Տապալեցին մեր դիվանագիտությունը` բոլոր ուղղություններով, ոչինչ չստանալով Արևմուտքից

Տապալեցին մեր դիվանագիտությունը` բոլոր ուղղություններով, ոչինչ չստանալով Արևմուտքից

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից պետություններ են ու այսօրվա դժվարություններն էլ կանցնեն։ 

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ պարզ է` Ռուսաստանը տնտեսական լծակներ ունի, որոնք կարող է օգտագործել մեր դեմ՝ ներառյալ այն մարդկանց, ովքեր գնում են Ռուսաստան` աշխատելու, սեզոնային աշխատողներ են։

«Այդ տրանսֆերտները, որոնք գալիս են Հայաստան։ Բեռները, որոնք գալիս են Հայաստան, Լարսը... նրանք շատ լծակներ ունեն։ Նրանք ակնարկում են գուցեև, որ դրա մասին պետք է մտածել»,-ասաց Խաչիկյանը։ Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, որտեղ ասել էր, որ եթե հայ ժողովուրդը համամիտ է ՀՀ ներկա իշխանությունների քաղաքականությանը, ապա նրանք կվերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, արդյո՞ք դա չի նշանակում, որ Ռուսաստանի պատասխան գործողությունների թիրախում կարող է հայտնվել հայ ժողովուրդը: Արթուր Խաչիկյանն ասում է, որ ռուսական կողմը շատ ավելի կոշտ հայտարարություններ է անում ու փաստացի զգուշացնում հայ ժողովրդին։

«Փաստորեն զգուշացում է ժողովրդին, որ եթե դուք համաձայն եք այսպիսի քայլերի, հետո բողոքներ մեզ մի ներկայացրեք, որովհետև հետևանքներ են լինելու։ Ես այդպես կհասկանայի դա, շատ ափսոս, շատ ցավում եմ, որ մենք այսպիսի խայտառակ, անհաջող ղեկավարություն ունենք, որը տապալեց մեր դիվանագիտությունը բոլոր ուղղություններով, անգամ ոչինչ չստանալով իրենց տերերից՝ Արևմուտքից։ Որևէ կոնկրետ բան, կոնկրետ պայմանագիր, կոնկրետ ռազմական օգնություն, ոչ մի բան չկարողացան ստանալ։ Մենք ստացանք Արևմուտքի հայտարարությունը, որ Թուրքիան պետք է լինի մեր տարածաշրջանի ամենակրևոր գերիշխող երկիրը՝ դա սարսափելի է։ Այսինքն, այս խումբն անգամ իր տերերից չի կարողանում ոչինչ ստանալ»,- նշեց Խաչիկյանը։

Ստացվում է, որ մենք գնում ենք առճակատման թե Ռուսաստանի, թե Իրանի հետ։ Պետք չէ մոռանալ, որ Իրանն էլ մի քանի անգամ հայտարարել է, որ այս իշխանությունների գործողությունները չեն նպաստում մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Սա շատ կարևոր, ազգակործան քաղաքականություն ՝ համոզված է քաղաքագետը։ Ինչ վերաբերում է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության եհտ հաճախակի դարձած հանդիպումներին, Խաչիկյանը նշեց, որ մեզ անհրաժեշտ է լուրջ համագործակցություն Իրանի և Ռուսաստանի հետ։

«Այս վիճակում դա է մեր փրկությունը՝ Ռուսաստանը և Իրանը, ոչ թե Արևմուտքը, որը Թուրքիային նշանակում է մեր տարածաշրջանի գերիշխող պետություն։ Մենք պետք է Իրանի և Ռուսաստանի հետ անմիջապես՝ օր առաջ ստեղծենք շատ լուրջ ռազմաստրատեգիական համագործակցության մեխանիզմներ՝ միայն դա կարող է մեզ պաշտպանել Թուրքիայից և Ադրբեջանից, որին օգնում է անգամ Արևմուտքը»,- նշեց վերջինս։

Ու չնայած Իրանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով ամրագրել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններին պարզապես թույլ չեն տա Իրանի հետ գնալ լուրջ համագործակցության․ «Այս խմբի տերերը Լոնդոնում են, Վաշինգտոնում և Անկարայում»։