Նամակ Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց

Նամակ Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց

Ժամանակին, երբ Կարեն Անդրեասյանը ՄԻՊ էր, ես հարգեցի նրան դատական համակարգում կաշառատվության սանդղակի բացահայտման համար: Քանի որ ես գործող իշխանությանն ընդդիմադիր էի, ինձ չէր հետաքրքրում, թե որքանով է սանդղակն իրական: Էականն այդ հարցում կաշառատվության երևույթի արձանագրումն էր, ինչն ավելի քան անհրաժեշտ էր: Երբ Անդրեասյանն արդեն ՄԻՊ չէր, միևնույն է, շարունակում էի հարգել նրան: Որովհետև հարգանքի հիմքը ոչ թե պաշտոնն էր, այլ կատարած աշխատանքը և գործելու սկզբունքը: Բայց չեմ կարող հարգել Փաշինյան Նիկոլի իշխանության անդամ Կարեն Անդրեասյանին կամ նրա մակարդակի որևէ այլ պաշտոնյայի: Որովհետև այսօր գործող իշխանության պարագայում հարգելու կամ չհարգելու հիմքը ոչ միայն կատարած աշխատանքն ու գործելու սկզբունքն են, այլև զբաղեցրած պաշտոնը: Եվ որքան բարձր է այն, այսինքն որքան մոտ է վարչապետի պաշտոնին, այնքան մեծանում է այդ անձին չհարգելու հիմքը: Ահա այսպիսի փոխակերպումներ, բայց մեղավորը ես չեմ, մեղավորն այն իրականությունն է, որ ստեղծել է Փաշինյան Նիկոլը, և որում գործում են այդ պաշտոնյանները:

Բայց տարեմուտյան այս հոդվածը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասին չէ: Ուղղակի «Հրապարակ»-ի կայքում կարդացի, որ նա նամակ է գրել Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց: Ու ես էլ որոշեցի նամակ գրել նույն հասցեագրումով: Չնայած խիստ կասկածում եմ, որ նույն անձինք կարո՞ղ են արդյոք բարի լինել թե՛ ԲԴԽ նախագահի և թե՛ գործազուրկի կարգավիճակից թոշակառու կարգավիճակին սահուն անցում կատարած՝ տողերիս հեղինակի տեսակետից: Ինչևէ, որպես ընդդիմադիր թե՛ նախկիններին և թե՛ գործող իշխանությանը (մեկն էլ ասի՝ էլ բան ու գործ չունե՞ս), Ձմեռ պապից և բոլոր բարի մարդկանցից կխնդրեի, իսկ Կարեն Անդրեասյանից և նրա գործընկեր Գրիգոր Մինասյանից կպահանջեի, որպեսզի կախարդական փայտիկի զորությամբ գալիք տարվանից Հայաստանում այլևս չլինեն քաղաքական բանտարկյալներ: Որովհետև խիստ աննորմալ է, որ նախկինների դեմ երկար տարիների պայքարի արդյունքում երկրում հաստատվեց «ժողովրդավարության բաստիոն» անվանումով իշխանություն: Եվ այդ իշխանության պարագայում Հայաստանում շարունակում են մարդկանց զրկել ազատությունից ազատ խոսք բարձրաձայնելու հիմքով: Եվ ոչ միայն շարունակում են, այլև ավելի մեծ նշաձողի են հասցրել այն: Իրոք, որ աննորմալ երևույթ է:

Որպես գրագետ ու մտածելու կարողության տեր անձնավորություն՝ Ձմեռ պապից և բոլոր բարի մարդկանցից կխնդրեի, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձից կպահանջեի, որպեսզի կախարդական փայտիկի զորությամբ գալիք տարվանից Հայաստանում հաստատվի արժանիների, այսինքն խելացիների և ազնիվների կառավարում: Ինչն օտար բառով կաչվում է մերիտոկրատիա: Եվ, ըստ այդմ, մարդիկ պաշտոնների նշանակվեն հենց այդ և ոչ թե ծանոթ և ընկեր լինելու հատկանիշով: Իսկ եթե դա կյանքի կոչվի, ապա թեկուզ Արցախի կարստով ծանրաբեռնված՝ մի քանի տարվա ընթացքում մենք ոտքի կկանգնենք: Ինչի այլընտրանքը հենց այն է, ինչ այսօր կատարվում է Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ: Իհարկե, եթե մյուս տարվանից վարչապետի պաշտոնն այլևս չզբաղեցներ  Փաշինյան Նիկոլը, ապա դա կկատարվեր առանց կախարդական փայտիկի օգնության: Բայց որքան հասկանում եմ, նույնիսկ Ձմեռ պապի և բոլոր բարի մարդկանց զորությունը բավարար չէ, որպեսզի հենց հաջորդ տարվանից վարչապետի պաշտոնից պոկեն դրան կառչած անձին: Եվ քանի որ ես բավականին մեծ եմ, որպեսզի հավատամ Ձմեռ պապին, ապա այսօրվա առումով անիրական այդ ցանկության կատարումը կթողնեի Աստծուն: 

Անկեղծ ասած, էլի բավական բաներ կան, որոնց համար իմ այս նամակով կդիմեի Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց: Բայց կարծում եմ, որ այս երկուսը առավել կարևոր են իմ տարիքի մարդկանց տեսակետից: Իսկ մնացած խնդրանքներն ու ցանկությունները կթողնեմ ավելի երիտասարդ անձանց: Հույս հայտնելով, որ կգա մի օր, որ մեծահասկներն այլևս երբեք չեն դիմի Ձմեռ պապին, քանի որ այդ ամենին նրանք կհասնեն բոլոր բարի մարդկանց համերաշխ մասնակցությամբ: