Ատեստավորում՝ հանուն հավելավճարի՞, իսկ մարզական արդյունքնե՞րը

Ատեստավորում՝ հանուն հավելավճարի՞, իսկ մարզական արդյունքնե՞րը

Անցյալ շաբաթ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտարարել էր, որ առաջիկայում մի շարք մարզաձեւերում մարզիչների ատեստավորում կանցկացվի։ Նա նշել էր, որ ատեստավորումը կօգնի հասկանալու, թե կոնկրետ մարզաձեւերում մարզչական կազմն ինչ վիճակում է գտնվում։ Բացի այդ, ըստ փոխնախարար Գիլոյանի, ատեստավորված մարզիչները կստանան հավելավճար ու կբարելավեն իրենց կյանքի որակը։ Ատեստավորումը լինելու է կամավոր ու այն անցած մարզիչների աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի։ Արդեն հրապարակվել է, թե թեստի լրացման ուղեցույցը, թե թեստի կառուցվածքը, թե այն գրականության ցանկը, որն անհրաժեշտ է ատեստավորմանը մասնակցելու համար։ Գիլոյանը նկատում է, որ մարզիչների մոտ այս նախաձեռնությունն արդեն որոշակի հետաքրքրություն է առաջացրել։ Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը: 
Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Այս ամենն, իհարկե, հասկանալի է։

Պետությունն ուզում է ուշադրություն դարձնել սպորտի ոլորտին, ինչ որ կերպ դրական մի բան անել մարզիչների համար։ Սակայն սա հարցի միայն մի կողմն է։ Եթե, օրինակ, որեւէ մարզաձեւի մարզիչ մասնակցել է ազգային հավաքականի մարզման աշխատանքներին, իր մարզիկներին տարել-հասցրել է մինչեւ միջազգային առաջնություններ ու պատվավոր տեղերով հետ է վերադարձրել, այսինքն՝ աչքի է ընկել որպես մարզիչ ու ճանաչում ունի նույնիսկ միջազգային սպորտի աշխարհում, սակայն չի ուզում ատեստավորվել, ապա ի՞նչ է ստացվում՝ որ նա հավելավճարից չի՞ օգտվելու։ Սա մի փոքր անհասկանալի իրավիճակ է ստեղծում։ Ի վերջո, կարեւորը ո՞րն է՝ ատեստավորումը՝ հանուն հավելավճարի՞, թե՞ մարզական արդյունքները։ Կարծում ենք, որ այս առումով նախաձեռնությունը որոշակի լրամշակման կարիք ունի։

Կարելի է, օրինակ, ատեստավորման գնահատման բազայի բաղկացուցիչ համարել նաեւ վաստակը կամ ատեստավորում սահմանել այն մարզիչների համար, որոնք, օրինակ, համեմատաբար ավելի քիչ մարզչական փորձառություն ունեն։ Որպեսզի եւ ատեստավորումը լինի արդարացված, եւ վաստակ ունեցող, բայց ատեստավորում անցնել չցանկացող մարզիչները վիրավորական դրության մեջ չհայտնվեն։

Ի դեպ, նշենք, որ 2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ պետական եւ համայնքային մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։