Դատարանը «խնայել է» Գագիկ Հարությունյանին՝ մերժելով դատավորներին

Դատարանը «խնայել է» Գագիկ Հարությունյանին՝ մերժելով դատավորներին

Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը դատական հայց էին ներկայացրել՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի, որտեղ վիճարկում էին Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու հարցը։ Նրանք դիմել էին վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ-ի 2018թ. մարտի 5-ի գործողությունները։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում դատավոր Ալեքսեյ Սուքոյանն ասաց, որ այդ գործով իրենք դիմել են արդեն Վճռաբեկ դատարան․ «Գործն արդեն Վճռաբեկ դատարանում է, ոչ մեկ չի իմանում՝ երբ կլինի այնտեղ նիստը։ Առաջին ատյանի դատարանը մերժել է մեր վարույթի հայցադիմումի ընդունումը, Վերաքննիչն էլ թողել է անփոփոխ, մենք դա վիճարկել ենք Վճռաբեկ դատարան։ Մեզ համար պարզ չէ՝ Վճռաբեկը կընդունի՞ վարույթ, թե՞ չէ»։


Սուքոյանն անդրադառնալով նաեւ ԲԴԽ-ի որոշումներից մեկն անվավեր ճանաչելու պահաջի մասին հայցին՝ ասաց, որ այդ գործով դեռեւս նիստեր ընթանում են․ «Մեր հիմնական գործը դեռեւս անցյալ տարի դիմել ենք դատարան, որպեսզի անվավեր ճանաչեն Բարձրագույն դատական խորհրդի որոշումը մեզ՝ սնանկության դատարան չանցկացնելու վեաբերյալ։ Նախնական նիստեր երկար արել ենք, իսկ հունիսի 1-ին լինելու է դատաքննության փուլ, այսինքն՝ վերջին նիստ»։ 


Հիշեցնենք, դեռևս 2018թ. օգոստոսի 13-ին քաղաքացիական գործեր քննող երկու դատավորները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ–ի որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։

Նշենք, որ օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց էլ ներկայացրել են ՀՀ նախագահին։ Քվեարկության արդյունքում չեն ընտրվել քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը։