Միջանկյալ զեկույց ընտրությունների հռչակման և նախապատրաստման մասին

Միջանկյալ զեկույց ընտրությունների հռչակման և նախապատրաստման մասին

1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման օրվա, հունիսի 20-ի հռչակումից հետո  մինչև նախընտրական քարոզչության սկիզբը, ընտրական գործընթացներն ընթացել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ և անպատիժ խախտումներով, մասնավորապես՝

- ընտրությունների օրը նշանակվել է  Վարչապետի կողմից;
- նախկին Վարչապետն իրեն հռչակել է Վարչապետի պաշտոնակատար;
- Վարչապետի ենթադրյալ ինքնահռչակ պաշտոնակատարը քարոզչութուն է իրականացրել, այդ թվում, ենթադրյալ ծառայություններ  մատուցել պետական միջոցների օգտագործմամբ;
- Գլխավոր դատախազությունը  և  ԿԸՀ  բացարձակ  անգործություն  են  ցուցադրել ընտրախախտումների  և դրանց վերաբերյալ դիմում-հաղորդումների քննարկման ուղղությամբ;
 

Ավելին, մտահոգության տեղիք է տալիս  այն փաստը, որ ընտրական, այդ թվում համապատասխան սահմանադրական  խախտումների հեղինակները կամ աջակիցներն են  այն սուբյեկտները, որոնք կոչված են պաշտպանել ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքները, այն են՝ ՀՀ Նախագահն ու Վարչապետը և  որոնց  ենթադրյալ հակաօրինական ընտրական գործունեության  հետևանքները  ուշադրության չեն արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ – ի կողմից:

Արդյունքում, ընտրախախտումներ շարունակվում են և, հաշվի առնելով 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների օրինակը, նման ընթացքի դեպքում շարունակվելու են, որպես  հետևանք, արդեն իսկ կասկածի տակ դնելով ընտրական գործընթացների հետագա ընթացքի և ընտրությունների արդյունքների  օրինականությունը՝ անիմաստության կամ ծաղրի վերածելով նաև  դիտորդական գործունեությունը:

2. ՆԱԽԱԲԱՆ

2.1.    Այս եզրակացությունը հիմնված է  Ընտրությունների Օրինականության Վերահսկման Հասարակական Հանձնաժողովի (ԸՕՎՀՀ) դիտարկումների վրա:
2.2.  ԸՕՎՀՀ-ն՝ 
- հիմնադրվել  է 1996թ.-ին, երբ ՀՀ Նախագահի ընտրություններում սկսեցին ամրապնդվել և բազմապատկվել 1995թ.-ի ԱԺ ընտրություններում սկիզբ առած ընտրախախտումները; 
- ընտրությունների  օրինականության երկարաժամկետ վերահսկում  է իրականացրել համապետական բոլոր ընտրություններում և հանրաքվեում; 
- բազմաթիվ հայցեր է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ և Սահմանադրական դատարան;
- ընտրական իրավունքի պաշտպանության մի քանի  գանգատ  է ներկայացրել  ՄԻ  եվրոպական դատարան, այդ թվում, հայաստանյան առաջին ընտրագանգատը;
2.3. 1998-2018թ.թ.-ին, արդարացիորեն «Ավազակաիշխանություն» որակված  իշխանությունների օրոք, մշտապես, բացառությամբ  մեկից, ԿԸՀ-ն մերժել է  ԸՕՎՀՀ-ի գրանցումը որպես դիտորդական   կազմակերպություն;
2.4.  Սույն  զեկույցը  ԸՕՎՀՀ-ի առաջին միջանկյալ զեկույցն  է  այս  ընտրություններում:

 3. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
 

3.1. Ընտրական  օրենսդրություն
- ընտրական օրենսգիրքում (ԸՕ)  ժամանակավրեպ  փոփոխությունների արդյունքում  ներդրված համամասնական փակ ցուցակների ներդրումը որոշակի սահմանափակումներ է մտցրել ՀՀ քաղաքացու ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունքի իրականացման ուղղությամբ՝  ստեղծելով անգամ խառնաշփոթ  իրավիճակ ընտրությունների մասնակցության խնդրում;
- ԸՕ-ում  տեղ գտած «քարոզչություն» և «նախընտրական քարոզչություն»  եզրույթները, ինչպես նաև, այդ համատեքստում ԸՕ-ի  19-րդ  1-ին և Քր.Օր. 154.2-րդ  հոդվածի 5-րդ մասերով սահմանված  դրույթների անթաքույց հակասությունը շարունակում են  էական բացասական ազդեցություն ունենալ  ընտրախախտումների, այդ թվում, ընտրակաշառքի  դեմ պայքարում;
3.2. Ստարտային  պայմաններ
- Վարչապետը, իսկ հետագայում, նրա հրաժարականից հետո, Վարչապետի ենթադրյալ ինքնակոչ պաշտոնակատարը պետական   ահռելի  միջոցներ  է օգտագործում  իր  և ՔՊ կուսակցության քարոզչության համար, ստեղծելով ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրությունների մասնակիցների միջև;
- ՀՀ օրենսդրության ենթադրյալ խախտումներ  են թույլ տալիս նաև ՀՀ նախկին նախագահները, որոնք օգտագործելով  ընտրությունների քարոզչության համար  չնախատեսված իրենց հատկացրած պետական միջոցները,  նույնպես  որոշակի անհավասար պայմաններ են ստեղծում  ընտրությունների մասնակիցների միջև:
3.3. Կուսակցությունների և թեկնածուների գրանցում
-  ԿԸՀ-ի կողմից ՔՊ կուսակցության առաջին համարում գրանցված  պատգամավորության թեկնածուն  ներկայացել է որպես ՀՀ  Վարչապետի պաշտոնակատար, ինչը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության, այն էլ՝ Սահմանադրության   պահանջներին:


3.4. Քարոզչություն

- ինչպես նշվել է «քարոզչություն»  և «նախընտրական քարոզչություն» եզրույթներն  այն աստիճանի  խառնաշփոթ  և  խճճված  իրավիճակ  են ստեղծել, որ  շփոթացրել  են անգամ  ԿԸՀ-ի նախագահին, որն ի հակասություն ԸՕ-ի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, քարոզչության սկիզբ է հայտարարել նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակը: Որպես հետևանք ԿԸՀ-ն բացարձակապես  չի հետևել ենթադրյալ ընտրակաշառքների իրականացմանը, ինչը սահմանված է անգամ Քր.Օր. 154.2-րդ հոդվածով չկատարելով Սահմանդրությամբ և ԸՕ-ով սահմանված իր պարտականությունները;
- հենց  այդ քարոզչության անվան  տակ, Վարչապետն  ընտրությունների անցկացման օրվա իր կողմից հռչակման հաջորդ օրվանից, իսկ հետագայում նաև Վարչապետի ենթադրյալ ինքնակոչ պաշտոնակատարը  օգտագործել  է  ահռելի  պետական միջոցներ /նախարարներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ, կառավարության աշխատակազմի աշխատակիցներ, տրանսպորտ,  խոստումներ կառավարության անունից  և այլն/  հօգուտ ՔՊ կուսակցության  քարոզչական շահերի;
- Հանրային հեռուստաընկերությունը, չարաշահելով  2020թ.-ին  ՀՀ օրենսդրությունում  կատարված փոփոխությունը, հիմնականում իշխող կուսակցության քարոզչությոն է իրականացրել:
3.5. Պետական մարմինների  գործունեությունը

Պետական մարմինները, հիմնականում  չեն  կատարել  իրենց  պարտավորությունները  ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես՝
- ՀՀ Նախագահը, ԱԺ ղեկավարությունը, ԱԺ խմբակցությունները  միջոցներ չեն ձեռնարկել վերացնելու Վարչապետի կողմից սահմանադրական  կարգի ենթադրյալ խախտումների հետևանքները, այն են՝ ընտրությունների անցկացման օրվա նշանակումը և իշխանության ենթադրյալ յուրացումը, որպես Վարչապետի պաշտոնակատար;
- Կառավարությունը Վարչապետի ինքնահռչակ պաշտոնակատարի գլխավորությամբ չի կատարել իր պարտականությունները ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի  իրականցման ուղղությամբ և, ճիշտ հակառակը, ենթադրյալ ընտրախախտումներ է իրականացրել;
- Գլխավոր դատախազությունը չի կատարել իր պարտականությունները նախկին Վարչապետի կողմից իշխանության ենթադրյալ յուրացման հետևանքների վերացման և Քր.Օր. 154.2-րդ հոդվածով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ;
- ԿԸՀ-ը չի կատարել իր պարտավորությունները  պետական իրավասու  մարմինների  ընտրագործունեության  վերահսկման, մասնավորապես պետության ղեկավարի կողմից իրականացված խախտումների  ուղղությամբ: Ավելին, ԿԸՀ նախագահը, մի կողմից հայտարարելով, որ ընտրությունների անցկացման օրը  նշանակում է ՀՀ Նախագահը, անգործության է մատնել ԿԸՀ-ին արդեն իսկ իրականացվող ընտրախախտումների հետևանքների վերացման ուղղությամբ, իսկ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարչապետի կողմից ընտրությունների անցկացման օրվա հակասահմանադրական  նշանակումը, ամիսներ առաջ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ քննարկել է ընտրական գործընթացների վերաբերյալ միջոցառումների անցկացումը…
 

Ի դեպ, նույնը վերաբերում է Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, Ոստիկանության  ղեկավարությանը, ինչպես նաև, Սահմանադրական և վարչական դատարանների, ՀՌՀ-ի, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարներին, որոնք նույնպես ժամանակավրեպ քննարկումներ են ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ;
- ՀՌՀ-ը, օգտագործելով իր իսկ նախաձեռնությամբ փոփոխված օրենսդրությունը, աջակցել է Հանրային հեռուստաընկերությանն անարդար լայնածավալ քարոզչություն  իրականացնելուն իշխանությունների օգտին մինչև նախընտրական քարոզչության սկիզբը:
3.6. Դիմումներ, բողոքներ  և  հաղորդումներ
3.6.1. ԿԸՀ-ը, ինչպես նախորդ ընտրություններում, շարունակում է ձևական մոտեցում ցուցաբերել դիմումների քննարկմանը  և ԸՕ-ով  սահմանված որևէ միջոց չի ձեռնարկել  կատարված ընտրախախտումներ հետևանքների վերացման ուղղությամբ: Այդ կապակցությամբ, ԿԸՀ-ենք ներկայացրել 15 դիմում հետևյալ խախտումների վերաբերյալ՝
- Քարոզչություն պաշտոնեական լիազորությունների կատարման ժամանակ,
- Ընտրակաշառք
- ԿԸՀ անգործություն
- Վարչական ռեսուրսների օգտագործում
- Ծառայությունների մատուցման խոստումներ
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ – ի կողմից ԸՕ-ի խախտումներ
- Պետական միջոցների օգտագործում
- թեկնածուի ապօրինի գրանցում
       Սակայն ԿԸՀ-ն ցուցաբերելով անթաքույց անգործություն և չիրականացնելով որևէ համարժեք գործողություն, տվել է հետևյալ   պատասխանը՝ «[…] Ներկայացված հանգամանքները մշտապես գտնվում են ԿԸՀ-ի ուշադրության կենտրոնում[…]»
3.6.2. ՀՀ Գլխավոր Դատախազությունը հասցեագրել ենք 12 հաղորդում գրեթե նմանատիպ խախտումների վերաբերյալ հետևյալ լրացումներով՝
- Նախկին Վարչապետի կողմից իշխանության ենթադրյալ յուրացումը և դրա  բացասական ազդեցությունն  ընտրությունների օրինականության վրա;
- ԿԸՀ նախագահի ապատեղեկատվության մասին;
-ԿԸՀ նախագահի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման մասին: 
 Գլխավոր դատախազությունը նույնպես որևէ միջոց չի ձեռնարկել Քր.Օր. հոդվածի շրջանակներում և տվել մշտապես  կրկնվող իր պատասխանը, մասնավորապես՝ «[…] հաղորդումների բովանդակությունը չեն պարունակում բավարար տեղեկություններ ՀՀ Քր.Օր. նախատեսված որևէ կոնկրետ հանցագործության տարր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին […]»
3.7. Դիտորդներ

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման  10.05.2021թ. –ով թվագրված զեկույցը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, մասնավորապես՝ հեղինակավոր այդ կազմակերպությունը խախտելով ԸՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի պահանջները, դեռևս ս.թ. ապրիլի վերջին հայտարարել է հունիսի 20-ը, որպես ԱԺ ընտրությունների անցկացման օր, ինչը ՀՀ սահմանադրական կարգի խախտմամբ հայտարարել էր ՀՀ Վարչապետը: Ավելին, զեկույցում չի արձանագրվել նաև  ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարի, այն է՝ ՀՀ նախկին Վարչապետի  կողմից  իշխանության ենթադրյալ յուրացման փաստը  ՀՀ Վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում (ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդված): 

Հաշվի առնելով հեղինակավոր այս կազմակերպության կողմից ԸՕ պահանջների սույն խախտումներն, այդ թվում, ապօրինի արձանագրումները և վերջիններս գնահատելով, որպես կողմնակալ մոտեցում իշխող կուսակցությանը, գտնում ենք, որ նման մոտեցումը արդեն իսկ  էական բացասական ազդեցություն է ունեցել և կունենա այս ընտրություների անցկացման օրինականության և արդյունքների վրա:
 

Ի դեպ, նմանատիպ պայմաններում, 2018թ.-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նորից չի անդրադարձել Վարչապետի նույն պաշտոնակատարի հակասահմանադրական գործունեությանը, որակելով  այն «տակտիկական հրաժարական»:

 4. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՔՊ կուսակցության առաջնորդին, ՀՀ նախկին Վարչապետին՝ կամք դրսևորել և հրաժարվել իշխանության ենթադրյալ յուրացման գայթակղությունից հնարավորություն տալով  սույն ընտրութունները  մտցնել օրինական գործընթաց;
- ՀՀ Նախագահին, ԱԺ խոսնակին և խմբակցությունների ղեկավարներին՝ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու ՔՊ կուսակցության առաջնորդի, ՀՀ նախկին Վարչապետի  ենթադրյալ ապօրիի գործունեությունը ընտրական գործընթացներում;
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության ղեկավարին՝ հանդես գալ հայտարարությամբ և պարզաբանել  ՀՀ սահմանադրական կարգի հանդեպ  դրսևորած  արհամարհանքը, ինչը էական ազդեցություն  ունի ընտրությունների անցկացման և կունենա նրա արդյունքների վրա;
- ԿԸՀ-ին՝ ղեկավարվել և կատարել ՀՀ օրենսդրական  պահանջները  ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում, դիմումների վերաբերյալ  ողջամիտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ;
- Գլխավոր  դատախազությանը՝ ղեկավարվել Քր.Օր. 154.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներով և անդրադառնալ ընտրությունների նշանակումից հետո կատարված ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված հաղորդումներին:
- Ընտրությունների բոլոր մասնակիցներին  համախմբվել ընտրությունների օրինականության գործնական ապահովման շուրջ:

ԸՕՎՀՀ