Այլ

Թուրքիան ու Ֆրանսիան կմնան բարեկամներ ու դաշնակիցներ․ Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանից

Թուրքիան ու Ֆրանսիան կմնան բարեկամներ ու դաշնակիցներ․ Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուօշղլուն մինչ Ֆրանսիա այցելելը երեկ հոդված («Թուրքիան և Ֆրանսիան կմնան բարեկամներ ու դաշնակիցներ» / «Turquie et France resteront amies et alliées») է հրապարակել ֆրանսիական «Լ՛Օպինիոն» (L'Opinion) պարբերականում։

«Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարման մի շրջան են անցել՝ անսովոր երկու դաշնակից երկրների համար: Բայց մարտի սկզբին մեր նախագահների միջև շփումը հնարավորություն է տալիս վերահամախմբել մեր կապերը: Փարիզ իմ այցն արտացոլում է այս փոխադարձ ցանկությունը: Հայացքը տարածաշրջանային հարցերին, որոնք մեզ վերջերս հակադրել են, այսօր թույլ է տալիս տեսնել աճող թվով համընկնումներ և ընդհանուր շահեր», - գրել է Թուրքիայի ԱՀ նախարարը:

Խոսելով Սիրիայում հակամարտության մասին՝ Չավուշօղլուն մշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան «ըստ էության կիսում են նույն առաջնահերթությունները մեծաթիվ կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են մարդկայնական օգնության առաքումը կամ քաղաքական գործընթացներում առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ պահպանելով երկրի [Սիրիայի] տարածքային ամբողջականությունը»: 

Որպես տարաձայնություն՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է Դաեշ-ի (Իսլամական Պետության) դեմ պայքարում PKK / YPG (քրդական «Քրդական աշխատավորական կուսակցություն» և «Ժողովրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներ» զինված կազմավորման) հետ Թուրքիայի դաշնակիցների համագործակցությունը, և որ այդ տարաձայնությունները հնարավոր է հաղթահարել միայն այն ժամանակ, երբ այդ համագործակցությունը վերջնականապես դադարեցվի: «Ոչ ոք չի կարող անտեսել, որ PKK / YPG-ի իրական նպատակը ոչ թե Դաեշ-ի դեմ պայքարելն է, այլ Սիրիայի մասնատման փորձը և դրա ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտի ստեղծելը Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանին», - նշել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Անդրադառնալով Լիբիայի հարցին՝ Մևլութ Չավուշօղլուն գրել է, որ կայունությունն ու քաղաքական միասնությունը, երկրի ամբողջ տարածքում իր իշխանությունն իրացնող ազգային միասնության կառավարությանն աջակցելը և ինստիտուտների վերամիավորումը, կայուն հրադադարը, ահաբեկչության և անկանոն ներգաղթի դեմ պայքարն առաջնահերթություններն են, որոնք Թուրքիան կիսում է Ֆրանսիայի հետ: 

«Մենք բաց ենք երկխոսության առջև` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առարկաներ գտնելու համար Լիբիայում, որի կայունությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների մասով Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները տարբեր գործիքակազմերի միջոցով այժմ հանգիստ երկխոսության առարկա են Աթենքի հետ:

«Թուրքիան երբեք չի ունեցել ընդլայնողական [էքսապանսիոնիստական] հավակնություններ, և Հունաստանի հետ այս երկխոսությունը դրա նոր հաստատումն է: Կիպրոսի հարցի վերաբերյալ Թուրքիան կաջակցի կիպրոսցի թուրքերի և կիպրոսցի հույների ջանքերին, եթե նրանք համաձայնության գան բանակցությունների նպատակների վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ հաշվի առնելով նախորդ նախաձեռնությունների ձախողումները, ինքնիշխան հավասարության և միջազգային հավասար կարգավիճակի սկզբունքների վրա հիմնված ջանքերը միակն են, որոնք հնարավորություն ունեն լուծման հասնելու համար», - գրել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները հաճախակի ցուցադրող բարձաստիճան դիվանագետը:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հարավային Կովկասում «մենք [Թուրքիան և Ֆրանսիան] միասին կարող ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»: 

«Քաղաքական վերջնարդյունքների համար պատմության գործիքավորումն ու ձևախեղումը [նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը] երբեք չեն լուծել մի վեճ կամ արդարություն չեն բերել: Եթե ​​հնարավոր լինի կանխել հայ ծայրահեղականների անհիմն պնդումներով թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատանդ վերցնելը, ապա Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են ավելի լավ նպաստել Հարավային Կովկասի կայունությանը», - ընդգծել է նա:

Խոսելով Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական «Ս400» հակօդային պաշտպանության համակարգերի մասին՝ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը գրել է, որ «Ս400»-ի հրթիռները ՆԱՏՕ-ի անվտանգության համար որևէ վտանգ չեն ներկայացնում: «Թուրքիան վճռական է տրամադրված Ս400-ի հարցը դիտարկել իրատեսական հիմքի վրա և կառուցողական երկխոսության միջոցով: Նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր տրամադրած ապացույցները հաստատել են, որ Թուրքիան ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել դաշնակցային որևէ մի նավի դեմ՝ ի հակառակ նրա, որը թեմա է դարձել Կուրբե ռազմանավի մասին»:

Ահաբեկչության դեմ պայքարում, ըստ նրա, Ֆրանսիան կարող է հույսը դնել Թուրքիայի վրա։ Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան առավելագույն ներդրում ունի ահաբեկչության դեմ պայքարում։ «Հատկապես տեղեկատվության փոխանակման և սիրիական սահմանին բերման ենթարկված ֆրանսիացի ահաբեկիչների՝ կազմակերպված հայրենադարձության միջոցով: Ուրախ եմ, որ այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտվել և դեռ շարունակվում է»:

Անդրադառնալով իր երկրի և Եվրոպական Միության միջև հարաբերություններին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ «Ֆրանսիան կարող է կրկին դառնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարժիչ ուժը՝ նպաստելով առաջընթացներին, որոնք օգուտ են բերում ինչպես Միությանը, այնպես էլ մեր երկկողմ հարաբերություններին»: 

Նա նշել է, որ Թուրքիան, անկախ իր ապագա անդամակցությունից [ԵՄ-ին] «եվրոպական է և կշարունակի նպաստել եվրոպական արժեքների զարգացմանն ու հարգմանը»: 

«Թուրքիա-ԵՄ հարաբերությունները չպետք է մի քանի անհնազանդ անդամների մաքսիմալիստական ​​և ազգայնական հավակնությունների պատանդ լինեն: ԵՄ-ն կդառնա համաշխարհային տերություն միայն Թուրքիայի անդամակցությամբ», - շեշտել է Մևլութ Չավուշօղլուն:

Իր հոդվածում դիվանագետը գրել է, որ Թուրքիան երբևէ չի կամեցել միջամտել Ֆրանսիայի գործերին: «Իմ երկրի միակ գերակայությունը Ֆրանսիայում թուրքերի նկատմամբ այն է, որ նրանց [Ֆրանսիան] տրամադրի բոլոր այն հանրային ծառայությունները, որոնք նրանք ակնկալում են Թուրքիայից` միաժամանակ խթանելով նրանց հաջող ինտեգրումը», - ընդգծել է նա: 

«Թուրքերենի ուսուցիչները կամ իմամները նույնպես արձագանքում են մեր քաղաքացիների խնդրանքին: Այս իմամները ֆրանսիական իշխանությունների համար նույնպես զգալի ակտիվ են հանդիսացել, մասնավորապես այն պատճառով, որ նրանց մզկիթներում արմատականացման դեպքեր չեն նկատվել: Թուրքիան արմատականացման տարբեր ձևերի դեմ պայքարում էական դաշնակից է: Նա միշտ լինելու է Ֆրանսիայի կողքին պայքարելու համար արմատականացման դեմ, բայց նաև արմատախիլ անելու իսլամաֆոբիան, նախապաշարմունքները և խտրականությունը մահմեդականների նկատմամբ: Այս բոլոր կետերը հաստատում են մեր առաջնահերթությունների համընկնումն ու շահագրգռվածությունը, որոնք գործում են փոխադարձ վստահության ամրապնդման հետ միասին: Թուրքիան և Ֆրանսիան երկու բարեկամ և դաշնակից երկրներ են: Եվ նրանք այդպես էլ կմնան: Մենք պետք է ապահովենք, որ ոչ մի թյուրիմացություն չխանգարի բարեկամության այս հարաբերությունը, որին մենք անկեղծորեն կցված ենք», - եզրափակել է Թուրքիաի արտգործնախարարը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image