Եվ ոչ միայն մորաքրոջ հարսները…

Եվ ոչ միայն մորաքրոջ հարսները…

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Մամուլում բազմիցս է գրվել նրա՝ մորաքրոջ հարսներին պաշտոնների նշանակելու «մոլուցքի» մասին: Այդ հարսներից մեկին՝ Լիլիթ Միրզախանյանին, թեեւ բոլորը գիտեն որպես «մարզպետի մորքուրի հարս», բայց իրականում նա մարզպետի տատական կողմից բարեկամի հարս է, ով մարզպետարանի գլխավոր դերակատարն է, «ասողը» եւ փաստացի կատարում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, թեեւ հաստիքով մարզպետի խորհրդական է, քանի որ աշխատակազմի ղեկավարի անհրաժեշտ չափանիշներին չի համապատասխանում:

Ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, Միրզախանյանին ենթարկվում է անգամ երիտասարդ մարզպետը եւ առանց նրա որեւէ կարեւոր որոշում չի կայացնում: Մի խոսքով, «մորքուրի հարսը» մարզպետարանի «դեմքն» է եւ ունի մի շարք արտոնություններ, ասենք՝ աշխատանքային օրերին կարող է մեկ շաբաթով գնալ Դիլիջան՝ «Դիլիջան Ռեզորթում» հանգստանալու, այնտեղից մտնել համացանց եւ նկարներ հրապարակել իր ընտանեկան երջանիկ պահերից ու այդ օրերի համար նույնպես աշխատավարձ ստանալ, դեռ մի բան էլ՝ պարգեւավճար: 

Գարիկ Սարգսյանը ջանք էր թափում նաեւ մյուս մորաքրոջ հարսին՝ Աստղիկ Հարությունյանին Ավշարի դպրոցի փոխտնօրեն նշանակելու համար, բայց դպրոցի կոլեկտիվի եւ գյուղացիների աննահանջ պայքարի պատճառով մարզպետի ու իր մորաքրոջ հարսի ցանկությունը չիրականացավ, դեռ մի բան էլ ավելի՝ պաշտոնից ազատման դիմում գրեց նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը: 

Բայց փոխարենը մարզպետը յուղոտ պաշտոնների է նշանակում իր մյուս մերձավորներին: Նրա մոսկվաբնակ քրոջ ամուսինը՝ 32-ամյա Սահակ Առաքելյանը, Մոսկվայում թողել է իր հաջողված բիզնեսը՝ քարի երկու արտադրամաս, ավտոտեխսպասարկման կետը, եւ տեղափոխվել Հայաստան ու Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում նշանակվել որպես Վեդու ՋՕԸ-ի տնօրեն: Ըստ օդում կախված լուրերի, այդ գործի համար ի շնորհակալություն՝ Գարիկին «Պրադո» մակնիշի սեւ ջիփ է նվիրել:

Խոսքն այն ավտոմեքենայի մասին է, որով նա Ամանորին շրջում էր մարզում եւ լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, թե դա իր մեքենան չէ, այլ քրոջ ամուսնունը: Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես եղավ, որ երիտասարդ գործարարը Մոսկվայից եկավ եւ հաղթեց տնօրենի հաստիքի համար մրցույթում, Սահակ Առաքելյանը պատասխանել էր, թե տեսել է, որ թափուր հաստիք կա, եկել է ու հայրենասիրական մղումներով մասնակցել մրցույթին, որպեսզի գա ու ծառայի ժողովրդին: 

Մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, Գարիկի ջանքերով նշանակվել է Արարատի մարզային ՃՈ պետ: Երիտասարդ մարզպետն աչքաթող չի արել նաեւ իր «բաջանաղին»՝ Արտավազդ Նազարեթյանին, ով մարզպետի կնոջ հորեղբոր փեսան է: Նա նշանակվել է փոխմարզպետ:  Մարզպետի քեռորդին՝ Գեւորգ Մանուկյանը, նույնպես տեղավորվել է մարզպետարանում՝ մարզպետի օգնականն է: Իսկ մյուս օգնականը՝ Տիգրան Շիրինյանը, Գ․ Սարգսյանի ընկերն է:

Մարզում գնալով մեծանում է դժգոհության ալիքը երիտասարդ մարզպետի գործունեությունից: Մարդիկ դժգոհում են, թե տարբեր խնդիրներով մտնում են նրա մոտ, բայց նա ոչ մի կոնկրետ բան չի պատասխանում, կարծես չգիտի, թե իր անելիքը որն է: Զրուցակիցներիցս մեկն ասում է. «Հարց ենք տալիս, չգիտի ինչ ասի, զանգում է՝ Լիլիթից է բան իմանում, խնդրի լուծում ենք պահանջում՝ անզոր է: Միայն մի բան է իր մոտ լավ ստացվում․ մարդկանց, գյուղապետերին, տարբեր պաշտոնյաների, վարչության պետերի, հիվանդանոցների տնօրենների առաջարկում է, թե ձեր դիմումի համաձայն դուրս եկեք աշխատանքից: Մարդիկ էլ, գլխացավանքի մեջ չընկնելու համար, դուրս են գալիս: Իհարկե, կան նաեւ պայքարողներ, բայց ոչ բոլորն են պայքարում: Հիմա չագուչն էլ, մեխն էլ իրենց ձեռքում է, ոնց ուզեն՝ կանեն: Աշխատանքից ազատվածների փոխարեն էլ իր ազգուտակին, մերձավորներին, ընկերներին է նշանակում, որոնք մեկը մյուսից գործից անտեղյակ են՝ իր նման: Եթե այսպես շարունակվի, մարզի անգամ ամենահեղափոխական մարդիկ դուրս կգան, ճամփա կփակեն ու կպահանջեն «Քաջ Նազարի» հրաժարականը»:

Հիշեցնենք, որ մարզպետի դեմ կա արդեն մի քանի դատական հայց: Հայցվորները հիմնականում պաշտոններից ազատված մարդիկ են, որոնք համոզված են, որ իրենց հանդեպ մարզպետն ապօրինի է վարվել: Հավանաբար, այդ հայցերին կավելանա եւս մեկը՝ Մասիսի տարածքային սոցիալական ծառայությունից, եւ կլինեն նոր բացահայտումներ՝ մարզպետի ու նրա նշանակած կադրերի գործունեությունից: