եթե կարողանում ես, Սեդրակին օգնի, Սարգիսը քո օգնության կարիքը չունի, քանի որ գործով ոչ մեկ չի տեսել, որ Սարգիսն է եղել»։ Դրանից հետո Օսիպյանը կրկին նույնաբովանդակ առաջարկություններ արեց՝ պնդելով, որ Սարգսին է եղել»,- գրել է Սամվել Հովհաննիսյանը։

Տվյալ ժամանակահատվածում Սարգիս Հովհաննիսյանը եղել է Ռուսաստանի Դաշնությունում, և, ըստ Սամվել Հովհաննիսյանի տված ցուցմունքի, Օսիպյանը հարցրել է՝ եթե Սարգիսը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ են փախցրել երկրից, Սամվելն էլ պատասխանել է, թե նա ամեն դեպքում պատրաստվում էր գնալ, բացի այդ էլ վախեցրել են, որ իր գլխին կսարքեն, դրա համար էլ գնացել է։ Սամվել Հովհաննիսյանը գրել է նաև, որ Օսիպյանի հետ զրույցից հետո իր բջջայինով և իր առաջարկությամբ զանգահարել է եղբորը և փոխանցել Օսիպյանին, զրուցել են բարձրախոսը միացրած և Օսիպյանը կրկին հարցրել է, թե ինչու է փախել երկրից։
Իր ցուցմունքում Վալերի Օսիպյանը հերքել է Սամվել Հովհաննիսյանի տված ցուցմունքը՝ ասելով, որ սուտ է, և ինքը Սամվելին չի հրավիրել իր մոտ, այլ ճիշտ հակառակը՝ Սամվելն է ցանկացել իր հետ զրուցել․ «Ինձ հետ առերես հարցաքննվողը սուտ է խոսում, որ ես նրան առաջարկել եմ, որ Սարգիսը ընդունի, ես նրան կօգնեմ, իսկ Սեդրակին օգնել չեմ կարող։ Այդ տեղեկությունները սուտ են»։

Քրեական գործի վերաբացումից հետո Սամվել Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ Օսիպյանը հրավիրել է իրեն իր աշխաըասենյակ, և ձայնագրություն ունի, որը ապացուցում է դա։ Սրա վերաբերյալ Օսիպյանը ասել է, որ  տեղյակ է դրանից, կարող է տրամադրել նույն ձայնագրությունը բոլորին: «Այդ ձայնագրության մեջ ես ընդամենն իր ընկերոջը հորդորում եմ ճիշտը պատմել, որ ինքը մասնակից է եղել այդ դեպքին: Իր ընկերն է ձայնագրել: Եթե ինքը ունենար որևէ ավելի բան իմ դեմ, 5 տարվա ընթացքում արդեն տրամադրած կլիներ: Իսկ Սեդրակ Օսիպյանն ունի ձայնագրություն, որ դեպքից անմիջապես հետո Սամվել Հովհաննիսյանը գտնվել է այնտեղ ու չեմ պարզաբանում, թե ինչ»:

Սամվել Հովհաննիսյանը ձայնագրությունը տրամադրել է «Հրապարակին», նրա խոսքով՝ այդ ձայնագրությունը ունեն նաև քննչական մարմինները։ Հեռախոսազրույցի  ձայնագրությունում Օսիպյանը անհայտ անձին ասում է հետևյալը․

«Ըտեղ տուն չկա ու տղա չկա։ Սամո կոչեցյալը, ըտեղ տղա չկա։ Ես քեզ զանգել եմ, ասեմ եմ՝ արի հանդիպենք, հա՞, երեկ, էսօր, հա՞, դու հիմա վաղը գնաս, ասես Օսիպյանը տարել, ինձ պահել ա, ջղայնացել ա վրաս, գորգռացել ա»։