Պետություն և հեղափոխություն՝ ոչ ըստ Իլյիչի

Պետություն և հեղափոխություն՝ ոչ ըստ Իլյիչի

Ինչպես երեւում է, բավականին բարդ ու տեւական գործ է լինելու պետություն կառուցել մի ժողովրդի համար, որը պատմականորեն-գենետիկորեն կորցրել է պետականության արժեքի գիտակցումը։ Պետականության կորստից հետո արաբական նվաճողների սարքած՝ պատմության մեջ առաջին հոլոքոստին զոհ տալ իր ազնվականությանը (նկատի ունեմ ժամանակին արաբների կողմից հայ իշխաններին խաբեությամբ հավաքելը եւ իրենց ընտանիքներով ողջակիզելը), վեց դար ապրել թուրքական պետության մեջ, մի պետություն, ուր օրինական հիմունքներով ժամանակին (կարծեմ՝ սուլթան Համիդի օրոք) գործել է կաշառքի կարգավորման նախարարություն (կաշառքի դրույքների՝ տարբեր վիլայեթների համար միջինացում եւ այլն), ավելի քան յոթանասուն տարի ապրել բոլշեւիկյան կայսրության միակողմանի՝ կենտրոնաձիգ-կրեմլակենտրոն օրենքներով եւ հանկարծ․․․ ստանալ սեփական պետությունը կառուցելու հնարավորություն։ Ինչպե՞ս վարվել այս ազատության եւ պատմական շանսի հետ․․․

Ժողովուրդն ազատորեն ընտրել է տեղական ինքնակառավարման իր մարմինները, բայց հարցերը վերջիններիս միջոցով բարձրացնելու փոխարեն ճանապարհներ է փակում ամեն առիթով, որը հասնում է ծայրահեղության։ Ներող կլինեք, վաղը կարող է լինել դեպք, երբ ամուսինների «գիշերային անհամաձայնության» պատճառով լուսաբացին նրանցից մեկը համապետական նշանակության փողոց փակի կամ պառկի հանրապետություն հացահատիկ ներկրող գնացքի միակ ճանապարհին՝ ռելսերի վրա։ 

Այն ոստիկանությունը, որը «մարտի 1» է արել, ծեծել-սպանել է ընտրակեղծիք արած խունտայի դեմ ընդվզած ժողովրդին, իմը չէ։ Այն ոստիկանությունը, որը պայքարում է փայտի մաֆիա սպասավորող եւ համապետական նշանակության մայրուղի փակողների դեմ խաղաղ միջոցներով, բայց քարկոծվում է, արդեն ի՛մ ոստիկանությունն է (ինչպես կասեր Մայակովսկին), եւ ես դատապարտում եմ այդ գործով զբաղված ոստիկանին թեկուզ մի քերծվածք պատճառած հաբռգածին։ 
Ես լսել էի, որ հատկապես որոշ գեներալների պատկանող փայտի բիզնես է եղել (երբեմն փայտի բիզնեսմեն գեներալի եւ բիզնեսի օբյեկտի անունները կարող էին համընկնել․․․), Դիլիջանից կաղնու մանրահատակ են արտահանել, կամ, օրինակ, ի՞նչ հումքով են աշխատում Արգավանդի կահույքի՝ գրեթե գործարանները (հավանաբար՝ այնպես, այնպիսի հումքով, որով սիգայի պահածոներ են արտադրում եւ արտահանում)։

Կան կարիքավորներ, իհարկե, նրանց համար անտառափայտի նոր, ավելի ցածր գին սահմանվեց, բայց նրանց դրդողները, նրանց քողի տակ մաֆիոզ հարցեր լուծողնե՛րը պիտի պատժվեն, եւ ճիշտ է պահանջը, թե սղոցարանների տերերի՞ն ինչու բան ասող չկա։ Մյուս կողմից, ի՞նչ ասել է, թե եթե վատ ենք ապրում, Հայաստանը պիտի մաքրենք անտառներից ու ձկնատեսակներից։ Շիրակում կամ, ասենք, Աշոցքում, որտեղ աթար են վառում, ժողովուրդն ավելի լա՞վ է ապրում կամ եթե վատ է ապրում, բայց անտառ ու ձուկ չունի, ասենք՝ քանդե՞ք ձեր տարածքով անցնող երկաթգծերը եւ մետաղի ջարդոնի տեղ վաճառեք հարեւան երկրներին։ Կյանքը, ցավոք սրտի, մեզանում ամեն տեղ էլ լավ չէ, բայց ուրիշ ելքեր պիտի փնտրել։ Մի գյուղացի հեռուստաէկրանից բողոքում է, որ աշխատատեղ չի ստեղծել պետությունը, մի ուրիշն էլ տուրիզմի գործ է սկսել, իր տան մի մասը հանգստյան տուն է դարձրել ու գոհ ապրում է։ 

Մի խոսքով, նորից գալիս եմ այն համոզմանը, որ թավշյա կոչված՝ թող ասենք հեղափոխությունը այնքան է՛լ թավշյա չպիտի լինի, փորձը դա է ցույց տալիս։ Հետո մի բան էլ ասեմ․ թող սա նոր իշխանություններին, այսպես ասած, «մտնողականություն» չհամարվի, գնահատելի է, որ նոր իշխանությունը ոչ միայն նախկինների պես իր հողակիցներից կլան չի սարքում, այլեւ տեղը եկած տեղը պատժում է ոստիկանական ուժերով։ Ոսկեղենիկ գրաբարի ոճով ասած ՝ պիտո է, որ թավշյան երբեմնակի ոչ այնքան թավշյա լինի։ Երբեմն Լեոպոլդ կատուն պիտի «օզվերին» դեղ խմի, թե չէ մկները կյանքը կուտեն, մանավանդ որ նախկին Մկներից դեռ մի կարգին չենք ազատվել (կարոտախտով եմ հիշում սովետական մուլտֆիլմերը)։

Ծանր բան է պետություն կառուցելը։ Նախկիններում մի (հայ բդեշխ) մոտավորապես ծայրամասային մարզպետ  բավական չէ՝ հրաժարվում էր պատերազմի ժամանակ զորք տալ թագավորին, նաեւ սպառնում էր իր բդեշխությունով միանալ հարեւան երկրին։ Հիմա փակում են երկաթգիծը եւ ասում․ «Մեր մարզի հարցը լուծելու համար պատրաստ ենք Հայաստանը զրկել հացահատիկի ներկրման հնարավորությունից»։
Պետք է հնարավորություն տալ, որ ժողովրդի հետ այդ հարցերով զբաղվի իր մտավորականությունը, հեղինակավորնե՛րը դեռեւս, հարգվածնե՛րը դեռեւս եւ ոչ թե եթերից սերիալ ու գռեհիկ հռհռոց մաղվեն․․․

Հինը կառչելու սովորություն ու մագիլներ ունի։ Ժամանակին կառչելու փորձ արեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բայց ապա ողջամիտ գնահատեց իրավիճակը եւ հեռացավ։ Ժամանակի՛ն հեռացավ ԲԴԽ ղեկավար Գ․ Հարությունյանը։ Բայց կան, որ ժամանակին չեն հեռանում, կառչում են աթոռից, որին իրենց ժողովուրդը չի նստեցրել, այլ՝ պարտված խունտան։ Կան նաեւ գաղափարախոսական ոլորտում կառչողներ, սեւ փիառի զառամյալ մասնագետներով հեռուստաջուրպղտորոցի խաղացողներ, բայց դրանց հարցն էլ բարոյական ոստիկանությունն է լուծելու (սա մի քիչ աբստրակտ հասկացություն է, եւ չեմ փորձի պարզաբանել)։

Զավեն Բեկյան